«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2008-09-02 | #159, 2008-09-03 | #160, 2008-09-04


ԻՐԱՆԸ ՍՊԱՍՈՂԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ

Վերջերս Վրաստանում տեղի ունեցած դեպքերը ցնցեցին աշխարհը: Միջազգային մակարդակով «հարցեր լուծող» երկրները շտապեցին արտահայտել իրենց դիրքորոշումները տվյալ խնդրի վերաբերյալ եւ ներկայացնել հակամարտության հարթման բանաձեւեր: Ավելին, որոշ երկրներ, մասնավորապես Թուրքիան, հանդես եկան իրավիճակը կարգավորելու կոնկրետ առաջարկներով: Բնականաբար, ստեղծված իրադրությունում չէր կարող անմասն մնալ տարածաշրջանի այնպիսի հզոր երկիր, ինչպիսին Իրանի Իսլամական Հանրապետությունն է: Օգոստոսի 28-ին «Իրան նյուս» կառավարական թերթին տված հարցազրույցում Իրանի նախագահ Ահմադինեժադն արտահայտել է իր կարծիքը ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Մասնավորապես, նա ասել է. «Խնդիրը հրահրվել է դրսից, ինչը հետեւանք է Վրաստանի ղեկավարի գործողությունների: Մենք հավատացած ենք, որ տարածաշրջանի բնակչությունը կապրեր խաղաղ, եթե չլիներ դրսի ուժերի միջամտությունը: Վրաստանի նախագահը չպետք է թույլ տա դրսից նման միջամտություն տարածաշրջանային գործերում, քանի որ այդ երկրները իրականում միտված չեն հարթելու տեղի խնդիրները»: Ըստ Իրանի նախագահի` Արեւմուտքը, կոչ անելով զերծ մնալ ուժի կիրառումից, ինքն է հրահրում բռնություն հարեւան երկրների միջեւ: «Սա է այն ճանապարհը, որի միջոցով նրանք իրականացնում են իրենց քաղաքական եւ ռազմական ծրագրերը: Եվ, ցավոք սրտի, նմանատիպ գործողությունները շարունակական բնույթ են կրում», նշել է Իրանի նախագահը:

Իրանում նաեւ բուռն քննարկումներ են ընթանում, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ստեղծված իրավիճակն Իրանի Իսլամական Հանրապետության վրա: Այդ կապակցությամբ Իրանի մամուլում հրապարակվել է հետաքրքրական վերլուծություն, որտեղ նշվում է, թե Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ հարաբերությունների սառեցումը Իրանի համար կարող է ունենալ միայն դրական ազդեցություն: Այն կբարդացնի Թեհրանի դեմ արդեն ընդունված սանկցիաների կիրառումը եւ կիջեցնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կոնսենսուսի հավանականությունը` Իրանի դեմ պատժամիջոցներ իրականացնելու 4-րդ փուլում:

Միաժամանակ «Ազգ»-ում նշվել է, որ ըստ հոլանդական հետախուզության տվյալների, առաջիկա շաբաթներին ամերիկյան անօդաչու ռազմօդանավերը հարվածելու են Իրանի օբյեկտներին: Թերեւս դժվար չէ գլխի ընկնել, որ այդ «նորության» տարածումը կարող է նպատակ ունենալ սպառնալու Իրանին, որպեսզի վերջինս չփորձի ակտիվ գործողությունների դիմել Հարավային Կովկասում: Դժվար թե ԱՄՆ-ը այդպիսի քայլի դիմի ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրադրությունում, երբ նման հարվածը մի շարք նոր դժվարին խնդիրների առաջ կկանգնեցնի առանց այդ էլ վերջին ժամանակներում ծանր օրեր անցկացնող (ամերիկյան քաղաքականության բացահայտ ձախողումները Իրաքում, Աֆղանստանում եւ այլն) ԱՄՆ իշխող շրջանակներին: Չմոռանանք, որ ԱՄՆ-ում ընթացող նախագահական ընտրությունները նույնպես նպաստավոր չեն նման քայլ կատարելու համար:

Այսպիսով, Իրանը, լինելով տարածաշրջանային որոշիչ երկրներից մեկը, ելնելով իր ազգային շահերից` սպասողական դիրքորոշում է ընդունել: Չի բացառվում, որ Արեւմուտքի կոշտ դիրքորոշման դեպքում իրական դառնա վաղուց կանխատեսվող Իրան-Ռուսաստան-Չինաստան դաշինքը: Իսկ թե ինչի դա կհանգեցնի ներկայիս պայմաններում, երբ ՆԱՏՕ-ն ջանք ու եռանդ չի խնայում օրեցօր հզորացող Ռուսաստանին շրջափակման մեջ առնելու համար, կարելի է միայն գուշակել: Ակնհայտ է սակայն, որ ինչպիսի զարգացումներ էլ տեղի ունենան Իրանի շուրջը, Հայաստանը չի կարող անմասն մնալ այդ ամենից:

ԱՐԱՄ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4