Մարկոսն առնվազն երեք տարի հավաքականում չի խաղա
Սեպտեմբերի 6-ին Թուրքիայի հավաքականի հետ հանդիպումով Հայաստանի ազգային հավաքականը կսկսի ֆուտբոլի աշխարհի 2010-ի առաջնության ընտրական մրցաշարը: Չորս օր անց մեր ընտրանին կհյուրընկալվի Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականին: Պատասխանատու այդ հանդիպումների նախապատրաստությունը ՀՀ հավաքականը կսկսի սեպտեմբերի 1-իցՙ ուսումնամարզական հավաք անցկացնելով Երեւանում: Այդ հանդիպումներին նախապատրաստվելու նպատակով ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենն ուսումնամարզական հավաքի է հրավիրել 25 ֆուտբոլիստի: Նրանցից 16-ը լեգեոնականներ են, 5-ը ներկայացնում են «Փյունիկը», 2-ական ֆուտբոլիստ էլ հրավիրվել են «Արարատից» ու «Բանանցից»: Վնասվածքի պատճառով բացակայում է «Արարատի» ավագ Արթուր Մինասյանը, որը հուլիսի 31-ին Շվեյցարիայում տեղի «Բելինցոնայի» հետ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության պատասխան խաղում վնասել էր ոտքը: Հրավիրված ֆուտբոլիստների թվում չէ նաեւ «Արարատի» բրազիլացի հարձակվող, առաջնության լավագույն ռմբարկու Մարկոսը, որն այս տարվա մայիսին Մոլդովայի հավաքականի հետ ընկերական խաղում նորամուտը մեր ընտրանում նշել էր գոլով: Նրա բացակայության պատճառն այլ է: Բանն այն է, որ վերջերս ՖԻՖԱ-ն նոր որոշում է կայացրել, ըստ որի ֆուտբոլիստին թույլատրվում է այլ երկրի ազգային հավաքականում հանդես գալ միայն հինգ տարի այդ երկրում բնակվելու դեպքում: Նախկինում գործող կարգի համաձայն այդ թույլտվությունը տրվում էր 2 տարի բնակվելու դեպքում: Ինչ խոսք, շատ ցավալի է, որ Մարկոսն առնվազն երեք տարի չի կարողանա հանդես գալ ՀՀ հավաքականում, որը գոլային պահերն օգտագործող, ռմբարկուի հատկանիշներ ունեցող ֆուտբոլիստների կարիք է զգում:
Ներկայացնում ենք ուսումնամարզական հավաքի հրավիրված ֆուտբոլիստների ցանկը:
Դարպասապահներՙ Ռոման Բերեզովսկի («Խիմկի», Ռուսաստան), Գեւորգ Կասպարով («Ուլիս»), Գրիգոր Մելիքսեթյան («Փյունիկ»):
Պաշտպաններ` Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»), Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա), Կարեն Դոխոյան («Փյունիկ»), Ալեքսանդր Թադեւոսյան («Վիտեբսկ», Բելառուս), Աղվան Մկրտչյան («Գոմել», Բելառուս), Հրայր Մկոյան («Արարատ»), Հովհաննես Գրիգորյան («Բանանց»), Վահագն Մինասյան («Արարատ»):
Կիսապաշտպաններ` Արարատ Առաքելյան («Մետալուրգ», Ուկրաինա), Լեւոն Փաչաջյան (ԳԱԻՍ, Շվեդիա), Արթուր Ոսկանյան («Վիտեբսկ», Բելառուս), Ռոմիկ Խաչատրյան («Բանանց»), Արտավազդ Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա), Կարեն Ալեքսանյան («Տորպեդո», Ժոդինո, Բելառուս), Արթուր Եդիգարյան («Փյունիկ»), Համլետ Մխիթարյան («Ռահահան», Իրան):
Հարձակվողներ` Էդգար Մանուչարյան («Այաքս», Հոլանդիա), Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»), Սամվել Մելքոնյան («Մետալուրգ», Ուկրաինա), Արա Հակոբյան («Գոմել», Բելառուս), Արման Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա), Ռոբերտ Զեբելյան («Բալթիկա», Ռուսաստան):
Թուրքիայի հավաքականի հետ «Հրազդան» մարզադաշտում կայանալիք ընտրական հանդիպումը ահռելի հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն հայաստանցի ֆուտբոլասերների շրջանում: Ըստ որոշ տեղեկությունների, սպասվում է ֆուտբոլասերների մեծ հոսք Թուրքիայից, թեեւ առայժմ պաշտոնական տվյալներ չկան թուրք երկրպագուների թվաքանակի մասին: Խաղը Երեւանում դիտելու ցանկություն են հայտնել նաեւ արտերկրի մեր շատ հայրենակիցներ: Բնականաբար, ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիան միջոցներ է ձեռնարկել թուրք ֆուտբոլասերներին տոմսերով ապահովելու համարՙ նրանց հատկացնելով տրիբունայի առանձին հատվածներ: Նախորդ հանդիպումների համեմատ, այս անգամ «Հրազդանի» մուտքի տոմսերի գինը բավական բարձր էՙ 3, 5, 7 եւ 10 հազար դրամ: Դրանց մեծ մասն արդեն սպառվել է եւ տոմսարկղերում հիմնականում մնացել են 10 հազար դրամանոց տոմսեր:
Կասկածից վեր է, որ «Հրազդան» մարզադաշտը սեպտեմբերի 6-ին լեփ-լեցուն է լինելու: Թուրքերի նկատմամբ մեր երիտասարդական հավաքականի վերջերս տոնած հաղթանակն ավելի է ոգեւորել թե՛ մարզասերներին, թե՛ ֆուտբոլիստներին: Թեեւ Թուրքիայի հավաքականը բավական լավ տպավորություն թողեց Եվրոպայի առաջնությունումՙ արժանանալով բրոնզե մեդալների, սակայն դա չի խանգարում մեր ֆուտբոլասերներին լինել լավատես ու հայ ֆուտբոլիստներից հաղթանակ ակնկալել:
Բավական երկարատեւ ընդմիջումից հետո ՀՀ հավաքականը կրկին հանդես է գալու «Հրազդանում», որտեղ մեր ընտրանին 1992-ի հոկտեմբերի 14-ին իր անդրանիկ խաղն էր անցկացրել մոլդովացիների հետ (0-0): Հենց «Հրազդանում» են մեր ֆուտբոլիստները բացել հավաքականի գոլերի հաշիվը: 1994-ի հուլիսի 16-ին անդրանիկ գոլի հեղինակ է դարձել Արսեն Ավետիսյանըՙ գրավելով Մալթայի հավաքականի դարպասը: Այս մարզադաշտում են մեր ֆուտբոլիստները նորամուտը նշել աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերումՙ 1996-ի օգոստոսի 31-ին ոչ-ոքի (0-0) խաղալով Պորտուգալիայի ընտրանու հետ: Վերջին հանդիպումը «Հրազդանում» մեր հավաքականն անցկացրել է 2000-ի ապրիլի 26-ին Վրաստանի ընտրանու դեմ: Ընկերական այդ խաղում դարպասները մնացին անառիկ: Դրանից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մրցասպարեզը դարձավ վերակառուցված «Հանրապետական» մարզադաշտը: Եվ ահա 8 տարի անց «Հրազդանը» կրկին իր հյուրընկալ դռներն է բացում Հայաստանի ազգային հավաքականի առջեւ: Թող որ վերադարձը հարազատ մարզադաշտ պսակվի հաջողությամբ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ