ԱՄՆ-ի փոխնախագահ Դիկ Չեյնին Բաքու կատարելիք առաջիկա այցի ընթացքում քննարկելու է խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը, ԱՄՆ-ի աջակցությունն Ադրբեջանում ժողովրդավարության ամրապնդման ջանքերին եւ օրենքի գերակայությանը: Այդ մասին ասված է Սպիտակ տան վարչակազմի հաղորդագրության մեջ: Դրանում նշվում է, որ Բաքվում ԱՄՆ-ի փոխնախագահի հանդիպումներում հիմնական հարցերից մեկը կդառնա էներգետիկականը: Հաղորդագրության մեջ ասված է, թե ԱՄՆ-ը ցանկանում է օգնել Ադրբեջանին զարգացնելու էներգետիկական ռեսուրսները եւ դրանք հուսալիորեն հասցնել շուկա: «Դա համապատասխանում է ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ Եվրոպայի բոլոր երկրների շահերին: Ադրբեջանը մեծ հնարավորություններ է բացում ինչպես կասպիական տարածաշրջանից, այնպես էլ Կենտրոնական Ասիայից միջազգային շուկաներ էներգիայի լրացուցիչ աղբյուրներ հասցնելու համար», նշվում է հաղորդագրության մեջ: Ադրբեջան ԱՄՆ-ի փոխնախագահի այցը տեղի կունենա սեպտեմբերի 3-ինՙ հարավկովկասյան տարածաշրջան նրա շրջագայության շրջանակներում, հաղորդում է Արմենպրեսը: