Այսօր Նալչիկում մեկնարկում է շախմատի աշխարհի կանանց առաջնությունը: Շախմատային թագը վիճարկող 64 շախմատիստուհիների թվում Հայաստանը ներկայացնում է գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը: Մասնակիցների թվում է նաեւ ԱՄՆ ներկայացնող Կատերինե Ռոհանյանը: Մրցաշարն անցկացվելու է նոկաուտ համակարգով: Յուրաքանչյուր փուլում վիճակահանությամբ մասնակիցները զույգեր կկազմեն եւ 2 պարտիայից բաղկացած մրցախաղում կորոշեն հաղթողին: Հավասար արդյունքի դեպքում նրանց միջեւ լրացուցիչ մրցախաղ կանցկացվի արագ շախմատի կանոններով, իսկ հարկ եղած դեպքում շախմատիստուհիները հաղթողին կորոշեն կայծակնային մրցախաղում:
Նշենք, որ աշխարհի առաջնությանը չեն մասնակցի վրաց շախմատիստուհիները, որոնց Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն արգելել է հանդես գալ իրենց ոչ բարեկամ երկրում` Ռուսաստանում: ՖԻԴԵ-ն այդ հարցով բանակցություններ էր վարում վրացական կողմի հետ, սակայն դրանք ոչ մի արդյունք չտվեցին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ