«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2008-09-02 | #159, 2008-09-03 | #160, 2008-09-04


ԳՅՈՒԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼԸ ԴԵՌ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԻ ՉԷ

ՀՀ դեսպանների հավաք Երեւանում

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարը թերեւս կրկնուսույցի կարիք ունի, քանի որ երեկ տարբեր երկրներում Հայաստանի Հանրապետության դեսպանների հավաքից հետո Մոսկվա շտապող Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ հանդիպմանը չկարողացավ շնորհալի կրկնել այն, ինչ Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչման առնչությամբ տարածել էր ԱԳՆ մամլո խոսնակը` ժողովուրդների կամքի ազատ արտահայտման հիման վրա հակամարտությունների կարգավորման առնչությամբ: ԱԳ նախարարը անմիջապես չվերհիշեց ԱԳՆ հայտարարությունը, ավելին, անգամ այլ տերմիններ օգտագործեց:

Նալբանդյանը տեղեկացրեց, որ դեսպանների հավաքի ժամանակ անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին, ղարաբաղյան հարցի լուծման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, երկկողմ, բազմակողմ դիվանագիտության հարցերին եւ այլն: Քննարկել են նաեւ վարչական, օրենսդրական փոփոխություններին, ԱԳՆ կառուցվածքի փոփոխությանը, հյուպատոսական աշխատանքին առնչվող հարցեր:

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցելության առումով նախարարը նշեց, որ պաշտոնական հայտարարություն այդ մասին դեռեւս չկա, միայն ավելացրեց, որ Երեւանում նախագահ Գյուլի ուղերձը ՀՀ նախագահին է փոխանցել Թուրքիայի նախագահի հատուկ բանագնացը ու քննարկել սպասվելիք այցելության հարցեր:

Հայ-ռուսական «երգեցիկ» հարաբերություններ

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը դեսպանների հավաքից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, թեեւ այդ հարաբերությունների այդպիսին լինելը չի բացառում, որ քննարկվեն տարբեր հարցեր: Քիչ դժվար է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը, բայց նա այդուհետեւ հավելեց, որ այդպիսի քննարկումներ տեղի են ունենում Ռուսաստանում:

Սմբատյանը հարավօսական հակամարտության գոտում ռազմական գործողությունների զոհերի առնչությամբ ե՛ւ ռուսական, ե՛ւ վրացական կողմերին ցավակցություն հայտնեց, ընդգծելով, որ Հայաստանը ամեն ինչ պետք է անի խաղաղ հնարավորությամբ սեղանի շուրջը իրավիճակից ելք գտնելու հարցում որպես Ռուսաստանի ռազմավարական գործընկեր եւ որպես Վրաստանի հարեւան:

ԼՂ հարցում` հավասարակշիռ Եվրոմիություն

Ներկա դրությամբ Հայաստանի համար առաջնահերթություն է մնում եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրով նախատեսված քայլերի իրականացումը, քանի որ դա նաեւ համապատասխանում է Հայաստանի կառավարության ծրագրում ընդգրկված բարեփոխումներին: Բելգիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեջյանի խոսքերով, իր ներկայացրած տիրույթում երկրորդ խնդիր է Լեռնային Ղարաբաղի հարցին առնչվող Եվրոմիության մոտեցումների քաղաքականությունը:

Ըստ այդմ եւ ըստ դեսպանի, Եվրոմիությունը ղարաբաղյան հարցում հավասարակշռված քաղաքականություն է տանում` նշելով ինչպես տարածքային ամբողջականության, այնպես էլ ժողովուրդների ինքնորոշման իրավունքների կարեւորությունը: Որոշակի աշխատանքներ են տարվում նաեւ եվրոմիութենական շրջանակներում հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերի ուղղությամբ:

Մտահոգիչ լարվածություն տարածաշրջանում

Վրաստանի վերջին իրադարձությունները լրջորեն մտահոգում են Հայաստանին, քանի որ, ըստ այդ երկրում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանի , ապակայունացումը առաջացրել է մի շարք խնդիրներ Հայաստան մատակարարումների հարցում ու լրացուցիչ լարվածություն է մտցրել տարածաշրջանում:

Ցավակցելով օգոստոսյան իրադարձությունների զոհերին` Սիլվանյանը նշեց, որ Հարավային Օսիայում պատերազմական գործողությունների հենց սկզբից դեսպանությունը Թբիլիսիում ու գլխավոր հյուպատոսությունը Բաթումում հիմնել էին շուրջօրյա հերթապահություն: Համատեղ ջանքերով այդ օրերին Հայաստան են տեղափոխվել Աջարիայի ափերին հանգստացող ՀՀ հազարավոր քաղաքացիներ: Դեսպանի խոսքով, հնարավոր աջակցություն է ցուցաբերվել մասնավորապես վիզաների տրամադրման հարցում, նաեւ այն օտարերկրացիներին, որոնք այդ օրերին իրենց երկրներ են հեռացել Հայաստանի տարածքով:

Ըստ Սիլվանյանի, Հայաստանը մեծապես կարեւորում է տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը, եւ յուրաքանչյուր հարց հնարավոր է լուծել միայն խաղաղ ճանապարհով եւ բանակցությունների միջոցով:

Հայ-ղազախական տնտեսական համաժողով

Ղազախստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Վասիլի Ղազարյանը երեկ ներկայացրեց իր անելիքները, կարեւորեց Ղազախստան-Հայաստան հարաբերությունները, բոլոր ուղղություններով դրանց զարգացման անհրաժեշտությունը: Դեսպանը տեղեկացրեց, որ հոկտեմբերին այդ քայլերից նշանակալի կլինի Երեւանում հայ-ղազախական տնտեսական համաժողովի անցկացումը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4