«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2008-08-28 | #156, 2008-08-29 | #157, 2008-08-30


ՎՐԱՑ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻԱՅՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուս-ամերիկյան խաղիկները` վրացական թեմատիկայի շուրջը

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Վրաստանը խզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ` պահպանելով միայն հյուպատոսությունը: Երեկ նման հայտարարություն է տարածել Վրաստանի արտգործնախարարությունը, պարզաբանմամբ, որ այսուհետեւ ինչպես Վրաստանի ընդգրկուն ներկայացուցչությունը Ռուսաստանում, այնպես էլ Ռուսաստանի ներկայացվածությունը Վրաստանում կսահմանափակվեն միայն հյուպատոսական աշխատանքներով, առանց մինչ այդ իրականացված քաղաքական գործունեության:

Ռուսաստանի արտգործնախարարությունն էլ, իր հերթին, հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզման դեպքում որեւէ պատասխանատվություն չի կրում, այլ այն ամբողջությամբ ընկնում է վրացական կողմի վրա: Ռուսական կողմի պարզաբանմամբ, առանց դիվանագիտական հարաբերությունների «դժվարություններ կառաջանան միմյանց տեսակետները դիմացինին հասցնելու հարցերում», բայց այդօրինակ հարաբերությունների խզման դեպքում, ըստ ՌԴ արտգործնախարարության, ընտրությունը չի լինի Ռուսաստանինը, ուստիեւ չի լինի նաեւ այդ որոշման համար պատասխանատվություն:

Մյուս կողմից, շարունակվում է տարբեր երկրների տարբեր մակարդակի գերատեսչությունների հայտարարությունների հոսքը, որ մտահոգություն ու դժգոհություն արտահայտող եվրոպական կառույցների հայտարարություններից բովանդակությամբ ու արտահայտչաձեւերով չի տարբերվում:

Ամեն դեպքում, քայլերում ու հայտարարություններում նոր որակներ դրսեւորելու հակված Ֆրանսիան երեկ, Միացյալ Նահանգների հետ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առաջարկել է Վրաստան, մասնավորապես հարավօսական հակամարտության գոտի ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկել` պարզելու վերջին իրադարձությունների հանգամանքներն ու փաստերը, մասնավորեցնելով հենց մարդու իրավունքների խախտման հարցերի շրջանակը: Ռուսաստանը այս առաջարկությանն, ի դեմս ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի, տեղեկացրել է, որ որեւէ հետաքննության անհրաժեշտություն չի տեսնում, հատկապես, որ, ըստ Չուրկինի, փաստերն ակնհայտ են:

Ամերիկյան թեմատիկայի շարունակության կտրվածքով էլ, յուրօրինակ ու առավելապես իրենց նախընտրական քարոզարշավի շրջանակներում տարաբնույթ հայտարարություններով են հանդես գալիս նաեւ Միացյալ Նահանգների նախագահացուները, ընդ որում` չմոռանալով փնովել մյուսի ընտրած ռազմավարության հեռանկարայնությունը: Իսկ ԱՄՆ գործող նախագահի գործողությունների ու հայտարարությունների պատասխանը բնավ էլ ոչ խոսքերի մակարդակում է տվել Ռուսաստանը, այլ հավային «Բուշի տոտիկների» ուղղությամբ: Մասնավորապես, «ՌԻԱ նովոստի» գործակալության փոխանցմամբ, սեպտեմբերի 1-ից մատակարարների ցանկից հանվում են 19 ամերիկյան ընկերություններ, որ Ռուսաստան հավի միս էին ներկրում: Այս մասին դեռեւս նախորդ օրը հայտարարել էր ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Թեեւ այս գործողության հետ մեկտեղ ռուսական կողմը պնդում է, թե հարցը չի առնչվում Վրաստանի խնդրում ԱՄՆ դիրքորոշմանը, դժվար թե հավի մսի մատակարարների հարցը դրվեր հենց այս պահին:

Այս ամենին զուգահեռ Վրաստանի կառավարական պատվիրակությունը մեկնում է Բրյուսել Եվրոմիության լիդերների հետ հանդիպմանը սեպտեմբերի 1-ին, Թբիլիսին ավելի ուշ` սեպտեմբերի 4-ին կհյուրընկալի ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնիին, հաջորդ շաբաթվա ընթացքում հարավկովկասյան երկրներում, այդ թվում` Վրաստանում կլինի նաեւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը:

Առավել հետաքրքրական են «ռազմական ավարներին» առնչվող քննարկումներն ու ձգձգումները: Մասնավորապես, Ռուսաստանի գլխավոր շտաբը հայտարարել է, որ չի պատրաստվում ամերիկյան կողմին վերադարձնել վրացական Փոթի քաղաքում օգոստոսի 18-ին վերցված 5 ամերիկյան «Համմերները», որ այդտեղ էին ուսումնական նպատակներով: ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ Անատոլի Նոգովիցինը, ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է, թե «ռուս զինվորականները «հետաքրքրական շատ բան» են գտել այդ մեքենաների մեջ ու շարունակում են աշխատել այդ ուղղությամբ»:

Ամերիկյան լրատվամիջոցներն էլ տեղեկացնում են, թե ամերիկյան կողմը պատրաստվում է 540 հզ ԱՄՆ դոլարի հաշիվ ներկայացնել ռուսներին, եթե ամերիկյան մեքենաները չվերադարձվեն: Ինչպես ասում են, յուրաքանչյուրի հումորը սեփական կարողություններից ավելին չի կարող վերարտադրել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4