Ամեն անգամ «Դլե յամանը» կատարելիս մտովի այցելում է նախնիների հայրենիքն ու երաժշտությամբ հարգանքի տուրք մատուցում նրանց հիշատակին:
Առաջին մրցանակը 1948-ին Իոսիֆ Ստալինի նվիրած ոսկե ժամացույցն էր, որին արժանացավ Մոսկվայի «Մեծ թատրոնում» կայացած համերգից հետո: Տարիների ընթացքում մրցանակները շատացան` միջազգային մրցույթներում ոսկե մեդալներ, գրան պրիներ ու պատվոգրեր...
Սակայն վարպետը խոստովանում է, որ իր համար ամենամեծ պարգեւն ու մրցանակը հանդիսատեսի սերն ու համակրանքն է, որոնց պակասը չի եղել:
Այսօր Ջիվան Գասպարյանը համաշխարհային մեծության արվեստագետ է: Հենց նրա կատարումներից հետո ՅՈւՆԵՍԿՕ-ն դուդուկը ճանաչեց համաշխարհային մշակութային ժառանգություն:
«Դուդուկի արքայի» կամ «Վարպետ Ջիվանի» 80-ամյակը կլրանա հոկտեմբերին: Այդ կապակցությամբ, երեկ «Տեսակետ» ակումբում հյուրընկալված դուդուկահարը տեղեկացրեց. «Հոբելյանի առթիվ նոյեմբերի տասնմեկին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա մեծ համերգ, որին կմասնակցեն համաշխարհային ամենանշանավոր երաժիշտներն ու կատարողներըՙ Պիտեր Գաբրիելը, Զուկերոն, Լուիջին, Վլադիմիր Սպիվակովն ու էլի բազմաթիվ նշանավոր արվեստագետներ կժամանեն Երեւան»:
Այս տարի դուդուկի վարպետի ստեղծագործական կյանքը բավականին հագեցած էր: Հուլիսի 29-ին Լոնդոնում կայացած Նելսոն Մանդելայի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը սկսվել է գասպարյանական դուդուկի ելեւէջների ներքո, իսկ օգոստոսի 30-ին Հռոմում կայացած «Ֆրանցիսկո» միջազգային երաժշտության մրցույթում Ջիվան Գասպարյանը արժանացել է առաջին մրցանակին:
«Փառատոնին ներկայացված էին երաժշտության գրեթե բոլոր տեսակներն ու ոճերը: Յոթ օրերի ընթացքում նվագեցի արտասահմանյան հայտնի ռոք, ջազ խմբերի հետ ու շահեցի առաջին մրցանակը», ասաց վարպետը:
Շուտով բարձրաճաշակ երաժշտասերների դատին կհանձնվի Ջիվան Գասպարյանի ու Մայքլ Բրուքի համատեղ ստեղծագործությունը, որի ձայնագրությունն ընթացել է Լոնդոնում:
Սեպտեմբերի կեսերից կսկսվեն վարպետի արտասահմանյան շրջագայությունները: Համերգներով հանդես կգա Վիեննայում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում ու Մուրմանսկում: Ստեղծագործական գործունեությունից բացի, հայտնի դուդուկահարն այժմ ծրագրեր է մշակում «Ջիվան Գասպարյանի անվան երաժշտական դպրոցի» հիմնադրման ուղղությամբ:
«Դպրոցում տաղանդավոր, սակայն սոցիալապես անապահով ու ծնողազուրկ երեխաները սովորելու են երգել, նվագել տարբեր երաժշտական գործիքներ: Ցավոք, այսօր բավականին ֆինանսական խնդիրներ կան, որոնց պատճառով անընդհատ հետաձգվում են դպրոցի շինարարական աշխատանքները», ասաց Ջիվան Գասպարյանը` ընդգծելով, թե դպրոցի հիմնադրումն իր կյանքի կարեւորագույն նպատակներից է:
***
Օգոստոսի 31-ին Ստամբուլում կայացել է Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպմանը նվիրված խաղաղության համերգ, որտեղ Ջիվան Գասպարյանը հանդես է եկել թուրք երգիչ Յավուզ Բինգյոլի հետՙ արժանանալով թուրք հանդիսատեսի բուռն ծափահարություններին ու ողջույնին:
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին` Ջիվան Գասպարյանը հայտնեց, որ անպայման գնալու է «Հրազդան» մարզադաշտ` երկրպագելու հայ մարզիկներին:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ