«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2008-09-02 | #159, 2008-09-03 | #160, 2008-09-04


ՊԱՀԱՆՋԱՏԻՐԱԿԱՆ ԵԶԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Ըստ թուրքական «Զաման» թերթի օգոստոսի 23-ի համարում տպագրված Էրկան Յավուզի հոդվածի, Սիրիայի նախագահ Բաշար Էլ Ասադը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս կայացած հանդիպման ընթացքում իբր քննարկել են Օսմանյան կայսրության փլուզման հետեւանքով թուրք քաղաքացիների կորցրած հողային եւ այլ սեփականությունների վերադարձի հարցը: «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանն այդ առնչությամբ գրում է.


«Թուրքական վերոնշյալ թերթը նշում է, որ Թուրքիան այդ հարցով բանակցություններ է սկսել Իրաքի եւ Եգիպտոսի կառավարությունների հետ: Թուրքիան պնդում է, որ իր քաղաքացիները այդ երեք երկրներում ունեն ընդհանուր առմամբ 750 հազար ակր (1 ակր=0,4 հեկտար) հողային տարածքի պահանջ: Ըստ թուրքական աղբյուրների, Սիրիայի կառավարությունը առգրավել է իր քաղաքացիների հողային տարածքները, որպես հակազդեցություն 1966-ին Անկարան առգրավել է Թուրքիայում ապրող սիրիացիների ունեցվածքը: Երկար բանակցություններից հետո 1972-ին Թուրքիան եւ Սիրիան նախնական պայմանագիր են ստորագրել եւ համատեղ հանձնախումբ ստեղծել` քննարկելու եւ ճշգրտելու վիճելի սեփականությունների հարցը:

Ըստ «Զամանի», թուրք քաղաքացիները Սիրիայում 2411 տարածքային հայց ունեն, որոնցից 2108-ը այդ հանձնախմբի կողմից արդեն մտցված է գնահատման ցուցակի մեջ:

Հանձնախումբը, մյուս կողմից, իբր հաստատել է, որ թուրքերը 2534 անշարժ գույքի պահանջներ ունեն, որոնցից 250 հազար ակրը հողային, 1576-ըՙ շենքերի եւ 3.533.844-ը` սիրիական լիրայի տեսքով: Հայցերի որոշ մասը մերժել է սիրիական կառավարությունը, իսկ ավելի քան 700 հայցերի «կարգավիճակը» դեռեւս հնարավոր չի եղել որոշել:

Ըստ հոդվածագիր Յավուզի, Սիրիան իբր հաստատել է, որ թուրք քաղաքացիները Սիրիայում մոտ 250 հազար ակր հողային տարածք ունեն, ավելացնելով, որ նույնքան էլ տարածք սիրիացիները ունեն Թուրքիայում: Թուրքիան պնդում է, որ իր քաղաքացիների ունեցվածքը Սիրիայում առնվազն երկու անգամ ավելի է:

Թուրքիան նման խնդիր ունի նաեւ Իրաքի եւ Եգիպտոսի հետ: 1961-ին Իրաքն օրենք ընդունեց, որով թուրք քաղաքացիներին արգելում էր 1 շենքից եւ 1 աշխատավայրից ավելի սեփականություն ունենալ երկրում: Այդ ժամանակ էլ, ըստ «Զամանի», Իրաքը առգրավեց թուրքերին պատկանող մյուս բոլոր ունեցվածքները կամ դրանք վաճառելու հրաման արձակեց: 1985-ին երկու երկրները համաձայնեցին համապատասխան երկրներում ունեցվածքների պահանջ ներկայացնելու 5 տարվա ժամկետ նշանակել: Այդ ժամկետը երկու անգամ հետագայում երկարացվեց: Թուրքիան հողային պահանջների 87 հայտ ներկայացրեց, որից, ըստ տեղեկությունների, 53-ը ընդունել է Իրաքը: Ընդհանուր առմամբ Թուրքիան պնդում է, որ Իրաքում իր քաղաքացիներն ունեն մոտ 160 հազար ակր տարածությամբ հողամասեր, 150 շինություններ, 11 բարեգործական հիմնադրամներ, 2 միլիոնից ավելի իրաքյան դինար եւ 8 հազար ֆունտ ստեռլինգ: Իր հերթին Իրաքը պնդում է, որ իր քաղաքացիները Թուրքիայում ունեն 48 շինություններ եւ 11 հողամասեր: Ամերիկյան ներխուժումը վիժեցրեց հարցի կարգավորման ջանքերը:

Ինչ վերաբերում է Եգիպտոսին, 1982-ին պայմանագիր է ստորագրվել լուծելու նմանատիպ խնդիրները: «Զամանի» տվյալներով, թուրքերը 1590 հայց են ներկայացրել եւ իբր դրանցից 256-ին եգիպտական կառավարությունը հավանություն տվել է: Ավելին, Թուրքիան հավաստում է, որ Եգիպտոսը ընդունելով, որ 31 բարեգործական հիմնադրամներ պատկանում են թուրք քաղաքացիների, նրանց (72 հոգի) արդեն իսկ վճարել է ավելի քան 95 հազար դոլար:

Եթե «Զամանի» բերած այս բոլոր տվյալները համապատասխանում են ճշմարտությանը, ապա Սիրիայում, Իրաքում եւ Եգիպտոսում գործող հայկական կազմակերպություններն իրենց համապատասխան կառավարություններին դիմելով, պետք է օգտվեն առիթից եւ իրենց ունեցվածքների վերադարձման պահանջով հայցեր ներկայացնեն:

Այս խնդրի առավելությունն այն է, որ այդ երկրներում ապրող հայերը կարիք չունեն անձամբ դատարաններ դիմելու կամ փաստաբաններ վարձելու, քանի որ այդ երկրների կառավարություններն արդեն իսկ պետական մակարդակով բանակցություններ վարում են: Սա եզակի հնարավորություն է, որից նրանք կզրկվեն այդ երկրների միջեւ խնդիրները վերջնական լուծում ստանալուց հետո»:

Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4