Ներազգային ճգնաժամի արտաքին ռազմավարական դրսեւորման հարցի շուրջ
ԼԵՎՈՆ Ղ. ՇԻՐԻՆՅԱՆ, Քաղաքագիտության դոկտոր
Անվիճելի է, որ ժամանակակից աշխարհը գլոբալ իմաստով կառավարվում է եւ առայժմ, միաբեւեռ է: Ասել կուզիՙ նա ունի գլխավոր շերիֆ, որն իր հերթին աշխարհի տարբեր մասերումՙ տեղապահ շերիֆներ: Եվ այդ գլխավոր շերիֆը, ինչպես հասկանում եք, Միացյալ Նահանգներն են, որի հետ իր տեղապահները երբեմն ունենում են նաեւ հակասություններ, տարաձայնություններ, սակայն վերջիններս գլխավոր հարցերում եւ կարեւորը, անհրաժեշտ պահին, ենթարկվում են գերտերության կամքին, լավագույն (վատթարագույն) դեպքումՙ լռում: Մինչեւ վերջերս այդպես է վարվել նաեւ ամենաըմբոստներից Ռուսաստանը (բացառություններն այստեղ կարծես հաստատում են կանոնը): Մերկապարանոց չթվալու համար վկայակոչենք ժամանակակից համաշխարհային քաղաքականության այնպիսի կերտիչներից մեկին, ինչպիսին է Զբինգնեւ Բժեզինսկին: Նա գրում է, որ Քուվեյթ Սադդամ Հուսեյնի ներխուժումից հետո ԱՄՆ-ն իր վրա վերցրեց Իրաքի դեմ պատասխանատու գործողությունների կազմակերպչի դերը: Գորբաչովյան Խ. Միությունը, որի զինվորական խորհրդականների ուժեղ ազդեցության տակ էլ գտնվում էին Իրաքի գործողությունները, ի վիճակի չլինելով (չհամարձակվելո՞վ- Լ. Շ.) գտնել առարկություններ, 1991 թ. օգոստոսի 31-ին միացավ Միացյալ Նահանգներին: Նույն վարքագիծը դրսեւորեց ելցինյան Ռուսաստանը Քլինթոնի կառավարման տարիներինՙ ՆԱՏՕ-ի ընդարձակման պարագայում եւ հարավսլավական ճգնաժամի ծանր օրերին: ԱՄՆ-ի «տնտեսական ու ֆինանսական օգնությունը, ուղղամտությամբ հայտարարում է Զ. Բժեզինսկին, փոխհատուցում էր Ռուսաստանինՙ Կենտրոնական Եվրոպայում նրան նվաստացնող իշխանության կորստի դիմաց» (БжезинскийЗб.Ещеодиншанс.Трипрезидентаикризисамериканскойсверхдержавы.М., 2007,стр. 122): Ընդ որում, Քլինթոնը, մեծ կարեւորություն տալով դեմոկրատական արժեքներին փարած Ելցինի իշխանության պահպանմանը, օժանդակում էր նրան` «հաշվի առնելով Ռուսաստանում տնտեսական խառնաշփոթությունը, տնտեսական ձգձգվող անկումն ու նրա ֆինանսական ճգնաժամը» (նույն տեղը):
Ուրեմն, իրոք, կա գլխավոր շերիֆ, եւ այդ շերիֆն ունի տեսակետ, բնավորություն, կամք եւ ուժ` իր տեսակետը կյանքի կոչելու: Դրա համար էլ, պարզվում է, ժամանակին մշակել են եւ կատարելագործել տեսական հայեցակարգեր, որոնցից մեկն էլ Անակոնդայի ռազմավարությունն է: Այն կյանքի է կոչվել եւ կիրառվել քաղաքացիական պատերազմի տարիներին (ԱՄՆ), գեներալ Ջորջ Մակլելլանի կողմից Հյուսիսիՙ Հարավի դեմ պայքարում: Ծովակալ Ա. Մահանը ժամանակին այս ռազմավարությունը վերածեց գլոբալ մոտեցման եւ տարածեց աշխարհի վրա ( տե՛ս Mahan, Alfred T. The influance of Sea Power in history , 1660-1783, Boston, 1890): Նորագույն պատմության շրջանում Անակոնդայի ռազմավարությունը կիրառվեց Խ. Միության եւ նրա ստեղծած ճամբարի դեմ: Արդյունքները քաջ հայտնի են: Սա ընդհանրապես եւ ի գիտություն պատկան մարմիններին, ընտրակեղծիքների հիմնադիր նախագահին եւ նրա թիմի, արմատական ընդդիմությանը, կշռաքարի նման Հայաստանի առաջընթացի ոտքերից կախված զանազան քաղաքականացված տնտեսական կլաններին եւ, ի վերջո, պատրանքազերծ քննախույզ անհատների:
... Եվ այսպես. անակոնդան վիշապների ընտանիքի օձ է, ջրային վիշապ, որը խեղդելով զոհին եւ նրան դարձնելով խյուսՙ նման նրբերշիկին, սուզվում է եւ դանդաղորեն կլլում նրան: Ուրեմն, անակոնդան խեղդում է զոհինՙ փաթաթվելով նրան մարմնով, սակայն մինչ նրան կուլ տալը, վերածում է կպչուն, թանձր ցեխի (месиво) նման նրբերշիկի: Ընդսմին, անակոնդան, լինելով կենդանածին (70-100 ձագ), բազմանում է նաեւ ձվադրմամբ (Միխեիլ Սաակաշվիլինՙ Վրաստանում, Վիկտոր Յուշչենկոնՙ Ուկրաինայում, մասամբՙ Ալիեւ-կրտսերըՙ Ադրբեջանում եւ այլն): (Հանգամանորեն տե՛սКлючниковБ.Анаконда.- "Нашсовременник", 1995, N5,стр. 148-165,КлючниковБ.Ф.Исламизм,СШАиЕвропа.Войнаобъявлена!М. 2003): Պարզ է, որ անակոնդան հիմնականում եւ գլխավորապես ինքն է ընտրում իր զոհին, սակայն երբեմն էլ (ինչպես կարող է լինել մեր պարագայում), ինչ-ինչ պատճառներով, որեւէ ենթակա (սուբյեկտ) ինքն է հայտնվում նրա խեղդիչ օղակների գալարներում... (գրեթե ամբողջությամբ Հ. Թումանյանի մոտիվներով):
Պարզեմ ասելիքս:
Արցախյան շարժման տարիներին եւ ընդհուպ 1995 թվականի ՀՀ ԱԺ ընտրություններ ու Սահմանադրական հանրաքվեՙ նորանկախ Հայաստանը տարածաշրջանում ցույց էր տալիս ժողովրդավարական զարգացման օրինակ եւ արդարացիորեն հավակնում էր «ժողովրդավարության կղզյակի» դերին: Թվում էր, թե այդ ուղիով էլ ընթանալու էր հայոց ազգային-պետական կյանքը մայր հայրենիքում: Սակայն, ստորջրյա գործընթացները երկրում, որոնք հիմնականում պայմանավորված էին ապամոնտաժված խորհրդային ժառանգության «արդիականացմամբ»` ազգային տնտեսության վայրենի թալանով, եւ որպես հետեւանքՙ հասարակության բովանդակ կյանքի կլանայնացմամբ ու քրեական կապիտալի հետ պետական կառույցի սերտաճմամբ, Հայաստանը դուրս շպրտեցին բնականոն էվոլյուցիայի հունից: Այսուհետեւ տարբեր մակարդակի եւ տարբեր կարգի ընտրություններ կեղծել-եղծելը, այդ միջոցով իշխանության ղեկին մնալը կամ նրան վերադառնալը դարձավ «հասարակական» պահանջ: Ձախողվեց քաղաքացիական հասարակություն ստեղծելու եւ քաղաքակիրթ ու արժանապատիվ կյանքով ապրելու եզակի շանսը: Ընտրակեղծիքը դարձավ կենսաձեւ, կենցաղ եւ նաեւ արհեստ: Եվ այս բոլորը` զանգվածային գործազրկության կամ չվարձատրվող աշխատանքի երկրում:
Պառակտվեց նախկինում միաձույլ ու միակամ հայությունը մայր հայրենիքում, այն Հայաստանում, որը քաղաքակրթությանը տվել էր պետականաստեղծ թռիչքի աննախադեպ օրինակ 301 թվականին, այն Հայաստանում, որտեղ ընդհուպ 1915 թվական, գոյապայքարի ծանրագույն պայմաններում էլ, բարձր էր պահվել Մերձավոր ու Միջին Արեւելքում քրիստոնեական քաղաքակրթության լուսավոր ջահը... Երկիրն աստիճանաբար սկսեց սահել «երրորդ աշխարհի» հետնախորշ:
2008 թվականի մարտի 1-ին 1995-ին հիմնադրված գործընթացները հասան իրենց տրամաբանական ավարտին. մերօրյա Հայաստանն, իր գոյության ու պայքարի պատասխանատու շրջափուլում, կանգնեց փակուղու դիմաց:
Որքան էլ, սակայն, տարօրինակ թվա եւ օտար հնչի, ներքին հակասությունների մեջ խճճված եւ արտաքին ահագնացող մարտահրավերներին դեմ-հանդիման հայտնված երկրի հիմնախնդիրների հանգուցալուծումը, որը բխում է Հայաստանի ազգային-պետական շահերից, ցույց է տալիս Բրյուսելը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2008 թվականի ապրիլի 17-ի թիվ 1609ՙ «Ժողովրդավարական ինստիտուտների գործառույթը Հայաստանում» բանաձեւով: Որոշակի իմաստով առաջինի լրացումն է ԵԽԽՎ-ի 2008 թվականի հունիսի 25-ի 1620 բանաձեւը:
Եթե փորձենք ԵԽԽՎ-ի 2 բանաձեւերի համատեղ գնահատման եւ համալիր մոտեցման միջոցով գտնել այն ոսկե միջինը, որ առաջարկում է (իսկ ենթատեքստումՙ խստագույնս պահանջում) Բրյուսելը Երեւանին, ապա այն հանգում է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման անվերապահ ճանաչման միջոցով ուղղություն վերցնել դեպիՙ
ա) իրավական պետության կառուցում,
բ) քաղաքացիական հասարակության կայացում:
Այլապես, ինչպես նշվում է 1620 բանաձեւի 8-րդ կետում, «Վեհաժողովի 2009 թ. հունվարյան նստաշրջանի բացման ժամանակ կդիտարկվի Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության քվեարկելու իրավունքները կասեցնելու հնարավորությունը»: Ասված է դիվանագիտորեն, իսկ իրականության մեջ խոսքը պատժամիջոցների մասին է. հունվար ամսին (ամենացուրտը Հայաստանում), կիսաշրջափակված եւ կես-խաղաղության, կես-պատերազմ կյանքով ապրող Հայաստանում, դեպի ՆԱՏՕ եւ Թուրքիայի գիրկը անկասելիորեն մղվող Վրաստանի կողքինՙ պատանդ ունենալով Ջավախքի ազգային տարածքն ու վիրահայությունը, հունվար ամսին, երբ ԱՄՆ-ում կսկսի պաշտոնավարել նոր նախագահՙ արդեն անցյալում նախընտրական նեյնիմներն ու ուժերը սպառած հայկական լոբբին (քաղաքական շահախումբ), ընդսմին, դեմոկրատ Բարաք Օբամայի պարագայումՙ շրջապատված հրեական էսթեբլիշմենթի ոչ անհայտ դեմքերով: Հիշեք Մադլեն Օլբրայթին, կարդացեք Զբ. Բժեզինսկուն, եւ մութ անտառի հետեւում ծառերը կսկսեն երեւալ: (Մակքեյնի հաղթանակի պարագայում մեր կարծիքը տե՛ս «Ազգ»-ի հունիսի 14-ի համարում):
Ուրեմն, Հայաստանի անվտանգությունն ու զարգացումը ո՛չ «եվրոպական բյուրոկրատիայի» հանդեպ հոխորտանքների մեջ են, եւ ո՛չ էլ սովետական «շուստրիությունների»... Քանզի առաջին, ինչպես հայտնի է, այդ նույն բյուրոկրատիան մի անգամ, 1915 թվականին, Հայաստանը ողջակիզել է թուրքական երախում եւ, երկրորդ, քաղաքական իրապաշտությամբ (ռեալիզմ) առաջնորդվող ու ուժերի հավասարակշռությանը հետամուտ Արեւմուտքին «ֆռռցնել» ու «գցել» չի հաջողվի: Վատ քողարկված ցանկությունը պատրանքների տիրույթից է եւ ո՛չ ավելին: Անզուգական Կոմսը (Վահան Փափազյան), հետահայաց գնահատելով ազգային ընտրանիի հայկական բարենորոգումների (1912) շրջանի գործունեությունը, գրում է. «Անըմբռնելի հանդգնություն մըն էր այս, որուն արդյունքը վայելեցինք երեք տարի վերջը», իսկ խոհուն Հովհ. Քաջազնունին հայ-թուրքական պատերազմում (1920 թ. աշուն) Հայաստանի ջախջախման պատճառ էր համարում «մեր սեփական ապիկարությունը եւ մեր պետական գործերը վարելու անձեռնհասությունը»: Եվ` ստորաքարշ դավաճանությունը (Կարս, 1920 թ., հոկտեմբերի 30):
Իրոք որ պատմությունն արժեքավոր է իր դասերի մեջ:
Անակոնդայի (ատլանտյան) սկզբունքը, ըստ էության, երկարաժամկետ երկրառազմավարության ամբողջական տեսակ է, որը ենթադրում է թշնամական տարածքի պաշարում (մեկուսացում ծովի կողմից եւ շրջափնյա գծերով), որոնք աստիճանաբար նեղանում են, ինչպես «անակոնդայի» օղակները, որոնք հետզհետե հանգեցնում են հակառակորդի ռազմավարական հյուծումին եւ տնտեսական խեղդամահությանը: (Եվ վերջ):
Հուսանք, որ ՀՀ ռազմաքաղաքական պատասխանատուներն ու «տնտեսական ակտիվի» ներկայացուցիչները, դիմությունն ու ամեն կարգի ընդդիմություն գնահատում են պահի լրջությունը եւ ըմբռնում երկու հանգամանք. նախ անակոնդայի խեղդող օղակներում Աստված մի արասցե հայտնվող Հայաստանը, որպես տարածաշրջանի (ե՛ւ հարավկովկասյան, եւ մերձավորարեւելյան) հավասարակշռության կարեւորագույն բաղադրիչներից մեկը, կխախտի համակարգի բնականոն գործառույթը, պարզ է, ի վնաս իրեն: Եվ այն հղի է, բառիս բուն իմաստով, անկանխատեսելի հետեւանքներովՙ ուրիշների համար: (Մեզ համար ամեն ինչ պարզ է եւ կանխատեսելի): Այնուհետեւ Հայաստանը, այդուհանդերձ, Պարսկաստան չէՙ «երկիր փառահեղ կայսերական պատմությամբ եւ ազգային ինքնագնահատման զգացմունքով» (Զբ. Բժեզինսկի):
Ուստիՙ որքան որ իմպերատիվ պահանջ եւ ազգային անվտանգության հիմնախնդիր է [ծանոթություն. Ռուսաստանի վերականգնվող ռազմատնտեսական հզորությունն ու քաղաքական ակտիվությունը անխուսափելիորեն նոր երանգներ են հաղորդելու տարածաշրջանային մրցակցությանը: Ոճիր կլինի նոր մարտահրավերների դեմհանդիման Հայաստանը գտնել թուլացած գործադիր, (նույնն է` նախագահական) իշխանությամբ] ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքի ճանաչումը, այնքան էլ անխուսափելի է ներազգային համաձայնությունն ու ներպետական կոնսենսուսի վերահաստատումը, որը խորքային իմաստով խախտվել է 1995 թվականին: Նշանակում է, խորհրդարանական ընտրությունները, որպես համազգային ճգնաժամը հաղթահարելու 2-րդ քայլ, յոթ սարի հետեւում չեն: Ամենահարմար ժամանակահատված կարելի է դիտել 2009 թվականի մայիսը, հայոց հաղթանակների եւ միակամության ամիսը:
Հայ ազգային կոնգրեսը, ինչպես մեզ է թվում, դառնում է աջ-կենտրոնամետ բլոկի առանցքը: Գնդակը տարիմաստությունների թնջուկ - կառավարող կոալիցիայի դաշտում է: Հայաստանը թեւակոխում է եվրոպական պառլամենտարիզմի ուղի: Հայաստանը պետք է գնա եվրոպական պառլամենտարիզմի ուղիով: