«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2008-08-29 | #157, 2008-08-30 | #158, 2008-09-02


ԻՆՉՈ՞Ւ ՀԵՏԱՁԳՎԵՑ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՀԵՐԹԱԿԱՆ «ՎՃՌԱԿԱՆԸ»

ՀՀՇ-ի հերթական «վճռական» հանրահավաքի հետաձգումը մի շարք հարցականներ առաջացրեց: Գաղտնիք չէ, որ ՀՀՇ-ն կամ, ինչպես հիմա է կոչվում, Հայ ազգային կոնգրեսը, հանրահավաքները դիտարկում է որպես իր պայքարի գլխավոր զենք, մշտապես սպառնալիք ունենալով դրանք վերածել անկարգությունների եւ խռովությունների` ինչպես դա արեց մարտի 1-ին: Հետեւաբար, ինչո՞ւ այդքան հեշտությամբ հրաժարվեց այս անգամվա հանրահավաքից: Բացատրություններ փնտրել վերոնշյալ քաղաքական ուժի տարածած հայտարարության մեջ կարող են միայն ՀՀՇ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզչությամբ ոգեւորվածները: Հանրահավաքը հետաձգելու իրական պատճառներն, իհարկե, այլ են:

Եթե դիտարկենք ՀՀՇ-ի նախորդ հանրահավաքներին նախորդող շրջանը, ապա կտեսնենք, որ այդ ժամանակահատվածում ակտիվ քարոզչական գրոհ է սկսվումՙ մամուլի ակումբներում հանդես են գալիս տարբեր տրամաչափի ՀՀՇ-ական գործիչները, որոնցից յուրաքանչյուրը ձգտում է խորհրդավորության մթնոլորտ ստեղծել գալիք հանրահավաքի շուրջը: Դա, իհարկե, փորձված քաղաքական տեխնոլոգիա է եւ հիմնականում արդարացնում է իրեն: Միաժամանակ, ամեն անգամ հրապարակ է նետվում սպասվող հանրահավաքը հնարավորինս մարդաշատ դարձնելու մեկ հիմնական խայծ: Մի անգամ դա մի քանի ամիս հանրահավաքների բացակայությունից հետո առաջին հանրահավաքը լինելն է, երկրորդ անգամՙ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած դատախազական ինչ-որ գրություն, երրորդ անգամՙ կոնգրեսի ստեղծման հայտարարություն եւ այլն: Սրանք բոլորն էլ շատ հեռու են ռումբի պայթյունի ազդեցություն ունենալուց, բայց որոշակի ներգործություն ունենում են: ՀՀՇ-ի քարոզիչներին նաեւ դրանց շնորհիվ, որպես կանոն, հաջողվում է սպասվող հանրահավաքը այդ օրվա կամ օրերի քաղաքական կյանքի ամենահետաքրքրական իրադարձություն դարձնել: Եվ չնայած վերջին երեք հանրահավաքներին հիմնականում ներկա են լինում նույնՙ 10-20 հազար մասնակիցները, այնուամենայնիվ, հանրահավաքին նախորդող եւ հաջորդող օրերին այն ավելի մեծ արձագանք է ունենում, քան իր ունեցած նշանակությունն է:

Ակնհայտ էր, որ սեպտեմբերի 5-ի հանրահավաքը նույն կերպ չէր նախապատրաստվել: Ո՛չ ՀՀՇ-ական գործիչներն էին նույն օրը մի քանի տարբեր մամուլի ակումբների հյուրը եղել, ո՛չ անգամ ՀՀՇ-ական մամուլն էր առաջին էջում ազդարարում հերթական «հուժկու», «վճռական» կամ դեռ չհնչած «ահարկու» հանրահավաքի մասին: Չկար նաեւ ինչ-որ հիմնական թեմա, որին վերապահված լիներ «ռումբ» դառնալու դերը: Նման իրավիճակի առաջացմանը նպաստել էր տարածաշրջանում ստեղծված կացությունըՙ պատերազմական գործողությունները Վրաստանում: Ի՞նչ ավելի կարեւոր թեմա պետք է մտածեին ՀՀՇ-ի ղեկավարները, որ մթագներ հարավօսական հակամարտությունը: Դժվար է, իհարկե, ամեն անգամ ինչ-որ բան գտնել, որն ըստ էության ոչինչ է եւ ներկայացնել որպես շատ ցնցող փաստ կամ իրադարձություն: Ի վերջո, կարելի է մեկ, երկու կամ երեք անգամ հիմարացնել մարդկանց, բայց անընդհատ դա անելը խիստ դժվար է:

Հաջորդ խիստ աննպաստ իրադարձությունը, որն ակնհայտորեն խանգարում էր ՀՀՇ-ի հանրահավաքին ամենահետաքրքրական իրադարձությունը համարվելուն, սեպտեմբերի 6-ին նախատեսված Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումն է: Անգամ այս երկրների երիտասարդական հավաքականների հանդիպումը ցույց տվեց, թե որն է իսկապես ինքնաբուխ զանգվածային միջոցառումը, որին մի քանի տասնյակ հազար մարդ են մասնակցում, 2-3 անգամ գերազանցելով ՀՀՇ-իՙ շաբաթներ շարունակ քարոզվող հանրահավաքների մասնակիցների թվին: Այսինքն, անգամ եթե Հայաստան-Թուրքիա ազգային հավաքականների խաղը չունենար էլ քաղաքական երանգ, որն է Թուրքիայի նախագահի սպասվող այցը ի պատասխան Հայաստանի նախագահի հրավերին, ապա ամենակարեւոր միջոցառումն այդ օրերին լինելու էր այդ խաղը, այլ ոչ թե հանրահավաքը: Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումն էլ ավելի անկարեւոր էր դարձնելու արդեն շարքային դարձող հանրահավաքներից հերթականը: Վերոնշյալ հանգամանքները նկատի ունենալով, դժվար չէ ենթադրել, որ սեպտեմբերի 5-ի հանրահավաքը կարող էր վերածվել ընդամենը երկրորդական միջոցառման եւ դրանով իսկ ձախողվել: Հետեւաբար, հարկ էր հետաձգել հանրահավաքը եւ ավելի լավ նախապատրաստվել:

Սրանք են հանրահավաքը հետաձգելու իրական պատճառները, այլ ոչ թե աշխարհաքաղաքական «լարված ու նուրբ իրավիճակը», «մեր երկրի միջազգային վարկով մտահոգված լինելը» եւ նման խոսքեր պարունակող պատճառաբանությունները, որոնք նշված էին Հայ ազգային կոնգրեսի հայտարարության մեջ: Հետաքրքրական է, թե ինչո՞ւ մերօրյա բոլշեւիկները մեր երկրի միջազգային վարկով այդպես մտահոգված չէին զոհեր տված մարտի 1-ի անկարգությունները հրահրելիս, իսկ նրանց առաջնորդը փայլում էր ուրախությունից 2-3 օր հետո Սահմանադրական դատարանում: Ի դեպ, այդ օրերը մեր երկրի աշխարհաքաղաքական վիճակի համար ոչ պակաս «նուրբ» եւ «լարված» էին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրահրած ներքաղաքական իրավիճակից օգտվելով, ադրբեջանական կողմը հարձակում էր սկսել Լեռնային Ղարաբաղի վրա: Այդ օրերին ՀՀՇ-ն եւ նրա առաջնորդը պարզապես ցնծում էին «մեր երկրի միջազգային վարկին» իրենց հասցրած հարվածներով, իսկ երբ Եվրոխորհրդում էր քննարկվում Հայաստանին վերաբերվող բանաձեւը, ՀՀՇ-ական գործիչներից ոմանք կարեւորում էին եվրոպական այդ կառույցի կողմից մեր երկրի նկատմամբ սանկցիաների կիրառման անհրաժեշտությունըՙ ընդհուպ Հայաստանին ձայնի իրավունքից զրկելը:

Սակայն մեր երկրի վարկով «մտահոգվածների» ամենածիծաղելի արարքը Հայաստանի ֆուտբոլի հավաքականին հաղթանակ մաղթելու կոչի մեջ անգամ իրենց նախընտրական եւ հետընտրական «պայքար մինչեւ վերջ» եւ մյուս լոզունգները խցկելն է: Երեւի արժե հիշեցնել, որ իրենց իշխանության տարիներին, երբ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը նույն Լեւոն Տեր-Պետրոսյանի հարազատ եղբայրն էր, ինչպես մեր կյանքի մնացած ոլորտները, սպորտն ու մասնավորապես ֆուտբոլը նույնպես խոր անկում էին ապրում: Այն ժամանակ մեզ համար սովորական էին դարձել պարտությունները, իսկ վերջին տարիներին արձանագրված հաղթանակների հետ ՀՀՇ-ն որեւէ առնչություն չունի: Այդքանից հետո գոնե մեր ֆուտբոլիստներին ուղղված մաղթանքը զերծ պահեին իրենց կեղտոտ քաղաքական խաղից:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4