«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2008-09-04 | #161, 2008-09-05 | #162, 2008-09-06


ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻԿԱ ՆԻՍՏԸ ԲՈՒՌՆ Է ԼԻՆԵԼՈՒ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ արդեն Ազգային ժողովը պատրաստվում էր առաջիկա լիագումար նիստին` հանձնաժողովներում քննարկվում էին օրակարգում ընդգրկվելիք հարցերը:

Մեզ, ի դեպ, նաեւ այլ լրագրողների, սակայն հետաքրքրում էր այն լուրերի ճշտումը, որոնք երկու ուղղությամբ են շրջանառվում, երկու տեսակետները լսած մարդիկ պնդում են, որ հենց իրենց լսածն է ճիշտ: Ըստ մի տեսակետի` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին ՀՀԿ գործադիր կոմիտեի նիստի ժամանակ համոզել են եւ երկուշաբթի նա հայտարարելու է իր հրաժարականի մասին, իսկ մյուս տեսակետը հակառակն է պնդում, որ այդ նույն նիստում Տ. Թորոսյանն հաստատապես պնդել է, որ հրաժարական չի տալու, եւ նրան երկու օր ժամանակ են տվել, ու այսօր կայանալիք ՀՀԿ գործադիր կոմիտեի նիստում նա պետք է հայտնի իր որոշումը: Հնաբնակ հանրապետականներին մոտ կանգնած աղբյուրները պնդում էին, որ Տ. Թորոսյանն, այնուամենայնիվ, ինքնակամ չի հրաժարվելու պաշտոնից, եւ ամենայն հավանականությամբ ԱԺ նիստում նրա պաշտոնանկությունը կնախաձեռնվի, ինչը կարող է շատ անկանխատեսելի ընթացք ունենալ: Բոլոր դեպքերում որեւէ մեկը չէր ուզում մեր հետաքրքրությունը պաշտոնապես բավարարել: Կապրենք մինչեւ երկուշաբթի:

Դե, իսկ «Ազգին» հետաքրքրում էր նաեւ մարտի 1-2-ի դեպքերը քննող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի այն զեկույցը, որն արդեն պետք է պատրաստ լիներ: Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, թե մեկ շաբաթից միայն, Ազգային ժողովի լիագումար նիստից հետո կներկայացվի հանգրվանային այդ զեկույցը` մարտի 1-ի վաղ առավոտյան ծավալված դեպքերի մասով, որը հրապարակային կքննարկվի հանձնաժողովում: Զեկույցն ուշանում է, քանի որ մի խնդրում դեռեւս տեղեկատվության պակաս կա, մասնավորապես` մինչեւ այս պահը հանձնաժողովի նախագահ Ս. Նիկոյանը չի կարողացել ճշտել «Ազատության» հրապարակում ցուցարարների թիվը, որովհետեւ տարբեր աղբյուրներ տարբեր թվեր են նշում, դրանք գնահատելիս կարելի է տարբեր եզրահանգումների գալ:

Մասնավորապես, ականատես Գագիկ Շամշյանը խոսել է «Ազատության» հրապարակում 200-300 ցուցարարների մասին, Գոհար Վեզիրյանն այդ թիվն անվանել է 300-400, ոստիկանությունն ասում է 800-900 ցուցարարի մասին, Լ. Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է 4000 ցուցարարի ներկայության մասին: Հանձնաժողովը նամակով դիմել էր Տեր-Պետրոսյանին` այդ թիվը նորից անվանելու համար, դեռ պատասխան չի ստացվել: «Եթե ընդունում ենք 200 թիվը, իսկ ոստիկանությունը գնացել է 700-ից ավելի ոստիկաններով` համաչափության խնդիր է ծագում, 200 ցուցարարի համար ինչո՞ւ են 700-ից ավելի ոստիկան տարել, անհրաժեշտությունից ավելի ոստիկանների թիվ է ստացվում, որն անհամաչափության գնահատման հիմք է: Մյուս կողմից` եթե ընդունում ես 4000 թիվը, ու ոստիկանությունը դա գիտեր, գիտեր նաեւ, որ զենք-զինամթերք կա, ինչո՞ւ էր 700-ից ավելի ոստիկաններ տարել, այս դեպքում անհամաչափություն կա ոստիկանության թվի նվազ լինելու պատճառով», երեկ «Ազգի» հետ զրույցում նկատեց Ս. Նիկոյանը: Այնպես որ այս թիվը տարբեր աղբյուրներից ճշտելու հարկ կա, լավ կլիներ, որ Տեր-Պետրոսյանը նույնպես պատասխաներ հանձնաժողովին եւ այս թիվն անվաներ: Մնացած բոլոր վիճելի հարցերի (տեղազննություն, թե հրապարակային միջոցառման դադարեցում, զենք եղե՞լ է, թե ոչ, ո՞ր ժամին է սկսվել ոստիկանության գործողությունը) պատկերը հանձնաժողովի համար պարզ է, եւ դրանց պատասխանները հանգրվանային զեկույցում կտրվեն: Այդ զեկույցի մասին նաեւ դատախազությունը, արդարադատության նախարարությունը, ոստիկանությունը, ընդդիմությունը կարող են տեսակետներ ներկայացնել:

Լենմարկեր-Վ. Հովհաննիսյան հանդիպում

Երեկ խորհրդարան էր այցելել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահիՙ ԼՂ հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը, որը նշանակվել է նաեւ Վրաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ եւ Հայաստան էր եկել Վրաստան այցելելուց հետո: ԱԺ ղեկավարության հետ հանդիպելուց բացի, որպես վաղեմի ծանոթ, նա հանդիպել էր նաեւ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հետ, որն «Ազգին» պատմեց նրա եւ իր միջեւ տեղի ունեցած զրույցի մասին:

Վրաստանի ներկա զարգացումները գնահատելով` Վ. Հովհաննիսյանը նշել է, որ Վրաստանի ներկա վիճակը երկու սխալի հետեւանք է. «Առաջինը, որ Սովետմիության փլուզումից հետո որդեգրվեց «Վրաստանը միայն վրացիների համար» քաղաքականությունը, որը հակասության մեջ է հենց վրացական ավանդույթների հետ, որովհետեւ Վրաստանի թագավորները շատ շրջահայաց ու հանդուրժողական են եղել` հասկանալով, որ իրենց երկիրը պատմականորեն ձեւավորվել է որպես բազմազգ երկիր, եւ այդ բազմազգ երկրում մեկ ազգի իշխող-դոմինանտ դերը հաստատելը միշտ հղի է այսպիսի վտանգավոր իրավիճակներով, ինչը եւ տեղի ունեցավ: Եվ այսօր Վրաստանի համար ելք կլինի ցույց տալ նոր քաղաքականության սկիզբ, ապացուցելով դա Ջավախքում` տալով նրան ինքնավարություն, հայոց լեզվին` ռեգիոնալ լեզվի կարգավիճակ եւ այլն: Այդ դեպքում Վրաստանը կարող է գրավիչ դառնալ նույնիսկ այն ազգերի համար, որոնք փորձում են նրանից կատաղի պայքարով ազատվել»: Երկրորդ սխալը, ըստ Վ. Հովհաննիսյանի, եղել է այն, որ վրացիները, փորձելով օտվել Հայաստանի ժամանակավոր դժվարություններից, եւ անթաքույց դեպի Արեւմուտք ուղղվածություն ցուցաբերելով` կամավոր դարձել են թուրք-ադրբեջանական կցորդ տարածաշրջանում, քանի որ կամավոր իրենց վրա ստանձնել են թուրք-ադրբեջանական քաղաքականության արգասիք մի շարք նախագծերի իրականացում` Հայաստանը շրջանցող նավթամուղ եւ գազամուղ, իսկ հիմա` նաեւ երկաթգիծ. «Վրաստանի վերնախավը չի հասկացել, որ առաջին սխալի հետեւանքով ջլատված-մասնատված, ներքին կայունությունից զուրկ երկրի համար նման պրոյեկտները ոչ թե առավելություն են, այլ ծանր բեռ, պատասխանատվություն, որովհետեւ կռվախնձոր են դարձնում երկիրը, եւ ոչ ստաբիլ վիճակում երկիրն ավելի է թուլանում: Այդպես էլ եղավ, եւ հիմա Վրաստանի համար ճիշտ ելքն է նոր քաղաքականություն որդեգրել` ազգային փոքրամասնությունների նկատմամբ ավելի հանդուրժող, եւ դա առաջին հերթին դրսեւորել Ջավախքում»: Պարոն Լենմարկերը համաձայնություն է հայտնել այս տեսակետներին, հետաքրքրվել` Վրաստանի հետ բանակցություններում այս տեսակետները Հայաստանը փոխանակե՞լ է, թե ոչ, ինչն, ըստ Վ. Հովհաննիսյանի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում, Եվրոպայի խորհրդում, ՆԱՏՕ-ում մեր պատվիրակությունների գործն է, նրանք պիտի այնտեղ իրենց վրաց կոլեգաների հետ այս հարցերը քննարկեն:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին` Վ. Հովհաննիսյանը Լենմարկերին հիշեցրել է, որ ժամանակին Հայաստանը փոխադարձ չհարձակվելու պայմանագիր էր առաջարկում կնքել, ու եթե այդպիսի պակտում երաշխիք ապահովվի, որ ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով է լուծվելու, առանց ագրեսիայի, ապա բնական է, որ կողմերը բանակցություններում ավելի ռեալիստական կդառնան, ավելի հանդուրժող եւ զիջող: Առաջին քայլն Ադրբեջանը պետք է կատարի, քանի որ պետք է հասկանա, որ Ղարաբաղը շրջապատող եւ նրա վերահսկողության տակ գտնվող տարածքները ազատագրվել են որպես անվտանգության գոտի եւ միակ երաշխիքն են Ղարաբաղի անվտանգության. «Եթե այստեղ ինչ-որ զիջումների մասին է խոսք գնում, ապա անվտանգության` առնվազն մեկ այլ ապահովում պետք է դրա դիմաց ներկայացվի. մինչեւ հիմա դա չի հնչել: Այսինքն` Ադրբեջանը դրա դիմաց որեւէ անվտանգության երաշխիք չի առաջարկում, իսկ դա կարող է միայն լինել Ղարաբաղի կարգավիճակը, որը հաստատված կլինի միջազգային կառույցների եւ ընդհանրապես միջազգային հանրության կողմից: Միայն այդ դեպքում է հնարավոր խոսել ինչ-որ փոխզիջումների մասին», ասել է Վ. Հովհաննիսյանը Լենմարկերին: Լենմարկերը հաստատել է, որ իր զեկույցի մեջ նախկինում առաջ էր քաշել հենց այդ գաղափարները, այսինքն` նա ընդունում է, որ մեր մոտեցումները ճիշտ են:

Ընդհանրապես, նրան տարածաշրջանային այցի ընթացքում այլ խնդիրների հետ հետաքրքրում է` Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո որքանո՞վ է հնարավոր առաջընթաց ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4