ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ
Կարծեմ կորեացի բանաստեղծ Կիմ Սան Յոնն է գրել. «Լռես` հիմարի տեղ են դնում, խոսես` շաղակրատի»: Կարեւորն այստեղ մեջբերման` բնագրի հետ ուղղակի հարազատությունը չէ, այլ այն, որ կամա-ակամա հայտնվել ենք դիլեմաների առաջ:
ԶԼՄ-ներում ու մամուլի սրահներում տարակարծիք քննարկման թեմա է դարձել` Հայաստանի կողմից ճիշտը Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը ճանաչելն է, թե՞ ոչ: Եվ այդ համատեքստում` ԼՂՀ-ն ճանաչելը ներկա փուլում արդարացվա՞ծ քայլ կլինի:
Ռուսական ազդեցության տարածքում գտնվող որեւէ երկիր ցայտնոտություն չի դրսեւորում. կամ սպասողական դիտում են իրադարձությունների ընթացքը, կամ էլ անմիջապես արձագանքում դրանց, ինչպես, օրինակ, Ուկրաինան: Եթե հիշում ենք, ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն օրեր առաջ ակնարկել էր, որ Ռուսաստանը հակված չէ իր գործողություններում ԱՊՀ մյուս երկրների անվերապահ աջակցությունն ունենալու, նկատի առնելով Վրաստանի հետ այդ պետությունների ունեցած հարաբերության նրբությունները: Դա գնահատելի ժեստ էր Ռուսաստանի կողմից, քանզի այլ պարագայում, հատկապես Վրաստանին անմիջապես սահմանակից երկրների համար, քաղաքական դիսկոմֆորտ կառաջանար: Եվ նույնիսկ Մոսկվայից հնչած կոչը Հարավային Օսիայի ու Աբխազիայի սուվերենությունը ճանաչելու վերաբերյալ, դարձյալ ուղղակի պարտավորություն չի տալիս հապշտապ որոշումներ կայացնելու: Անգամ Բելառուսը այս հարցում տակտիկական լռություն է պահպանում, իսկ Ադրբեջանի զգուշավորությունն արդեն իսկ հայերիս համար շնչառությունը պահելու առիթ է: Ինչ մնում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի մակարդակով արված հայտարարությանը Վրաստանի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին, ապա դա «թույլատրելիության» սահմաններում է արված: Ավելին ասել պաշտոնական Բաքուն առայժմ չի կարող: Նաեւ մտահոգություն է հնչում` հանկարծ Հայաստանի սխալ դիրքորոշումից նեղացած Վրաստանը լրիվ չփակի՞ կենսատար ուղիները, նոր պայթեցումներ չլինե՞ն Հայաստան տանող երկաթուղային ճանապարհներին... Հայաստանի այսօրվա հավասարակշիռ պահվածքից անկախ դա հիմա էլ մասամբ տեղի է ունենում: Ժամանակի միջով առաջ նայենք հնարավոր մի տարբերակով` նատոյական դարձած Վրաստանը ռուսամետ Հայաստանի առջեւ միշտ դռնբաց կլինի՞: Այս գլուխկոտրուկը դարձյալ հանգում է ղարաբաղյան հիմնախնդրի չարչրկված փաստին:
Նոր զարգացումներն առիթ են տալիս խորհելու` արդյոք Ռուսաստան-Արեւմուտք աճող սառնության պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խումբը նախկին համերաշխությամբ կշարունակի՞ համագործակցել: Խնդիրը ոչ միայն միջնորդների գործունեության արդյունավետության, այլեւ, առհասարակ, դրա նպատակամետության մեջ է: Ադրբեջանցի քաղաքագետները կասկածանքով են նայում 16-ամյա միջնորդական առաքելության հեռանկարին: Գուցե ադրբեջանցիների տեսանկյունից Մինսկի խումբը ցրելը շահեկան է, չէ՞ որ նրանք քանիցս փորձել են հիմնախնդրի քննարկումը տեղափոխել Միավորված ազգերի կազմակերպություն: Ներկա իրողություններում վիճակը նման է դառնում պղտուր ջրում ձուկ որսալուն: Դա գուցե թե Ադրբեջանի տարերքն է, բայց հայերն, ինչպես միշտ, սիրում են մաքուր ջրերը:
Մենք անհանգստացած ենք մեր խնդրով, իսկ ահա Եվրոմիությունում տագնապի փող են հնչեցնում, ըստ Կուշների հայտարարության, թե Կովկասից հետո Ռուսաստանը աչք կտնկի Մոլդովայի ու Ուկրաինայի վրա` ի դեմս Մերձդնեստրի եւ Ղրիմի: Ինչպես ասում են` աչքը տեսածից է վախենում: Մինչդեռ Ռուսաստանը հավաստիացնում է, որ ավելի հեռուն գնացող մտադրություններ չունի, եւ երեւի թե հավատարիմ մնա իր հավաստիացմանը, եթե նույն Եվրոպան չդրդի նրան: Բայց անհամոզիչ է նաեւ, թե գործի դրված ռազմաքաղաքական ծանր մեքենան կարող է ինքնարգելակվել: Ուղղությունը ներկա դեպքում դեպի հարավ է, որտեղ չլուծված հակամարտություն կա:
ԼՂՀ ուղղակի ռեակցիան կովկասյան իրադարձություններին` կարող է բացատրություն ունենալ` նրա կարգավիճակը, մեղմ արտահայտությամբ, ճանաչված չէ: Վերջին տասնօրյակում, ի վկայումն այն բանի, որ Ղարաբաղի համար օրախնդիր է մնում տարածաշրջանում ստեղծված կացության մտահոգությունը, ԼՂՀ նախագահի մոտ տեղի է ունեցել անվտանգության խնդիրներին նվիրված երկու խորհրդակցություն: Իսկ երեկ Բակո Սահակյանը շնորհավորանքի ուղերձներ է հղել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի նախագահներին, որոնցում խաղաղություն եւ բարեկեցություն է մաղթել բախտակից ժողովուրդներին: Հետեւանքներն, անշուշտ, տարբեր կլինեն, եթե նույնը անի Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը:
Զգուշավորությունն այս դեպքում հապաղում չէ, այլ լռելու եւ շաղակրատելու միջեւ անհրաժեշտ պահվածք: Իրադարձությունները տարածաշրջանում այնքան արագ են զարգանում, որ, հավանական, է բարձրաձայնելու իսկական ժամը սպասվածից անհամեմատ շուտ կգա: