«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2008-08-30 | #158, 2008-09-02 | #159, 2008-09-03


ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՈՒՄ ԵՆ ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻՆ

Մամուլի ազգային ակումբում երեկ հյուրընկալվել էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Ամփոփելով ընդունելության քննությունների արդյունքները` նա դժգոհություն հայտնեց դպրոցների տված գիտելիքներից: Ռեկտորի խոսքերով` վերջին ժամանակներում հետաքրքրությունը բնագիտական առարկաների նկատմամբ նվազել է, իսկ կենսաինֆորմատիկայի գծով ընդհանրապես հետաքրքրություն չկա: Բուհ ընդունվողներն այս տարի ավելի շատ նախընտրել են կենսաբանությունը: Մտահոգություն կա ինֆորմատիկայի, ֆիզիկայի ուղղությամբ, եւ ռեկտորը տեղեկացրեց, որ ինքը դիմել է կրթության եւ գիտության նախարարին` քննարկելու այս խնդիրները: Սիմոնյանի ներկայացրած տվյալներով, օրինակ` քիմիայի ֆակուլտետում 20 պլանային տեղի համար ընդունվել են 5 հոգի: Աշխարհագրական ու երկրաբանական ֆակուլտետները խնդիրներ չեն ունեցել:

Համալսարանն այսօր խիստ կարիք ունի հայոց լեզվի մասնագետների: Բանախոսի բնորոշմամբ` համալսարանը աղետի առաջ է կանգնած, եթե երիտասարդ կադրեր չաշխատեն համալսարանում:

Իսկ լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս պետք է ապրի երիտասարդ կադրը, երբ ընդամենը 70-80 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ռեկտորը նկատեց, որ 17-18 մլն դոլար բյուջե ունեցող ԵՊՀ-ն ամեն ինչ իր հնարավորությունների չափով է անում, եւ, եթե հնարավոր լիներ 1000 դրամ էլ ավելացնելու այդ աշխատավարձերին, ապա մեծ ցանկությամբ կգնար այդ քայլին: Բացի այս, Սիմոնյանը ասում է, որ պետբյուջեից ընդամենը 24 տոկոս գումար ստացող համալսարանը այն հիմնարկն է, որ նաեւ ուսանողների սոցիալական խնդիրներն է հոգում եւ պետությանն էլ հարկ է տալիս:

Ընդհանուր առմամբ, այս տարի ԵՊՀ ընդունված ուսանողների թիվը կազմել է 2692, 31-ով քիչ անցած տարվա համեմատ:

Ինչեւէ, ռեկտորը ճիշտ տարբերակ է համարում ընդունելության կենտրոնացված համակարգը եւ համեմատելով այս տարվա ընդունող հանձնաժողովի աշխատանքները անցած տարվա հետ` հայտնեց, որ արդյունքները գրեթե նույնն են:

Ն. Մ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4