«Պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է»
Հիրամ Ջոնսոն
Ամերիկացի հայտնի սենատոր Հիրամ Ջոնսոնի այս հայտարարությունը հրատապ է նաեւ այսօր, ամեն մի պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է: Հարավօսական պատերազմում մեկ անգամ եւս հաստատվեց այս օրինաչափությունը, այս պատերազմում առաջին հերթին գնդակահարվեց ճշմարտությունը, եւ նրանք, ովքեր բոլորից շատ էին ստում, բոլորից բարձր էլ բղավում էինՙ «բռնեցեք գողին»: Ժամանակակից պատերազմում քիչ է ռազմի դաշտում հաղթելը, շատ կարեւոր է նաեւ հաղթանակը լրատվամիջոցներում, որոնք եւս վերածվում են ռազմի դաշտի եւ որտեղ այդ ժամանակ բոլորից քիչ հարգվում է ճշմարտությունը, առաջին պլան են մղվում «տաք» նորություններ հաղորդող լրագրողները, որոնց թղթակցությունների մեծ մասը քիչ բան է արտահայտում իրականության մասին, կամ, եթե արտահայտում են, միայն խտացրած գույներով, որտեղ դժվար է ճշմարտությունը ստից տարբերել: Նման վայ լրագրողները որպես կանոն օգտագործում են ճշմարտանման մի փաստ եւ նրա շուրջը կառուցելով իրենց սուտը, փորձում են ցանկալին իրականության տեղ մատուցել: Նման գործընթացները պատահական չեն եւ չեն կազմակերպվում մեկ կամ երկու «վատ» լրագրողի կամքով, այս գործընթացների մեջ ներգրավված են լրատվական հսկայական, գերհզոր ընկերությունները, փաստորեն ստի տարածման համար աշխատում է մի ամբողջ ինդուստրիա` զանգվածային լրատվամիջոց անվան տակ: Այսինքն, սա մշակված քաղաքականություն է, որի նպատակը ոչ թե օբյեկտիվ իրողությունը հաղորդելն է, այլ քարոզչական պատերազմում շահելը: Այս փաստերին մենք ականատես եղանք թե՛ բալկանյան եւ թե՛ իրաքյան պատերազմների ժամանակ: Ցավոք, հարավօսական պատերազմը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ ազատ եւ անկախ մամուլ գոյություն չունի, այլ կան միայն այս կամ այն տերության քաղաքական շահերը սպասարկող լրատվամիջոցներ, որոնք, հատկապես ճգնաժամային պայմաններում, ծառայում են միայն սեփական երկրի ու կառավարության քաղաքական շահերին: Փաստորեն արեւմտյան մամուլի ազատությունը սին գաղափար է, ոչ մի եզր չունի իսկական ազատության, առավել եւս անկախության հետ: Այդ լրատվամիջոցներն ընդամենը արեւմտյան գերհզոր քաղաքակրթության գաղափարական մեքենաներն են, որոնք իրենց առջեւ «առաքելություն» են դրել ուրիշներին ազատություն եւ անկախություն, ապրելաձեւ եւ կառավարման համակարգ սովորեցնելու, երբ այդ քաղաքակրթության տարածածը մինչ օրս մնացած ողջ աշխարհին միայն ավեր, զոհեր ու տառապանքներ է բերում: Արեւմտյան արժեքային համակարգերը տարածելու փորձերն Աֆրիկայում, Ասիայում` Իրաքում կամ Աֆղանստանում, այդ երկրների ժողովուրդներին միայն քաոս, աղքատություն, սով եւ արյունահեղություն է բերել: Պարզ է մի բան, 21-րդ դարում աշխարհում չկան ազատ ու անկախ լրատվամիջոցներ, կան միայն քարոզչամեքենաներ, որոնք ծառայում են միայն աշխարհի հզորների քաղաքական շահերին եւ որտեղ ինչպես առանձին մարդը, այնպես էլ փոքր ազգերը եւ ժողովուրդները տեղ չունեն, իսկ եթե ունեն էլ, ապա միայն այս կամ այն տերության քաղաքական շահերի լուսանցքում:
Ճշմարտությունն առկա հակամարտությունների լուծման մասին
Հարավօսական բլիցկրիգը, որը փորձեց կատարել Թբիլիսին, սակայն ավելի լավ ստացվեց Մոսկվայինը, մեկ անգամ եւս ապացուցեց հին ճշմարտությունը` ազատություն հնարավոր է ձեռք բերել միայն զենքի ուժով, իսկ հակամարտությունները լուծվում են միայն ռազմի դաշտում, այլ ոչ թե բանակցություններով: Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունների լուծման համար տարիներ շարունակ ընթացող բանակցությունները, տարբեր ձեւաչափերով եւ տարբեր մակարդակներով, այդպես էլ ոչ մի արդյունքի չբերեցին, սակայն 5-օրյա պատերազմը լուծեց այդ հարցը: Այժմ այս պատերազմին կհաջորդի երկարատեւ բանակցությունների փուլը, որտեղ կողմերից մեկը կճանաչի այս պետությունները, մյուսներըՙ ոչ, սակայն անկախ դրանից պարզ է, որ այս գործընթացում որակական փոփոխություն է տեղի ունեցել եւ նույնիսկ մեկ պետության` Ռուսաստանի ճանաչումն իսկ բավական է, որ այս երկու պետություններն իրենց լիարժեք պետական միավոր զգան: Ի դեպ, երբ 2-րդ աշխարհամարտից հետո ձեւավորվեց Միավորված ազգերի կազմակերպությունը, աշխարհում 55 անկախ պետություններ գոյություն ունեին, այսօր դրանց թիվը 192 է: Այսինքնՙ ոչ ոք չի կարող պնդել, թե պետությունների ձեւավորման գործընթացը կանգ է առել եւ այլեւս անհնար է նոր պետությունների ստեղծումը: Մեկ ճշմարտություն եւսՙ Արեւմուտքը չի պատրաստվում ճանաչել Հարավային Օսիան եւ Աբխազիան ու ոչ թե այն պատճառով, որ դա չի ցանկանում Թբիլիսին, այլ որովհետեւ դա չի բխում իրենց քաղաքական ու ազգային շահերից: Այսինքնՙ այս կամ այն ժողովրդին անկախություն տալու եւ պետություն ունենալու իրավունքը որոշվում է ոչ թե այդ ժողովրդի ցանկությամբ կամ միջազգային օրենքներով, այլ տերությունների քաղաքական շահերով: Եթե դրանք համընկնում են, պետությունը ճանաչվում է, եթե ոչՙ ոչ: Այսինքնՙ Ղարաբաղի հարցի լուծման հարցում կարող ենք հանգել հետեւյալ ճշմարտության` այս հակամարտությունը չի լուծվի բանակցություների միջոցով, քանի տարի էլ դրանք տեւեն, ԼՂՀ-ի անկախությունը հնարավոր կլինի ճանաչել, միայն եթե համընկնեն մեծ տերությունների քաղաքական շահերը, ինչը տեսանելի ապագայում քիչ հավանական է, հետեւաբար սպասել, թե հանկարծակի տեղի կունենա Ղարաբաղի զանգվածային ճանաչում, անիմաստ է: Հաջորդ ճշմարտությունը` ղարաբաղյան հարցի բանակցությունները ընդամենը զինադադարը պաշտոնապես ձգելու տարբերակ են եւ նոր ղարաբաղյան պատերազմի նախերգանքը: Այսինքնՙ այսպես թե այնպես, ուզենք թե չուզենք, խուսափել նոր ղարաբաղյան բախումից չենք կարող: Ինչպես ասում էր Բիսմարկը, «պատերազմը հնարավոր է հետաձգել, սակայն խուսափել դրանից անհնար է»: Այնպես որ, վերջին ճշմարտությունը, Կովկասյան տարածաշրջանում որեւէ հարցի, առավել եւս հակամարտությունների լուծման միակ ու հիմնական ճանապարհը հզոր ռազմական բանակն է: Սա ոչ միայն խնդիրների լուծման, այլեւ խաղաղության պահպանման միակ միջոցն է ու մոտակա հարյուրամյակում դժվար թե նոր միջոց հայտնաբերվի:
Ճշմարտության եվրոպական տարբերակը
Ռուսական ներխուժումն ակտիվորեն դատապարտող Արեւմուտքն այդպես էլ իր մեջ քաջություն չգտավ դատապարտելու օսերի սպանությունը Ցխինվալում եւ մերձակա գյուղերում: Իսկ փաստ է, որ Սաակաշվիլու սանձազերծած արկածախնդրությանը զոհ է գնացել մոտ 2000 օս: Այսինքնՙ սա այն դեպքն է, երբ Արեւմուտքն այլեւս հարկ չի համարում «կեղծ» չեզոքություն պահպանել եւ փաստորեն աչք է փակում Հարավային Օսիայում էթնիկ սկզբունքով կատարված սպանությունների վրա: Արեւմտյան որոշ լրատվամիջոցներ օսերին անվանում էին «կեղտոտ անջատողականներ», որոնց, ըստ նույն արեւմտյան մամուլի տրամաբանության, հավանաբար կարելի է եւ սպանել, քանի որ նրանք «կեղտոտ են եւ անջատողական»: Հասկանալի է, որ Արեւմուտքի «մեծ սերը» վրացիների եւ ատելությունը օսերի նկատմամբ պայմանավորված են միայն այդ տերությունների քաղաքական շահերով, ինչպես ասում ենՙ անձնական ոչինչ չկա, «սա միայն բիզնես է»: Այսինքնՙ դեպքերի զարգացման որեւէ տարբերակում քաղաքական զարգացումների զոհ են դառնում փոքր ազգերը: Իսկ իրեն քաղաքակրթության օրրան համարող Արեւմուտքը, որը ողջ աշխարհին սովորեցնում է, թե ինչպես պետք է պաշտպանել մարդու իրավունքները, այդպես էլ իր մեջ ուժ չգտավ վեր կանգնելու իր նեղ շահերից եւ թեկուզ ձեւի համար մեկ հայտարարություն անելՙ դատապարտելով օս բնակչության դեմ կատարված զանգվածային ոճրագործությունը:
Հետեւաբար մեր հյուսիսային հարեւանի` Վրաստանի տարածքում տեղի ունեցած ողբերգության, օսերի ազատագրական պայքարի, վրացական հարձակման եւ ռուսական ներխուժման մասին հաղորդագրությունները ռուսական եւ արեւմտյան լրատվամիջոցները տարածում են միայն սեփական գրաքննությամբ անցկացնելուց հետո, այսինքնՙ տերությունների քաղաքական շահերի բախման ժամանակ առաջին զոհը, ինչպես եւ 1000 տարի առաջ, դառնում է ճշմարտությունը:
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ