Վնասվածքից ապաքինվելուց հետո կրկին Հայաստանի հավաքականի դարպասը պաշտպանելու է հրավիրվել փորձառու Ռոման Բերեզովսկին, որի հետ ճեպազրույցը կայացավ հերթական մարզումից հետո:
- Ռոման, ինչպե՞ս ես տրամադրված խաղին:
- Ինչ խոսք, Թուրքիայի հավաքականը շատ ուժեղ է, ինչն ապացուցեց Եվրոպայի առաջնությունում: Սակայն լինում են խաղեր, որ ֆուտբոլիստների բարձր տրամադրվածության, անձնազոհության շնորհիվ հնարավոր է հաղթել ուժեղ մրցակցին: Խաղի կարեւորությունը շատ մեծ է, այն մեկնարկային հանդիպումն է եւ պետք է ձգտել հաղթել: Կարծում եմ ֆուտբոլասերների բուռն աջակցությունն էլ մեզ զգալի օգնություն կլինի դրականորեն լուծելու մեր առջեւ դրված խնդիրը: Ինչ վերաբերում է ինձ, ապա ամեն ինչ նորմալ է: Իսկ թե ինչպե՞ս կդասավորվի խաղը, դժվար է գուշակել:
- Դուք ձեզ վրա լրացուցիչ ճնշում, լարվածություն զգո՞ւմ եք:
- Ոչ: Մարզիչը մեզ հնարավորություն է ընձեռել հանգիստ պայմաններում եւ առանց որեւէ լարվածության նախապատրաստվել հանդիպմանը:
- Ընթացիկ մրցաշրջանում «Խիմկին» անհաջող է հանդես գալիս եւ շատ է գոլեր բաց թողնում, իհարկե, ոչ քո մեղքով: Դա հոգեբանորեն չի՞ ազդում քո վրա:
- Իհարկե, ազդում է: Իմ մարզական կարիերայում չեմ հիշում մեկ այլ մրցաշրջան, որ այսքան շատ գոլեր բաց թողնեի: Փաստորեն, միջինը մեկ խաղում 2 գոլ ենք բաց թողնում, ինչը ՌԴ առաջնության համար վատ ցուցանիշ է: Ձգտում եմ այժմ այդ մասին չմտածել ու ամբողջ ուշադրությունս կենտրոնացրել եմ թուրքերի հետ հանդիպման վրա: Կփորձեմ սխալներ թույլ չտալ ու նպաստել հավաքականի հաջողությանը: Հուսանք, որ թուրքերի հետ հանդիպումն ինձ լրացուցիչ լիցք ու վստահություն կհաղորդի հետագա ելույթներիս համար:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ