Բնապահպան Կարինե Դանիելյանը , որը երեկ որպես անկախ փորձագետ մասնակցում էր ԱԺ բնապահպանության եւ գյուղատնտեսության հանձնաժողովի` այս աշնանային նստաշրջանի ընթացքում առաջին նիստին, 5 րոպեանոց ելույթ է խնդրել եւ ասել, որ բնապահպանները պատրաստ են համագործակցության Ազգային ժողովի հետ, եթե դա իմիտացիա չէ. այդպիսի ենթադրության համար նա օրինակ է բերել Սեւանից այս տարվա կրկնակի ջրառի թույլատրումը` առանց բնապահպան կազմակերպությունների կարծիքների: Ընդհանրապես, ըստ նրա, Հայաստանում բնապահպանական վիճակը մի շարք առումներով բարվոք չէ, եւ եթե տարբեր ատյաններ շարունակեն անտեսել բնապահպանների բողոքները` բնապահպանական ՀԿ-ները հետ են կանչելու տարբեր խորհուրդներում ներկայացված բնապահպաններին:
Կ. Դանիելյանն ասում է, որ հասարակական սեկտորը խիստ անհանգստացած է իրավիճակից եւ պահանջում է լսումներ այն բոլոր խնդիրների շուրջը, որոնք բնապահպան եւ, ինչու չէ, լայն հանրության անհանգստությունների շրջանակում են: Նա նշեց մի քանի այդպիսի խնդիր` Սեւան, Երեւանի բնապահպանական իրավիճակ, ընդերքօգտագործման հայեցակարգ, հրապարակներում կառուցվելիք ստորգետնյա ավտոտնակներ:
Մ. Խ.