«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2008-08-28 | #156, 2008-08-29 | #157, 2008-08-30


«ՄԱՐԳԱՐԵԻ» ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՈՒԺԸ

Համաշխարհային գրականության մեջ կան բազմաթիվ ստեղծագործողներ, ովքեր հիասթափվելով իրական կյանքի անարդարություններից ու ամեն քայլափոխի հանդիպող անբարոյականությունից, մարդու փրկության ելքը ներկայացրել են հավատի մեջ: Այդպիսի ստեղծագործողներից է լիբանանյան պոեզիայի ամենահայտնի դեմքերից Ժբրան Խալիլ Ժբրանը:

Նոր ժամանակաշրջանի աստվածաշունչ, այսպես են բազմաթիվ գրականագետներ ներկայացնում Ժբրանի «Մարգարեն» պոեմը: Կյանքի ընթացքում Ժբրանը սիրում ու անընդհատ ընթերցում էր Աստվածաշունչը, հատկապես Ավետարանները, որոնց առակները նախատիպեր են արձել բազմաթիվ ստեղծագործությունների համար: Իրեն համարում էր «Աստվածաշնչյան բանաստեղծ» եւ հավատում էր մարդկային հոգու անմահությանն ու տիեզերական սիրուն:

«Մարգարեն» պոեմը գրվել է տարիների ընթացքում: Գրքի ստեղծման գաղափարի մասին իր գրառումներում Ժբրանն ակնարկում էր դեռեւս 1915-1916 թթ:

Ի սկզբանե ծրագրված էր, որ գիրքը պետք է լինի եռահատոր: Առաջին մասում` «Մարգարեն», Ժբրանն անդրադառնալու էր մարդ-մարդ հարաբերությանը, երկրորդում` ներկայացնելու էր մարդ-բնություն կապն, իսկ երրորդ մասում խոսելու էր մարդ-աստված առնչության մասին: Սակայն շուտով բանաստեղծը հրաժարվում է նախնական ծրագրից: Բազմաթիվ գրականագետներ նշում են, որ Ժբրանը հրաժարվեց իր մտադրություններից «Մարգարեի» հրատարակությունից հետո (1923թ. Նյու Յորք): Լույս ընծայումից հետո գրքի մասին նյույորքյան մամուլում ընդամենը մի քանի գրախոսական գրվեց ու հատուկ ուշադրության չարժանացավ: Շատերը «Մարգարեի» ծնունդը որակեցին աննշան ու անհետեւանք իրադարձություն: Թերեւս դա էլ հիասթափեցրեց բանաստեղծին: Միակ մարդը, որ հավատում էր գրքի հաջողությանը Մերի Հասկելն էր` Ժբրանի հովանավորն ու համախոհը: Նա անդադար կրկնում էր, թե «Գիրքը կդառնա անգլալեզու գրականության գանձերից մեկը: Այն անսպառ է բոլոր սերունդների համար եւ ընթերցողների հասունանալուն զուգահեռ ավելի ու ավելի մեծ սեր կվայելի»: Տարիներ անց Հեսկելի կանխատեսումներն իրականացան: «Մարգարեն» թարգմանվել է աշխարհի տասնյակ լեզուներով, վաճառվել է գրքի ավելի քան մեկ միլիոն օրինակ եւ ընդգրկված է աշխարհի ամենից շատ ընթերցվող գրքերի ցուցակում:

Գրքի սկզբում իր աքսորավայր կղզուց մարգարեն պատրաստվում է մեկնել եւ այդ ընթացքում իր իմաստուն խորհուրդներն է տալիս ունկնդիրներին: Նկատի ունենալով Ժբրանի վաղ շրջանի արաբերեն ստեղծագործություններն ու լիբանանյան հասարակության խիստ քննադատությունները եւ Ժբրանի հարկադրված հեռացումը Լիբանանից` գրքում երբեմն զուգահեռներ են տարվել հեղինակի եւ հերոսի միջեւ: Ժբրանը բազմիցս շեշտել է, որ մարգարեն ինքը չէ, սակայն ճշմարտությունը պետք է փնտրել այլ դիրքորոշման մեջ: Ժբրանի պոեզիայի երկրպագուներն ու գիտակները նշում են, թե մարգարեի` Ալմուսթաֆայի կերպարում միաձուլված են բանաստեղծի մետաֆիզիկական հայրենիքի իղձը, նրա կարոտախտն ու հայրենաբաղձությունը:

Երեւանում անցկացվող լիբանանական մշակույթի շաբաթվա ընթացքում, երեկ Գրողների միությունում տեղի ունեցավ Ժբրան Խալիլ Ժբրանին նվիրված հուշ ցերեկույթ եւ «Մարգարե» գրքի արեւելահայերեն թարգմանության շնորհանդեսը:

«Առանձնահատուկ ստեղծագործություն է, թե՛ մարդու փիլիսոփայության, թե՛ մարդ, բնություն ու տիեզերք կապի առումով: Դեռեւս անցյալ դարի կեսերին պոեմը թարգմանվել է արեւմտահայերեն: Անցյալ տարի էլ լիբանանի դեսպանատան նախաձեռնությամբ ու աջակցությամբ «Մարգարեն» փոխադրվեց արեւելահայերեն, ինչի շնորհիվ մեր թարգմանչական գրականությունը հարստացավ եւս մեկ հրաշալի գործով», գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը:

«Ժողովրդին հավերժացնում է հավատն ու մշակույթը: Այս երկու չափորոշիչները հատուկ են հայ ժողովրդի էությանը: Դուք ունեք ձեր լեզուն, մշակույթը, ազգային պարն ու երաժշտությունը եւ առանձնանում եք, որպես բազմադարյան մշակույթ կրող ազգ: Հրաշալի առիթ է, որպեսզի մեր երկու բարեկամ ազգերի դարավոր կապն ավելի ամրանա», միջոցառման ընթացքում ներկաներին ողջունեց Հայաստանում լիբանանի դեսպան Ջիբրայիլ Ջիարան:

Լեւոն Անանյանը նաեւ հավելեց, թե մոտ ապագայում ՀԳՄ-ն կազմակերպելու է բազմաթիվ միջոցառումներ` հայ ընթերցողներին լիբանանյան գրականության լավագույն գործերին ծանոթացնելու նպատակով: Մինչեւ տարեվերջ լույս կտեսնի լիբանանյան գրականության յոթ նշանավոր բանաստեղծների անթոլոգիան, իսկ հաջորդ տարի կհրատարակվի ավելի քան քառասունհինգ անուն ժամանակակից լիբանանյան բանաստեղծների քնարերգական հավաքածուն:

«Երկու տարի առաջ Երեւանում բացվեց Ժբրան Խալիլ Ժբրանի արձանը: Նախատեսված է, որ շուտով Բեյրութում բացվելու է հայ մեծ քնարերգակ Ավետիք Իսահակյանի արձանը: Սա նույնպես բարեկամության եւ մշակութային երկխոսության գեղեցիկ դրսեւորում է: 2009-ին նախատեսել ենք Հայաստանում անցկացնել լիբանանյան գրականության օրեր: Լիբանանյան մշակույթի հետ բանակցություններ ենք վարում, որպեսզի մեր գրողների խմբերն այցելեն, հանդիպումներ կազմակերպեն լիբանանցի ընթերցողների հետ: 2010 թ. էլ Բեյրութում կկազմակերպենք ժամանակակից հայ քնարերգության փառատոն», եզրափակեց Լեւոն Անանյանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4