«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2008-08-29 | #157, 2008-08-30 | #158, 2008-09-02


ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Սեպտեմբերի 2-15-ը ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվելու է «Հայկական սպորտը Օսմանյան կայսրությունում» խորագրով ցուցադրությունը: Այն ներառում է շուրջ 70 լուսանկար, փաստաթղթեր, պարբերականներ, որոնք ներկայացնում են Օսմանյան կայսրությունում մինչեւ 1915 թ. հայկական մարզական ակումբների եւ ֆուտբոլային թիմերի կազմավորման պատմությունը:

Հայկական սպորտային ակումբները եւ մարզիկները նշանակալի ավանդ են ունեցել Օսմանյան կայսրությունում սպորտի զարգացման պատմության մեջ: Հայկական մարզական ակումբների թիվն ամբողջ Օսմանյան կայսրությունում մոտենում էր 100-ի: 1911-1914 թթ. Կոստանդնուպոլսում կազմակերպվեցին հայկական օլիմպիական խաղերը: 1911 թվականից մինչեւ 1914 թ. Շավարշ Քրիսյանի խմբագրությամբ լույս էր տեսնում «Մարմնամարզ» մարզական թերթը, որը, փաստորեն, կայսրության առաջին սպորտային պարբերականն էր:

1912 թ. ամռանը երկու հայ մարզիկներ` Վահրամ Փափազյանը եւ Մկրտիչ Մկրյանը, մասնակցեցին Ստոկհոլմում կայացած 5-րդ միջազգային օլիմպիական խաղերին` առաջին անգամ կայսրությունը ներկայացնելով օլիմպիադայում: 1915-1920 թթ. բազմաթիվ հայ մարզիկներ դարձան ցեղասպանության զոհ, հայկական սպորտային ակումբների մեծ մասը դադարեցին գործել:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4