«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2008-08-29 | #157, 2008-08-30 | #158, 2008-09-02


ԹԵՄԱՊԱՏԿԱՆ «ԾԻԾԵՌՆԱԿՆ» ԱՍՈՒՄ Է ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՉ ԹԵ ԳՆԱՔ ԲԱՐՈՎ....

Արդեն յոթերորդ տարին է, որ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպս. Չուլջյանի նախաձեռնությամբ եւ անմիջական հսկողությամբ 5 հերթափոխով գործում է Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարը, որի գողտրիկ գրկում ամառային արձակուրդների ընթացքում անվճար հանգստանում են թեմի տարբեր բնակավայրերի անապահով ընտանիքներից 9-14 տարեկան շուրջ 1000 երեխաներ: Սրբազան հայրը միշտ նախանձախնդիր է եղել ճամբարականների հայեցի դաստիարակությանը եւ այդ նպատակով էլ ճամբարում միշտ աշխատել են գործիմաց, եկեղեցասեր մանկավարժներ:

Այս տարի ճամբարում հանգստացան Վանաձորի, Սպիտակի, Ալավերդու, Ստեփանավանի, Տաշիրի եւ հարակից գյուղերի, Թալինի, Հաղպատի, Օձունի, Արեւաշողի համայնքների երեխաները:

Ճամբարային ծրագիրը հագեցած էր ուխտագնացություններով, արշավներով, սպորտային տարբեր միջջոկատային խաղերով, վիկտորինաներով ու մրցույթներով` շաշկի, շախմատ, ֆուտբոլ, թենիս, լող, որոնց հաղթողները պարգեւատրվում էին նվերներով: Ճամբարականները մասնակցեցին նաեւ այլ խմբակների` հմուտ ձեռքեր, ասեղնագործության, շյուղագործության, նկարչության, երգի, պարի եւ կազմակերպեցին ցուցահանդեսներ ու մրցույթներ:

Յուրաքանչյուր կիրակի «Սրբոց մանկաց» մատուռում երեխաների համար մատուցվում էր Սուրբ Պատարագ եւ կնքված երեխաները հաղորդություն էին ընդունում: Այս տարի օգոստոսի 17-ին երեխաները մասնակից դարձան Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնի Սուրբ պատարագին եւ Խաղողօրհնեքի արարողությանը: Այդ օրը բոլոր Մարիամներին նվերներ բաժանվեցին: Ճամբարում նշվում եւ նվերներ էին տրվում այն երեխաներին, ում ծննդյան օրը զուգադիպում էր ճամբարում հանգստանալու օրերին: Յուրաքանչյուր հերթափոխի ավարտին կազմակերպվում էր հրաժեշտի խարույկ, որը ուղեկցվում էր մեծ տոնախմբությամբ եւ իր համերգային ծրագրով ելույթ էր ունենում Գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախումբը: Ամբողջ երեկո թեւածում էր երեխաների ուրախ երգն ու պարը: Երեխաները կազմակերպում էին համերգներ, թատերական ներկայացումներ, երեկոյան ժամերին` ուրախ ժամանց եւ «հեքիաթին հյուր»: Յուրաքանչյուր հերթափոխի կազմակերպած ուխտագնացությունը դեպի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի նման էր շքերթի, որն ուղեկցվում էր նվագախմբով: Եկեղեցում նրանք ստանում էին սրբազան հոր եւ քահանա հայրերի օրհնությունը:

Ճամբարում երեխաները հնարավորություն ունեցան մեծ էկրանով դիտելու ֆիլմեր եւ մուլտֆիլմեր: Ճամբարականները ժամանակ առ ժամանակ հյուրընկալում էին Վանաձորի տարբեր պարային խմբերի, Ֆրանսիայից ժամանած փողային նվագախմբին, սփյուռքահայ սկաուտական ջոկատներին: Հանդիպումներ ունեցան նաեւ թեմի հոգեւորականների հետ:

Այս տարի ճամբարի հետ համգործակցեցին «Վորլդ Վիժն» կազմակերպությունը, «Լոռու դպրոց» հիմնադրամը, Ալավերդու քաղաքապետարանը: Ճամբարային առօրյային իրենց գիտելիքներով եւ գործնական աշխատանքներով աջակցեցին նաեւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի մի խումբ ուսանողներ:

ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4