«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2008-09-02 | #159, 2008-09-03 | #160, 2008-09-04


ՀԵՌԱԿԱ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Խմբագրությունը շնորհակալությամբ ստացել է Բեյրութի Հայկազյան համալսարանի այցելու դասախոս Մկրտիչ Հակոբի Բուլդուկյանի «The Management of Correspondent Banking» (Բանկային հեռակա գործառնությունների կառավարումը) խորագրով անգլերեն գրքի երկրորդ հրատարակությունը: 472 էջանոց, տպավորիչ կազմով հատորը բաղկացած է չորս մասերից, որոնցից յուրաքանչյուրի վերջում տրված են նյութի ամփոփումը, օգտագործված գլխավոր բառային տերմինները, քննարկման համար որոշակի հարցեր ու հավելյալ տեղեկություններ արծարծված թեմայի վերաբերյալ:

Գիրքը ձոնված է Նիկոլ եւ Չո Տո Ձոյին, ինչպես նաեւ բանկային այն հաստատություններին, որոնք անցած 45 տարիների ընթացքում հնարավորություն են տվել հեղինակին փորձառություն ձեռք բերելու եւ հմտանալու այդ ասպարեզում: Այդ հաստատությունների թվում են Լիբանանի կենտրոնական բանկը, Սան Ֆրանցիսկոյի Ամերիկյան բանկը, Նյու Յորքի Քիմիական բանկը, Բեյրութի Բիբլոս բանկը, Լիբանանա-ֆրանսիական բանկը, լոնդոնյան Բրիտանա-արաբական կոմերցիոն բանկը, HSBC-ին եւ Բեյրութի բանկը:

Հատորի առաջաբանը գրել է արաբական բանկերի միության գլխավոր քարտուղար դոկտ. Ֆուադ Շաքերը: Նա կարեւոր եւ խիստ այժմեական է համարում գրքի հրատարակումը, հաշվի առնելով այն փոփոխությունները, որոնք արագընթաց քայլերով տեղի են ունենում համաշխարհային բանկային գործառույթներում, դարձնելով դրանք առավել լիբերալ, բազմազան եւ հեռանկարային: Վերոնշյալ միությունն էլ, ի դեպ, խմբագրել է հատորը:

Գրքի առաջին մասում (3 գլուխ) տրված են բանկային հեռակա գործառնությունների ընդհանուր բնութագրումը, մարտավարությունն ու ծառայությունների ոլորտները:

Երկրորդ մասում (2 գլուխ) ներկայացված են այդ բնագավառում գործող շուկաները, դրանց միջեւ ծավալված մրցակցությունն ու համագործակցության ուղիները:

Երրորդ մասում (4 գլուխ) մանրամասն բացատրվում են հեռակա բանկային բաժանմունքներ կազմակերպելու ձեւերը, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, իրավական դաշտի ձեւավորման եւ հեռանկարային ծրագրերի մշակման կարեւորությունն ու անհրաժեշտությունը:

Վերջին` չորրորդ մասում բերված են գրքերի, պաշտոնական հրատարակությունների ցուցակը, որոնց կարելի է դիմել հավելյալ տեղեկությունների համար, գրքում օգտագործված բառային տերմինների եւ հապավումների ցանկը եւ բացատրությունները, ինչպես նաեւ ստանդարտ կարմիր գրքի տերմիններն ու ֆինանսական աշխարհին ծանոթ օգտակար կայքերի հասցեները:

Հեղինակը` Մկրտիչ Բուլդուկյանը իր մագիստրոսի աստիճանը ստացել է 1964-ին Բեյրութի Ամերիկյան համալսարանից: 1969-ին Հայկազյան համալսարանում հիմնել է բիզնեսի եւ տնտեսագիտության բաժանմունքը եւ դարձել այդ բաժանմունքի առաջին ամբիոնի վարիչը (1969-74 թթ.): 1985-ին նշանակվել է Լիբանանի կենտրոնական բանկի փոխկառավարիչ: Մասնակցել է բազմաթիվ միջազգային կոնֆերանսների եւ սեմինարների, որոնց ընթացքում զեկուցումներով հանդես եկել Վաշինգտոնում, Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, Հռոմում եւ այլուր: 1977-85 թվերին դասավանդել է Բեյրութի Ամերիկյան համալսարանում: Հեղինակ է անգլերեն, արաբերեն եւ հայերեն գրված մի շարք ուսումնասիրությունների, բազմաթիվ հոդվածների:

Գիրքը, տեսականից բացի, հարուստ գործնական նյութ է պարունակում եւ հանձնարարելի է բոլոր նրանց, ովքեր զբաղվում են բանկային գործառնություններով:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4