Անհնար է հաշվարկել, թե որքան հեռուն կարող է հասնել սեփական ազգի անտարբերությունը մշակութային արժեքների նկատմամբ:
Մի քանի օր առաջ խմբագրություն էր եկել Ախուրյանի անասնաբույժ Գեղամ Սիմոնյանն ու վրդովված պատմում էր, թե ինչպես են գյուղի միջնակարգ դպրոցի դիմացից գողացել Կոմիտասի արձանը:
«Մարմինը ծակծկել են, չորս կողմից ծռմռել: Աջ ձեռքը պոկել են, ձախի միայն երկու մատը թողել: Ասում են արձանը գողացել են, բորենու նման կրծոտել, կմախքն են հետ բերել, կանգնեցրել: Ինչ էՙ դպրոցը տեր ու տիրական չունի՞», հարցնում է նա, ու հավելում, թե ինչ վիճակում կգտնվեր մեր հոգեւոր երգն ու երաժշտությունն առանց Կոմիտասի:
«Էլ ինչո՞ւ ենք մեղադրում թուրքերին ու ազերիներին, որ գերեզմանաքարեր են պղծում, եկեղեցիներ ավերում: Մենք նրանցից ոչնչով հետ չենք մնում, երբ մի կամ երկու շիշ օղի լակելու համար սուրբ մարդու արձանն ենք առեւանգում: Ինչ է, գյուղապետը դպրոցի մոտով անցնելիս չի՞ նկատում Կոմիտասի խոշտանգված արձանը»:
Ի դեպ Էջմիածնում էլ շուտով հիմնահատակ կփլվի Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը, փլուզման հեռանկարից հեռու չէ նաեւ Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցը: Հետաքրքրական է` հայացքը ո՞ր կողմն է ուղղում Էջմիածնի քաղաքապետը այդ շինությունների կողքով անցնլիս...
Հ. Հ.