«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2008-08-29 | #157, 2008-08-30 | #158, 2008-09-02


«ԹՈՂ ԲԱՐԻ ԼԻՆԻ ԳՆԱԼԸ»

Ասում է վարչապետ Էրդողանը եւ ավելացնում. «Մեծարգո Գյուլի հետ Երեւան կմեկնի մեր արտգործնախարարը»

Օգոստոսի 30-ը դեռեւս Քեմալ Աթաթուրքի օրոք պետականորեն «հաղթանակի տոն» էր հռչակվել Թուրքիայում ի նշան 1921-ին Սաքարիայի ճակատամարտում հունական զորքերի դեմ տարած հաղթանակի: Այդ օրը շքեղ հանդիսություններ են կազմակերպվում երկրում, «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունում», ինչպես Թուրքիայի օտարերկրյա ներկայացուցչություններում: Հանդիսություններն ավարտվում են թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տված ընդունելությամբ, որին հրավիրվում են երկրի ղեկավարները, թուրքական զորքերի հրամանատարները, ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները, Թուրքիայում հավատարմագրված բարձրաստիճան դիվանագետները, միջազգային կազմակերպությունների, մամուլի ներկայացուցիչները, պաշտոնաթող գեներալներն ու նախարարները:

Այս տարվա ընդունելությունը Անկարայի «Գազի» սպայատանը կազմակերպեց թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Իլքեր Բաշբուղը, որն այդ լիազորությունները նախորդից` Յաշար Բույուքանըթից ստանձնել էր օգոստոսի 28-ին: Ընդունելության ընթացքում լրագրողները մի շարք հարցեր են ուղղել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նա «Թուրքիայի դեմ Ռուսաստանի ձեռնարկած տնտեսական պատժամիջոցների առնչությամբ» նկատի ունենալով ՌԴ արտգործնախարարի մոտալուտ այցը, ասել է. «Թող հարգարժան Լավրովը գա, նրա հետ այդ հարցերը կքննարկենք: Որոշ հարցերում իրավացի են նրանք, որոշներում էլ` մենք»:

«Սառը պատերազմի սկզբնավորման» վերաբերյալ հարցին Էրդողանը պատասխանել է. «Դրա սկզբնավորմանը չեմ ուզում հավատալ: Մեր բոլոր հանդիպումները նպատակամղված են սառը պատերազմի կանխարգելմանը: ԱՄՆ-ը մեր դաշնակիցն է, իսկ Ռուսաստանի Դաշնությունը` շատ լուրջ հարեւան է: Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները տնտեսական առումով դարձել են ավելի քան առանձնահատուկ: Մենք էներգիայի 2/3-րդն այնտեղից ենք ստանում: Մթության մեջ կմնանք: Դա բոլորը գիտեն: Միաժամանակ թուրք շինարարները լուրջ ներդրումներ են կատարել Ռուսաստանում: Այս ամենը չենք կարող անտեսել: Ինչո՞ւ արտահայտվեցինք «Կովկասի կայունության եւ համագործակցության» մասին: Ինչո՞ւ ասացինք, որ դրանում ներգրավված է Հայաստանը: Ինչո՞ւ ընդգրկեցինք Վրաստանին: Որովհետեւ մենք հիմք ենք ընդունել աշխարհագրական հենքը»:

Լրագրողները վարչապետ Էրդողանին միաժամանակ հարցրել են. «Ցանկանո՞ւմ եք, որ նախագահ Գյուլը Երեւան գնա», իսկ նա, թուրքական հանրային հեռուստատեսության վկայությամբ, բառացի պատասխանել է. «Ասում ենք` թող բարի լինի: Իր հետ է գնալու նաեւ մեր արտգործնախարարը, որ այնտեղ քննարկեն Հայաստանի մասնակցության հարցը: Բոլոր ժամանակներում կարգավորման համար ամենաիդեալական վայրը սեղանն է»:

Մասնակցության պարագայում Թուրքիայի վարչապետի խոսքը «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» մասին է: Հենց այդ հարցը քննարկելու համար օգոստոսի 29-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, իսկ օգոստոսի 31-ին Վրաստանի արտգործնախարար Իկա Թկեշելաշվիլին ուղեւորվել էին Թուրքիա: Հատկանշական է, որ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը Մամեդյարովին հյուրընկալել է Անկարայում, Թկեշելաշվիլուն` Ստամբուլում:

Անկարայի օդանավակայանում Մամեդյարովը թուրք լրագրողների առաջ Ադրբեջանը Վրաստանին կապող երկաթգծի գործունեությունը համարել է անբավարար եւ ասել է, որ լիարժեք չի գործում նաեւ երկրի արտահանության գլխավոր աղբյուրը` Բաքու-Ջեյհան նավթամուղը: Երբ լրագրողները հիշեցրել են նրան ադրբեջանական բնական գազի նկատմամբ Ռուսաստանի հավակնությունները, ընդգծելով, որ դրանք փաստորեն ի չիք են դարձնում Թուրքիայի համար կարեւոր նշանակություն ունեցող «Նաբուկո» նախագիծը, Մամեդյարովն ասել է. «Ռուսական կողմին դեռեւս չենք պատասխանել: Շարունակվում են բանակցությունները «Գազպրոմի» եւ Թուրքիայի էներգետիկայի նախարարի հետ: Սակայն սա առեւտրի եւ շահույթի խնդիր է»:

Փաստորեն, Մամեդյարովն ասել է, որ «Նաբուկոյի» հարցում Ադրբեջանը շահույթով է առաջնորդվելու: Այդ նույն պահին ադրբեջանական նավթային պետական ընկերություն` «Սոքարի» պատասխանատուն Ռոյթերին հայտարարել է, որ Բաքու-Ջեյհան նավթամուղի թուրքական հատվածում օգոստոսի 6-ին տեղի ունեցած պայթյունի, Բաքու-Սուփսա նավթատարի շահագործման ժամանակավորապես դադարեցման եւ Վրաստանի ապակայունացման պատճառով ադրբեջանական նավթը այս տարի առաքելու են Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով դեպի Ռուսաստան, այլ ոչ թե Թուրքիա: Այս ամենը Անկարայում հիմք է տվել մեկնաբանությունների, թե Բաքուն Թուրքիայի դեմ օգտագործում է նավթի եւ բնական գազի հաղթաթուղթը:

Բաբաջան-Մամեդյարով հանդիպմանը քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Հանդիպման ավարտին, երկար տատանումներից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը Երեւանում միասին դիտելու համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` թուրք պաշտոնակցին արած հրավերի վերաբերյալ հարցին Մամեդյարովը պատասխանել է. «Ես նախագահի կարգավիճակ չունեմ: Արտգործնախարար եմ: Այդ հարցը կորոշի ինքը` Թուրքիայի նախագահը, հետեւաբար այլ մեկնաբանություն չեմ տալու»: Նրա այս խոսքերն էլ, ինչպես օգոստոսի 30-ի համարում նշել էր «Զամանը», վերագրվել են Անկարա-Երեւան երկխոսությանը Բաքվի ցուցաբերած վերապահությանը:

Բաբաջանը մոտավորապես նույն հարցերն է քննարկել Վրաստանի արտգործնախարարի հետ, ինչ Մամեդյարովի հետ էր քննարկել: Ի տարբերություն Ադրբեջանի արտգործնախարարի, Իկա Թկեշելաշվիլու խոսքերն Անկարայում ավելորդ մեկնաբանությունների տեղիք չեն տվել: Ավելին, Բաբաջանը գոհունակությամբ է ընդգծել«Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» հարցին Վրաստանի կառուցողական մոտեցումը: Հանդիպման ավարտին Թուրքիայի արտգործնախարարը, պատասխանելով լրագրողներին, ասել է. «Գալիք շաբաթ Երեւան կմեկնի մեր նախարարության պատվիրակությունը, որտեղ նախՙ կքննարկվեն մեծարգո նախագահի երեւանյան այցին առնչվող որոշ խնդիրներ, ինչպես նաեւ հայ գործընկերներին կներկայացվեն պլատֆորմի վերաբերյալ մեր տեսակետները: Երբ զենքերը լռում են, գալիս է դիվանագիտության եւ քաղաքական երկխոսության ժամը»:

Տեղեկացնելով երեկվա համարում այս ամենի մասին, «Զամանը» միաժամանակ նշում է, որ Երեւան մեկնող պատվիրակությունը կազմավորվելու է Ալի Բաբաջանի ընտրությամբ:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4