Թեեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը դեռեւս չի արձագանքել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերին, սակայն թուրքական մամուլի հրապարակումներն ու Անկարայի պատրաստվածությունը մեծացնում են հրավերի ընդունման հավանականությունը: Մամուլի առումով հատկանշականը «Հյուրիեթի» օգոստոսի 28-ի հրապարակումն է, որտեղ հոդվածագիրը կարծիք է հայտնում, որ երբեմն խաչաձեւվում են սպորտն ու արտաքին քաղաքականությունըՙ որքան էլ դրանք տարբեր ոլորտներ լինեն:
Ապա նա ավելացնում է. «Դրա ամենացայտուն օրինակը չինական սեղանի թենիսի թիմի Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ԱՄն կատարած այցելությունն էր, որը համարվելով Վաշինգտոնում Կոմունիստական Չինաստանի ճանաչման ուղղությամբ կատարված «առաջին քայլը», պատմության մեջ հիշատակվում է որպես «սեղանի թենիսի դիվանագիտություն»: Դրա մեկ այլ օրինակին կարող են ականատես լինել խնդրահարույց երկու հարեւաններըՙ Թուրքիան եւ Հայաստանը: Ֆուտբոլային հանդիպման համար Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Երեւան հրավիրեց թուրք պաշտոնակցին: Արտգործնախարարությունն արդեն նախագահ Գյուլին է ներկայացրել Երեւան գնալու «պլյուսների եւ մինուսների» վերաբերյալ զեկուցագիրը: Վերջնական որոշման համար սպասում են Գյուլի պատասխանին: Միեւնույն ժամանակ նաեւ պատրաստություն են տեսնում հատկապես անվտանգության վերաբերյալ: Շաբաթվա վերջին ենթադրաբար երեւան կգործուղվի անվտանգության հատուկ ծառայությունների 10-15 հոգանոց պատվիրակությունը: Այդ առումով արտգործնախարարությունը դիմել է Երեւանի վարչակարգին: Թուրքիան այս շփումները որպես կանոն իրականացնում է Վրաստանում թուրքական դեսպանատան միջոցով, սակայն «արտակարգ» իրավիճակում դիմում է նաեւ Ստամբուլում Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության հայաստանյան ներկայացուցչին»:
Նույն օրվա համարում «Հյուրիեթին» լրացնում է Նյու Յորքի «Turkishny.com» կայքէջը, նշելով, որ Երեւան գործուղվող անվտանգության ծառայությունների պատվիրակությունն իրականում «հակահարձակման թիմն» է, որն այնտեղ հայ գործընկերների հետ կքննարկի անվտանգության միջոցառումների մանրամասնությունները, «Հրազդան» մարզադաշտում նախագահ Գյուլի անվտանգությունը կապահովեն նրա անմիջական թիկնապահներն ու այս թիմի 15 անդամները, որոնց ընտրում են անվտանգության գլխավոր վարչության հատուկ նշանակության բաժնի 950 աշխատակիցներից, իսկ տեղանքինն ու երթուղունըՙ Երեւանի ոստիկանությունը:
Ըստ վերոհիշյալ կայքէջի, թեեւ Գյուլն ասել է, որ գնալ-չգնալու հարցում դեռեւս որոշում չի կայացրել, սակայն Անկարայի անդրկուլիսներում, հիմք ընդունելով այն, որ մինչեւ օրս չի մերժվել Հայաստանի հրավերը, մեծ են համարում Թուրքիայի նախագահի Երեւան գնալու հավանականությունը:
Հ. ՉԱՔՐՅԱՆ