«Լինսի» ծրագրերի շրջանակներում Հայաստանի մարզերում եւ Երեւան քաղաքում իրականացված դպրոցաշինության ծրագրի համաձայն, 2007-ի փետրվարից սկիզբ առած Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 դպրոցի վերանորոգման շինարարական աշխատանքներն ավարտին են հասցվել 2008-ին, դպրոցի աշակերտները նոր ուսումնական տարին դիմավորեցին հիմնովին նորոգված շենքում:
Սեպտեմբերի մեկին դպրոցի բացման արարողությանը ներկա էին նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, փոխքաղաքապետ Կամո Արեյանը, կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը եւ այլ անձինք:
Գիտելիքի օրվան նվիրված իր շնորհավորանքի խոսքում Երեւանի քաղաքապետը նշեց, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ առաջիկա երկու տարում ամբողջովին կավարտվի մայրաքաղաքի բոլոր դպրոցների եւ մանկապարտեզների ջեռուցման համակարգերի ապահովման եւ ընդհանրապես կենսական անհրաժեշտության բոլոր ենթակառույցների, շենքերի արդիականացման ծրագիրը: Ավելացել են կապիտալ ներդրումները կրթության ոլորտում: Վերանորոգվել է 140 դպրոց, կառուցվել 148 կաթսայատուն, իսկ 2008-ին 202 հանրակրթական դպրոցներից կջեռուցվի 157-ը:
«Լինսի» հիմնադրամի դպրոցաշինություն ծրագրի շրջանակներում իրականացվող հանրակրթական դպրոցների վերակառուցումը, նոր մասնաշենքերի կառուցումը եւ համալրումը հայ մեծանուն բարերար, համազգային նշանակության բացառիկ ծառայությունների հեղինակ, ՀՀ Ազգային հերոս Քըրք Քըրքորյանի հերթական նախաձեռնություններից մեկն է: Նրա կարեւոր իրագործություններից է Երեւանի թիվ 194 դպրոցի շենքի շահագործման հանձնումը` ամբողջովին վերանորոգված եւ բոլորովին նոր տեսքով:
«Այս արդյունքների համար շնորհակալություն պետք է հայտնենք ծրագրերի կառավարման խորհրդին, ծրագրերի իրականացման գրասենյակի շինարարներին, «Լինսի» հիմնադրամի ամերիկյան գրասենյակի տնօրեն Հարութ Սասունյանին` նպատակային աշխատանքի համար, ովքեր ամբողջ պատասխանատվությամբ են գիտակցում Մեծ բարերարի ձեռնարկումների կարեւորությունը եւ ոգեւորությամբ նպատակին հասցնում բոլոր աշխատանքները», իր ելույթում նշեց քաղաքապետ Երվանդ Զախարյանը:
«Լինսի» ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Հրայր Սարգսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ դեռեւս 1959-ից չվերանորոգված թիվ 194 դպրոցի վրա ծախսվել է շուրջ 900 մլն դրամ. մեկ քառակուսի մետրի զուտ շինարարության համար ծախսվել է 107 հազար դրամ, իսկ գույքով ու բարեկարգումով, կաթսայատնով` 134 հազար դրամ: Ընդհանուր առմամբ, շինարարությունը տարվել է 6800 քառակուսի մետր տարածքում: Սկզբում դպրոցն ունեցել է 720 աշակերտական տեղ, իսկ այսօր` 960: Ըստ Հրայր Սարգսյանի, շենքը լիովին համապատասխանում է ժամանակակից պահանջներին եւ ամեն ինչ արվել է «Լինսի» հիմնադրամի հաշվին:
Վերջում, նախագահը բոլորի հետ շրջեց դպրոցի ներսում` տեսնելու աշխատանքների արդյունքները:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ