Հանրակրթության ոլորտում 2004-ից իրականացվող տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման ծրագրում հանրապետության 1467 դպրոցներից առայժմ ընդգրկված չեն 411-ը: Մասնակցության այդպիսի բարձր տոկոս է գրանցվել այն պարզ պատճառով, որ բոլոր դպրոցները հնարավորություն են ստացել համակարգիչներ ձեռք բերելու արտոնյալ պայմաններով, վճարելով գումարի ընդամենը 30 տոկոսը, այն էլՙ մեկ տարվա ընթացքում, 3 փուլով: «Համակարգիչները ձեռք են բերվում միջազգային մրցույթով, որին մասնակցող ընկերությունները դրանք առաջարկում են բարձր որակով եւ ցածր գնով, քանի որ հենց իրենք են վճարում գումարի մի մասը: Այժմ ընթացքի մեջ է ծրագրի 4-րդ փուլը եւ սեպտեմբեր-հոկտեմբերին համակարգիչները կհասնեն Երեւանի եւ մարզերի դպրոցներ: Միջնակարգ դպրոցներից բացի ծրագրին մասնակցում են նաեւ մասնավոր եւ հատուկ դպրոցներ, արհեստագործական ուսումնարաններ: Ֆինանսական սուղ վիճակում գտնվող դպրոցներն ամեն տարի ստանում են նվիրատվություններ: Այդ դպրոցների ցանկը կազմվում է նախարարի հրամանովՙ մարզային կրթության վարչությունների հաղորդած տվյալների հիման վրա: Այս տարի նվիրատվություն կստանա 53 դպրոց, իսկ ընդհանուր առմամբ, ծրագրի ընթացքում դրանց թիվը հասել է 200-ի: Առաջիկայում նախատեսում ենք պայմանագրեր կնքել մոտ 150 դպրոցների հետ, որոնք համակարգչային սարքավորումներ կստանան մյուս տարիՙ ծրագրի վերջին փուլում», ասում է ՏՀՏ բաղադրիչի մասնագետ Ժաննա Անդրեասյանը:
Դպրոցների համակարգչայնացումն իրականացվում է «Կրթության որակ եւ համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակներում ստեղծված համակարգիչների շրջանառու համակարգի միջոցով: Տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման բաղադրիչի ղեկավար Նունե Ոսկանյանը չափազանց կարեւոր է համարում, որ համակարգչայնացմամբ դպրոցներում կստեղծվեն ռեսուրս կենտրոններ, այսինքնՙ համակարգչային գիտելիքները կօգտագործվեն տարբեր առարկաների դասավանդման ժամանակ, լրացուցիչ նյութեր ձեռք կբերվեն ինտերնետից: «Անշուշտ, համակարգիչների քանակը դպրոցներում նույնը չէ, որոշիչ դեր ունեն դպրոցի տեղը, աշակերտների քանակը, նյութական միջոցները: Ուրախալի է, որ համակարգչային սարքավորումների թիվը տարեցտարի ավելանում է, եւ հասնում ենք այն նպատակակետին, որ համակարգիչը դասապրոցեսում գործածվում է որպես ուսուցման գործիք», ասում է նա, տեղեկացնելով, որ ամերիկյան կառավարության աջակցությամբ իրականացվող «Փրոջեկտ հարմոնի» ծրագրով ստեղծված համադպրոցական ցանցի մեջ ներգրավված 330 դպրոցին շուտով կմիանա եւս 320 դպրոցՙ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի վարկային ծրագրերի շնորհիվ: Հետագայում դրանց թիվը կավելանա եւ համադպրոցական ցանցում կներգրավվեն հանրապետության բոլոր դպրոցները: Էլեկտրոնային կրթության միջավայր ստեղծելու նպատակով արդեն գործում է www.edu. am կայքէջըՙ լրացվող ուսումնական նյութերով, ֆորումներով:
Հատուկ ուշադրություն է հատկացվում համակարգչային ուսումնական ծրագրերի մշակմանը. արդեն դպրոցներ է ուղարկվել հայոց լեզվի դասավանդման համակարգչային ծրագիրըՙ 7-9-րդ դասարանների համար, մշակման փուլում է հանրահաշիվ եւ երկրաչափություն առարկաների ծրագիրը, մրցույթ է հայտարարվել օտար լեզուների ծրագրերի մշակման համար: Այս փուլում այլ ծրագրեր չեն մշակվի, մյուս առարկաների դասավանդման համար կօգտագործվեն «Բաց հասարակության» ինստիտուտի օժանդակությամբ ստեղծված քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա առարկաների ծրագրերը, որ դպրոցներին անվճար տրամադրում է կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը:
Համակարգչային ուսումնական ծրագրեր ստեղծելով, փորձ է արվում դասաժամերը աշակերտների համար գրավիչ դարձնել խաղի միջոցով: Առանձին քննության նյութ է, թե այդ ծրագրերն ի՞նչ ներգործություն կունենան կրթության որակի վրա, իմացության ի՞նչ մակարդակ կապահովեն: Առայժմ գոհացուցիչ է, որ ստեղծվել է վերահսկող աշխատանքային խումբ, կատարվել է ուսումնասիրություն, որի արդյունքներն ուսանելի կլինեն ծրագրի հետագա փուլերի համար: Տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների օգտագործման կարեւորությունը, ըստ նշյալ արդյունքների, գիտակցում են բոլորըՙ թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները, պարզապես դպրոցների մոտ 90 տոկոսը կարիք ունի լրացուցիչ համակարգչային սարքավորումների, 50 տոկոսըՙ սարքավորումները տեղադրելու լրացուցիչ տարածքի, իսկ 74 տոկոսըՙ օժանդակ միջոցների: Հարցված ուսուցիչների 42 տոկոսը համակարգչային ուսումնական ծրագրերի արդյունավետությունը համարել է ոչ այնքան գոհացուցիչ: Տեղեկատվական տեխնոլոգիաները դեռ չեն դարձել ուսումնամեթոդական կարեւոր բաղադրիչ, այլ դիտվում են որպես լրացուցիչ միջոցներ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ծրագրում մասնակցության ցածր տոկոս ունեն հատկապես սոցիալապես անապահով համայնքները, գյուղերըՙ ամենացածր տոկոսը գրանցվել է Վայոց ձորում եւ Արմավիրում: Ֆինանսականի հետ նվազ նշանակություն չունեն նաեւ տեղեկատվական հասարակություն ունենալու կարեւորության գիտակցումը, դպրոցների տնօրենների շահագրգիռ մոտեցումը:
«Ծրագրի ավարտին կունենանք ավելի ռեալ նկարագիր, հիմա գյուղական դպրոցներ կան, որոնք ընդհանրապես համակարգիչ չունեն կամ շատ քիչ ունեն: Ծրագրի առաջին 4 փուլերը կավարտվեն եկող տարի, իսկ հետագա նախագծերը կորոշվեն այս տարվա աշնանըՙ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների այցից հետո», հավելում է Նունե Ոսկանյանը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ