Մարտի 1-2-ի դեպքերը քննող հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը երեկ առաջին անգամ կոշտացել էր եւ դժգոհություն հայտնեց հանձնաժողովի հետ աշխատող պետական ատյաններից մեկից` ոստիկանութունից, որ հանձնաժողովի հարցադրումներին ըստ էության չի արձագանքել: Որպեսզի հանձնաժողովականներն ու ներկա լրագրողները լավ պատկերացնեն, թե ինչի մասին է խոսքը, նա կարդաց ոստիկանությանն ուղղված հարցադրումները:
Ոստիկաններից հանձնաժողովը հետաքրքրվել է, թե 2008-ի մարտի 1-2-ի առավոտյան իրադարձությունների մասնակից ոստիկաններից ո՞ւմ ի՞նչ զենք կամ հատուկ միջոց է ամրակցվել, խնդրել է տրամադրել անվանական ցուցակն ամբողջությամբ, ամեն տեսակ` իր համարանիշով, բացի այդ` կիրառված զենքերից յուրաքանչյուրից քանի՞ փամփուշտ է կրակվել: Սրանք այն կարեւոր հարցումներն են, որոնք հանձնաժողովին թույլ կտան իրենց առջեւ դրված խնդիրները պարզաբանել: Ոստիկանությունից պատասխանել են, թե տվյալ տեղեկությունները տրամադրվել են հատուկ քննչական ծառայությանը, ոստիկանության ծառայողական քննության արդյունքները նույնպես այդ ծառայությանն են տրված, նրանցից էլ հանձնաժողովը կարող է սպառիչ պատասխան ստանալ: «Այս պատասխանը համարժե՞ք է մեր հարցադրմանը», հարցրեց Ս. Նիկոյանը` «Ոչ» պատասխանը ստանալով հանձնաժողովականներից Նաիրա Զոհրաբյանից: Իսկ արդյոք ցուցարարների վրա կրակ բացելու հրաման տրվե՞լ է, եթե այո` ո՞ւմ կողմից, ինչ իրավական հիմքերով, ինչո՞վ է պայմանավորված զենք կիրառելու անխուսափելիությունը: Պատասխանում նշված է, թե ցուցարարների վրա կրակ բացելու հրաման որեւէ մեկը չի տվել: Հատուկ միջոցների ճիշտ կամ սխալ կիրառման մասին հարցը, ինչպես նաեւ «Չերյոմուխա» հատուկ միջոցի կիրառման կարգի եւ տեխնիկական բնութագրի մասին տեղեկատվություն տրամադրելու պահանջի պատասխանը. «Հատուկ միջոցների ճիշտ գործադրման դեպքում մարդկային զոհերի բացառման կամ հնարավորության հարցը քննարկվում է հատուկ քննչական ծառայությունում նախաքննության շրջանակներում, եւ լիարժեք պատասխանը կստացվի նախաքննության ավարտից հետո: Հատուկ միջոցների օգտագործման հետ կապված խնդիրներն ուսումնասիրելու նպատակով նախաքննության մարմնի կողմից մասնագետ են ճանաչվել համապատասխան անձինք եւ նշված հարցի սպառիչ պատասխանը կարող եք ստանալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից»: Ամբողջական տեսագրություններ ուղարկելու հանձնաժողովի պահանջին ոստիկանությունից պատասխանել են, թե այլ տեսագրություն չունեն (մինչ այդ ուղարկել էին 2 րոպեանոց խղճուկ տեսանյութ):
Ս. Նիկոյանը նկատեց, որ հանձնաժողովը գործելու երկու ամիս ունի ընդամենը, եւ պետք է այդ ժամանակում ամենակարեւոր հարցերի պատասխանը ստանա, իսկ նման պատասխաններով հանձնաժողովը չի կարող իր առջեւ դրված խնդիրները կատարել. «Առաջին անգամ ես իմ դժգոհությունն եմ հայտնում պետական մարմնի աշխատանքից, սա մեզ չի բավարարում»: Հարցերը հանձնաժողովը վերաուղղելու է ոստիկանությանը: Դատախազություն նամակն ուղարկվել է օգոստոսի 20-ին, դեռ պատասխանը չի ստացվել, մասնավորապես հանձնաժողովին հետաքրքրում է սպանությունների հանգամանքներն ու իրականացնողների անձը, սպանվածների գործողությունները մինչեւ մահանալը, իրավական գնահատականը եւ այլն: Ճշտվե՞լ է արդյոք սպանության գործիքների եւ հատուկ միջոցների պատկանելությունը, ի՞նչ քննչական գործողություններ են իրականացվել, հատուկ միջոցների կիրառման համաչափությունն ու իրավաչափությունը, ինչպիսի՞ բացահայտումներ կան. Դատախազության պատասխանը դեռ չի ստացվել:
Արդեն ժամանակն է, որ հանձնաժողովը ներկայացնի մինչեւ այժմ արված աշխատանքի արդյունքը, սակայն պարզվում է, որ դեռ բազմաթիվ հարցերի պատասխաններ, դեռեւս միայն մարտի 1-ի վաղ առավոտյան «Ազատության» հրապարակում տեղի ունեցածի մասին պետական ատյանները չեն օգնում հանձնաժողովին բացահայտել: Ի դեպ` հանձնաժողովի աշխատանքին մասնակցող Արամ Հարությունյանն առաջարկեց այս մասին բարձրաձայնել ԱԺ առաջին նիստի կառավարության հետ հարց ու պատասխանում, որպեսզի վարչապետը տեղյակ լինի գերատեսչություններից մեկի աշխատաոճին:
Երկար ժամանակ ժամանակավոր հանձնաժողովի անդամները բացասաբար էին վերաբերվում եվրոկառույցների եւ մասնավորապես` մարդու իրավունքների հանձնակատարի կողմից առաջարկվող անկախ փաստահավաք խումբ ստեղծելու առաջարկին, բայց երեկ Ս. Նիկոյանն առաջարկեց անկախ մասնագիտական խումբ ստեղծել, հավասարակշռված անկախ մասնագետներով, որոնք փաստահավաք գործ կանեն, եւ աշխատանքի արդյունքները կներկայացնեն հանձնաժողովին, որն էլ դրա արդյունքում քաղաքական գնահատական կտա:
Երեկ հանձնաժողով էր հրավիրվել առողջապահության նախարարության փորձաքննության գիտագործնական կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանը, որը տեղեկություններ տվեց 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում վնասվածքներ ստացածների եւ զոհվածների մահվան հանգամանքների դատաբժշկական փորձաքննության արդյունքների վերաբերյալ:
Կատարվել են ամբուլատոր եւ ստացիոնար փորձաքննություններ, ամբուլատոր փորձաքննություն են անցել 125, ստացիոնար` 140 հոգի: Փորձաքննողների եւ ոստիկանների ներկայացրած թվերի մեջ որոշ տարբերություն կա, ինչը Շ. Վարդանյանը բացատրեց նրանով, որ փորձաքննությունը շարունակվում է ընթանալ: Կատարվել է 10 դիակի փորձաքննություն, որից 8-ը կատարվել է մարտի 1-2-ի օրերին, 2-ը հետագայում` 40-45 օր հետո են մահացել:
Ոստիկաններից բուժօգնության դիմել են 111 հոգի, 93-ը` բութ առարկայով են վերք ստացել` 12-ը նրանցից նվազ ծանր մարմնական վնասվածք, 31-ըՙ թեթեւ քայքայող մարմնական վնասվածք, 50-ըՙ վնասվածքներ: Քաղաքացիներից 1-ը ծանր մարմնական վնասվածք է ստացել բութ գործիքով, 1-ը` նվազ ծանր, 5-ը` թեթեւ քայքայող, եւ 5-ը` թեթեւ:
Ստացիոնար բուժում անցնողներից 87-ն են վնասվածքներով եղել:
Հանձնաժողովական Ա. Շահբազյանը հետաքրքրվեց «Հայկական ժամանակ» թերթում տպագրված զոհված քաղաքացիներից Սամվել Հարությունյանի մահվան հանգամանքների վերաբերյալ, Շ. Վարդանյանը վկայեց միայն գանգուղեղային վնասվածքի մասին, այդ վնասվածքով Ս. Հարությունյանը մարտի 1-ին, ժամը 22.10-ին ընդունվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ «ՀԺ»-ում ասվող կապտուկները նրա վրա չեն եղել:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ