«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2008-09-04 | #161, 2008-09-05 | #162, 2008-09-06


ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՐԿՐՈՐԴ Yerevan MusicFest-Ը

Իր ծավալով եւ արտիստական ներկայացուցչությամբ հանրապետության մշակույթի նախարարության հովանու ներքո անցկացվող այդ միջազգային երաժշտական փառատոնը առավել նշանակալիցներից մեկն է Հայաստանում: Համենայն դեպս, 2007 թ. աշնանն անցկացված առաջին փառատոնը հաջող անցավ Եվրոպայից եկած երիտասարդ եւ տաղանդավոր երաժիշտների մի ամբողջ համաստեղության շնորհիվ, որոնց կողքին անվանի մենակատարներն իրենց զգում էին լիակատար ներդաշնակության մեջ:

Այս տարվա փառատոնը (սիմֆոնիկ եւ կամերային 14 համերգներ, վարպետության 6 դաս) նկատելիորեն փոխել է իր հայեցակարգը: Դրա գեղարվեստական ղեկավարները (անգլիաբնակ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյան եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյան) Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի բազայի վրա եւ «Սերենադ» կամերային նվագախմբի ու «Հովեր» երգչախմբի, ինչպես նաեւ տեղացի եւ արտասահմանցի բազմաթիվ մենակատարների մասնակցությամբ զգալիորեն նորացրել է ամբողջ ծրագրի թեմատիկան: Անշուշտ, Երեւանի համար իրադարձություն կդառնա Գիա Կանչելիի «Ստիքս» ստեղծագործության պրեմիերան սոլո ալտի, երգչախմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար:

Դրա յուրահատուկ տարբերակը երկու տարի առաջ Երեւանում ներկայացրել էր Ռոբերտ Ստուրուան իր Շ. Ռուսթավելու անվան թատրոնի արտիստների կատարմամբ:

Փառատոնի առաջին օրը «Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչում էր Սերգեյ Ռախմանինովի եւ Անտոնին Դվորժակի երաժշտությունը: Սպասված անգլիացի մենակատարի փոխարեն Ռախմանինովի դաշնամուրի դո մինոր 2-րդ կոնցերտում հանդես եկավ նորվեգացի Քրիստիան Իլե Հադլանդը: Օսլոցի 25-ամյա դաշնակահարը հասցրել է կարիերա ստեղծել լավ մշակված տեխնիկայի շնորհիվ: Նրա ուսուցիչներից է նորվեգ աշխարհահռչակ դաշնակահար Լեյֆ Օլե Անդսնեսը, որը եւ Քրիստիանին սովորեցրել է նրան բնորոշ երաժշտական մտածողությունը: Հադլենդը մտածում է ոչ թե ռելիեֆով, այլ գծերով, ոչ թե հագեցված երաժշտական կերպարներով (ինչը ներքուստ բնորոշ է դրամատիկ Ս. Ռախմանինովին), այլ ավելի շուտ իդիլլիկ բնույթի երաժշտական պոետիկայով: Դրա շնորհիվ Ռախմանինովի դաշնամուրային կոնցերտը զերծ մնաց իրեն բնորոշ ընդգրկումից եւ քնարական-պաթետիկ տեքստիցՙ Հադլանդի կատարմամբ դառնալով կամերային եւ արտահայտման առումով իդեալական: Միայն «բնանկարային մտածողությունը» (նորվեգացու ազգային գիծը) դաշնակահարին օգնեց կոնցերտի երկրորդ մասում գտնել սեփական նրբագեղ գույները, թեեւ ընդհանուր առմամբ, հատկապես վերջնամասում, միայն Է. Թոփչյանի ղեկավարած նվագախմբի առաջատար դերի շնորհիվ Ռախմանինովի երաժշտությունը ձեռք բերեց հուզական հագեցվածություն:

Ա. Դվորժակի «Նոր աշխարհից» մի մինոր թիվ 9 սիմֆոնիան, որը չեխ կոմպոզիտորը ստեղծել է Նյու Յորքում, որտեղ մոտ 3 տարի ղեկավարել է կոնսերվատորիան, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից հաճախ կատարվող ստեղծագործությունը: Այդ ստեղծագործությունը ունկնդիրների համար սիրելի է նաեւ երաժշտական նյութի ցայտունության եւ ձեւի վարպետության շնորհիվ: Հատկապես երկրորդ մասը` Largo-ն, որն այդ օրը դարձավ սիմֆոնիայի յուրօրինակ հոգեւոր, մաքրող գագաթնակետը:

Այստեղ լավ էր նվագում փայտե փողային գործիքների խումբը, որոնց մեջ աչքի էին ընկնում անգլիական եղջյուրը եւ հոբոյը մենակատար Հովհաննես Պապիկյանի հրաշալի կատարմամբ:

Այդ մասից հետո նվագախումբը կարծես թե «իրեն հավաքեց», թեթեւորեն եւ թափանցիկորեն հնչեց սկերցոն, հանգեցնելով 9-րդ սիմֆոնիայի հանդիսավոր վերջնամասին: Դիրիժորը այդ մասին հաղորդեց որոշակի ռազմատենչություն, ինչը, իմ կարծիքով, խանգարում էր Դվորժակի երաժշտության վեհապանծության բացահայտմանը, սակայն այս տարվա օգոստոսյան ռազմական իրադարձությունների լույսով նման երաժշտական լուծումը անսպասելիորեն տեղին եղավ:

ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4