«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2008-09-04 | #161, 2008-09-05 | #162, 2008-09-06


ՖԱԹԻՀ ԹԵՐԻՄ. «ՄԵՆՔ ԵԿԵԼ ԵՆՔ ՈՉ ԹԵ ԿՌՎԵԼՈՒ, ԱՅԼՙ ՖՈՒՏԲՈԼ ԽԱՂԱԼՈՒ»

Թուրքիայի հավաքականը Երեւան ժամանեց խաղի նախօրեի կեսօրին: Երեկոյան «Հրազդան» մարզադաշտում մեր մրցակիցներն անցկացրին իրենց առաջին մարզումը: Դրանից առաջ Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը հանդիպեց լրագրողներին: Նա նախ նշեց, որ թեեւ Թուրքիայի առաջնությունը նոր է մեկնարկել եւ ազգային հավաքականի կազմում էլ բացակայում են առաջատար մի քանի ֆուտբոլիստներՙ Նիհատը, Համիտ Ալթընթոփը, Սաբրի Սարիօղլին, Էմրե Գյունգյուրը եւ Կաներ Էրկինը, սակայն թիմը Երեւան է ժամանել լավ խաղ ցուցադրելու եւ անպայման միավոր վաստակելու ձգտումով: Ճիշտ է, միեւնույն ժամանակ Թերիմը բարձր գնահատեց Հայաստանի հավաքականի խաղային հնարավորությունները, գտնելով, որ հայ ֆուտբոլիստները ֆիզիկապես եւ տակտիկապես լավ են նախապատրաստված, եւ նրանց դեմ բավական դժվար կլինի խաղալը: Ըստ Թերիմի, հայերը դա ապացուցել են Եվրո-2008-ի ընտրական մրցաշարի հանդիպումներումՙ արժանի մրցակցություն ցույց տալով Լեհաստանի, Պորտուգալիայի, Սերբիայի հավաքականներին:

Խոսելով Եվրոպայի առաջնությունում Թուրքիայի հավաքականի հաջողության մասին, Թերիմը նշեց, որ այն ձեռք բերվեց ֆուտբոլիստների դրսեւորած կամային հատկանիշների, մինչեւ վերջ պայքարելու շնորհիվ: Նա չբացառեց նաեւ, որ մարզական բախտը որոշ չափով ուղեկցեց իրենց: Ըստ Թերիմի, Եվրոպայի առաջնությունն ինքնավստահություն հաղորդեց հավաքականին, եւ այժմ թուրք ֆուտբոլիստները պայքարելու են աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու եւ մրցանակակիր դառնալու համար: Իսկ այդ ճանապարհին առաջին քայլը Թուրքիայի հավաքականը պետք է կատարի հարեւան երկրում: Նա իր ուրախությունը հայտնեց, որ առաջին անգամ ինքը եւ ազգային հավաքականի ֆուտբոլիստները գտնվում են Հայաստանում: Նա նաեւ հույս հայտնեց, որ ազգային հավաքականների հանդիպումը հնարավորություն կտա երկու երկրների միջեւ միջազգային հարաբերությունների մերձեցմանը: Թերիմը հատուկ ընդգծեց, որ իրենք Երեւան են եկել ոչ թե կռվելու, այլ պարզապես ֆուտբոլ խաղալու եւ գեղեցիկ խաղ ցուցադրելու: Իսկ ինչ վերաբերում է երկու երկրների միջեւ պատմականորեն ձեւավորված հարաբերությունների կնճռոտ հարցերին, ապա Թերիմը եւ իր թիմը չեն պատրաստվում պատմության բեռը վերցնել իրենց վրա:

Իսկ թուրք երկրպագուների բացակայությունը Երեւանում, Թերիմի կարծիքով, բնավ էլ չի ազդի իր սաների գործողությունների վրա: Իսկ ահա նա համոզված է, որ «Հրազդան» մարզադաշտում հայ ֆուտբոլասերների թիվը կկազմի 40 հազարից 50 հազար, ինչն ահռելի աջակցություն կլինի Հայաստանի հավաքականի համար: Թերիմը լավ է գիտակցում, որ ընտրական մրցաշարի առաջին հանդիպումը բավական դժվար է լինելու երկու թիմերի համար էլ: Ամեն դեպքում, նա հույս ունի, որ առանց միավորի իրենք Հայաստանից չեն հեռանա:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4