Նախագահի նստավայրից հաղորդում են, որ Սերժ Սարգսյանն ընդունել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հատուկ բանագնաց, դեսպան Ունալ Չեւիքյոզին: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք խաղի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Երեւան նախատեսվող այցին: Հարեւան երկրի նախագահի հատուկ բանագնացի այցը մեր երկիր դրական համարելով, նախագահ Սարգսյանն ասել է, որ այն հնարավորություն է ստեղծում խոսելու երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին, մտքեր փոխանակելու տարածաշրջանային զարգացումների եւ խնդիրների վերաբերյալ: Հայաստանի նախագահի խոսքով, Կովկասում տեղի ունեցող եւ ամբողջ աշխարհին անհանգստացնող իրադարձությունները մեծ պատասխանատվություն են պահանջում եւ լուրջ խնդիրներ ու պարտականություններ առաջադրում: Զրուցակիցները քննարկել են Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը: Նշելով, որ Թուրքիայի վարչապետը շատ դժվար, բայց կարեւոր խնդիր է նախաձեռնել, նախագահ Սարգսյանն ասել է, որ ինքը ամեն խնդրի մասին խոսելու, քննարկելու կողմնակից է: «Հայաստանը միշտ ողջունել եւ ողջունում է տարածաշրջանում վստահության ամրապնդման, կայունության, անվտանգության եւ համագործակցության խորացման բոլոր ջանքերը», ընդգծել է երկրի ղեկավարը եւ առաջարկվող պլատֆորմի վերաբերյալ ներկայացրել իր նկատառումները: