«Աշխարհի մեջ մեն-մենակ ենք: Բավական է այդ մենակությունը, որ մեր թուլությունը զրահ եւ պողպատ հագնի»:
Զ. Անդրանիկ, Կարին, 1918 թ.
Որքան իմաստություն եւ խորհուրդ կա հերոսի պատգամի մեջ: Եվ այսօր էլ հերոսի վերոհիշյալ միտքը եւ բազում այլ ասույթները պետք է ուղղորդում լինեն մեր ղեկավարներին եւ համայն հայ ժողովրդին` ի մի գալու եւ ազգովին խելամիտ դիմագրավելու արտաքին ճնշումները...
Զորավարի հիշատակի օրը հարկ ենք համարում անդրադառնալու հերոսի մի պատգամին, որի իրականացման համար որեւէ բարդություն չենք տեսնում, բացի բարի կամեցողությունից եւ պրոֆեսիոնալ մոտեցումից:
Հայտնի է, որ Զորավարը, երբ հարկադրյալ հեռանում էր հայրենիքից, իր մոտ եղած ողջ գումարը` 60 հազար ռուսական ոսկին հանձնում է Գեւորգ Ե կաթողիկոսին, պատգամելով 45 հազարով հոգալ Էջմիածնում ծվարած գաղթականների հոգսերը, 15 հազարն էլ պահել անկախ Հայաստանի հրապարակներից մեկում իր հետ ոսոխի դեմ տասնամյակներ մաքառած, կռիվներում զոհված անգերեզման զինվորների հիշատակին հուշարձան կառուցելու նպատակով (ինչպիսի երախտագիտություն եւ հեռատեսություն...)
«Զորավար Անդրանիկ» հայոց համազգային միության անունից արդեն մի քանի տարի է, ինչ դիմել ենք Երեւանի քաղաքապետարան, Ս. Էջմիածին, հայտնելով, որ ունենք արժեքավոր հուշարձան եւ առաջարկում-խնդրում ենք, որ այն տեղադրվի Երեւանում կամ Էջմիածնի վանքի տարածքում, սակայն առ այսօր առաջարկը իրականացմանն է սպասում:
«Զորավար Անդրանիկ» միությունը նորից է հայտնում, որ 18 տարիներ խնամքով պահպանված մեծարժեք հուշարձանը արժանի է, որ տեղադրվի Զորավարի արժանավոր զինվորների հիշատակին: Մեր միության նախագահության անդամների (մասնավորապես մտավորականներ) համոզված կարծիքն է, որ նշված հուշարձանի համար հարմարավետ տեղ է Զորավար Անդրանիկի ձիարձան-հուշարձանի եւ Ս. Գ. Լուսավորիչ եկեղեցու միջանկյալ տարածքը: Այդ քայլով վերջ կդրվի հիշյալ հուշարձանի եւ եկեղեցու միջանկյալ տարածքի աղբաշատ եւ անխնամ վիճակին, եւ ինչպես շատ երկրներում (մասնավորապես Բուլղարիայում), Երեւանում նույնպես կկայանա անցյալի ազատագրական պայքարի մարտիկների` ֆիդայիների պուրակ: Շնորհակալություն հայտնելով
«Ազգ» օրաթերթին Զորավարի հիշատակի օրերին միշտ աչալուրջ լինելու համար, հայտնում եմ նաեւ Զորավարի համակիրներին, որ օգոստոսի 31-ին ժամը 10.30 Եռաբլուրում խնկարկվելու է Զորավարի աճյունը... Հավերժ փառք հերոսների հերոս Զորավար Անդրանիկին:
ՆՈՐԱՅՐ ՄՈՒՇԵՂՅԱՆ, «Զորավար Անդրանիկ» միության նախագահ