Էդգար Մանուչարյանը դեռեւս պատանեկան տարիքից իր վրա էր բեւեռել մասնագետների ու ֆուտբոլասերների ուշադրությունը` աչքի ընկնելով վարպետ խաղով: Նա արդեն 15 տարեկանում նորամուտը նշեց «Փյունիկում», այնուհետեւ հանդես եկավ Հայաստանի տարիքային բոլոր հավաքականներում` սկսած պատանեկանից մինչեւ ազգային ընտրանի: Շուտով Էդգարը տեղափոխվեց հոլանդական «Այաքս»: Թվում էր, թե հայ ֆուտբոլիստին կհաջողվի կատարելագործել վարպետությունը, ֆուտբոլային բարձունքների հասնել եվրոպական առաջատար ակումբներից մեկում: Սակայն, ցավոք սպասելիքները չիրականացան: Թիմի կազմում Մանուչարյանի առաջին իսկ ելույթը նրա համար անհաջող ստացվեց: Իսպանական «Բարսելոնի» հետ ընկերական մրցախաղում Էդգարը ոտքի ծանր վնասվածք ստացավ: Հետագայում վնասվածքները կրկին ուղեկցեցին Էդգարին, որոնց պատճառով նա այդպես էլ չկարողացավ հաստատվել «Այաքսի» հիմնական կազմում` խաղալով երիտասարդական թիմում: Մրցաշրջանի ավարտից հետո էլ «Այաքսի» ղեկավարությունը տրանսֆերի հանեց Էդգարին, որն այս օրերին ՀՀ հավաքականի կազմում նախապատրաստվում է Թուրքիայի հավաքականի հետ աշխարհի առաջնության ընտրական մրցախաղին: «Հրազդան» մարզադաշտում կայացած մեր զրույցի սկզբում հետաքրքրվեցինք Մանուչարյանի ճակատագրով:
- Էդգար, ուրախ ենք քեզ կրկին Երեւանում տեսնելու համար: Լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, թե դու վարձավճարով խաղալու ես «Նեյմեգենում»: Իրականում այժմ ինչպիսի՞ կարգավիճակով ես «Այաքսում»:
- Դա պարզապես սխալ տեղեկատվություն էր: Կային տարբեր առաջարկներ, սակայն այլ թիմ տեղափոխվել չստացվեց: Հոլանդիայում տրանսֆերային պատուհանի փակմանը դեռ մեկ ամիս ժամանակ կա եւ կփորձեմ հոլանդական այլ թիմ տեղափոխվել: Հույս ունեմ այդ ընթացքում լուծել հարցերս: Հակառակ դեպքում կմնամ «Այաքսում» մինչեւ հունվար, երբ կբացվի տրանսֆերային շրջանը: Տեսնենք, թե ինչպես կստացվի:
- Իսկ կոնկրետ առաջարկներ ունե՞ս թիմերից:
- Այժմ չէի ցանկանա թիմերի անուններ տալ, կոնկրետ որեւէ բան ասել չեմ կարող: Մեկ ամսից ամեն ինչ պարզ կդառնա:
- Ինչպիսի՞ մարզավիճակում ես:
- Լավ մարզավիճակում եմ, վնասվածքից ապաքինվելուց հետո արդեն երկու ամիս մարզվում եմ, խաղում եմ «Այաքսի» երիտասարդական թիմում: Ինձ շատ լավ եմ զգում հոգեպես ու ֆիզիկապես, ոչ մի հիմնախնդիր չունեմ:
- Իսկ ինչո՞ւ չէիր ներկայացել Հայաստանի երիտասարդական հավաքականի հավաքին, որը նախապատրաստվում էր Թուրքիայի իր հասակակիցների հետ հանդիպմանը:
- Նախ «Այաքսի» ղեկավարությունը միայն ազգային հավաքականների հանդիպումներին է ինձ պարտավոր ընդառաջել ու գործուղել հավաքական: Բացի այդ, շատ հարցեր կային այլ թիմ տեղափոխվելու գործում: Ուստի այդ ժամանակահատվածում ինձ համար շատ կարեւոր էր Հոլանդիայում գտնվելը, քանի որ բանակցություններ էի վարում: Բայց հոգեպես տղաների հետ էի: Շատ ուրախացա հաղթանակի համար եւ շնորհավորում եմ նրանց այդ առթիվ:
- Առաջիկա խաղի մասին ի՞նչ կասես:
- Ինչ խոսք, դժվարին խաղ է լինելու: Սակայն մենք ամեն ինչ պետք է անենք ընտրական մրցաշարը հաղթանակով սկսելու համար: Դա լրացուցիչ լիցք կհաղորդի ֆուտբոլիստներիս, հոգեբանական առումով ավելի հեշտ կլինի հաջորդ հանդիպումներին նախապատրաստվելը: Ճիշտ է, հաջորդ հանդիպումը Եվրոպայի չեմպիոն իսպանացիների հետ ավելի դժվար է լինելու: Բայց առայժմ մենք կենտրոնացած ենք թուրքերի հետ հանդիպման վրա:
- Կարծիք կա, որ թուրքերի հետ հանդիպման շուրջը վերջին շրջանում բազմաթիվ խոսակցությունները, կրքերի բորբոքումը, խաղը քաղաքականացնելը, ֆուտբոլիստների վրա հոգեբանական լրացուցիչ ճնշում է: Իրոք դա այդպե՞ս է:
- Բոլորի անունից խոսել չեմ կարող, սակայն ինձ համար ոչ մի ճնշում չկա, շատ նորմալ եմ զգում: Նախապատրաստվում եմ այնպես, ինչպես նախորդ խաղերին: Ինձ համար նշանակություն չունի, թե ով է մրցակիցը: Ճիշտ է, այս հանդիպման շուրջ շատ ենք խոսում, քննարկում հնարավոր իրավիճակները: Բոլորս էլ գիտակցում ենք հանդիպման կարեւորությունը եւ ձգտելու ենք անպայման հաղթել: Իսկ սպորտը քաղաքականացնելու կարիք չկա: Ֆուտբոլը պարզապես սպորտ է եւ կհաղթի այն թիմը, ով այդ պահին ավելի ուժեղ կլինի հոգեպես ու ֆիզիկապես:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ