«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2008-09-05 | #162, 2008-09-06 | #163, 2008-09-09


ՎՐԱՍՏԱՆԻ՞Ն ԷԼ Է ՊԵՏՔ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐՈՒԹՅՈՒՆ

Ընդդիմությունը երկրի համար «վրացամետ» կառավարություն է ցանկանում

Նախորդ տարվա նոյեմբերյան իրադարձությունները Վրաստանում սկսվեցին ընդդիմության հանրահավաքով ու այնպիսի «անմեղ» պահանջով, ինչպիսին երկրի խորհրդարանական ընտրությունները նախագահ Միխեիլ Սաակաշվիլու ներկայացրած ժամկետում չանցկացնելու ձեւակերպումն էր:

Այն ժամանակ Թբիլիսիի նույն այն խորհրդարանական հրապարակում, որտեղ տարիներ առաջ տեղի էր ունեցել «վարդյա հեղափոխությունը», հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց համար միացյալ ընդդիմության ձեւակերպումները որպես պահանջներ այնքան էլ հասկանալի չէին, քանի որ շարքային քաղաքացու համար ընտրությունների օրվա խնդիրը բնավ էլ այնպիսի կենսական նշանակություն չունի, որ նրան փողոց դուրս բերի:

Բայց քանի որ այդքան մարդ հայտնվել էր Ռուսթավելու փողոցում, ընդդիմությունը անմիջապես հանրահավաքային իրավիճակին շատ ավելի հարիր պահանջ հնչեցրեց, որ մինչ այդ էլ կար ընդդիմության պահանջ-ձեւակերպումներում, սակայն հրապարակայնության բնավ էլ անհրաժեշտ մակարդակը չուներ:

Ինչեւէ, հնչեցրին Վրաստանն առանց նախագահի տեսնելու պահանջ, որ հետո վերաձեւակերպվեց նաեւ որպես երկրի նախագահի հրաժարականի պահանջ` անգամ մինչեւ խորհրդարանական հանրապետություն ունենալու պահը: Եվ եթե իր ժամանակին Միխեիլ Սաակաշվիլուն հաջողվեց թոշակի ուղարկել 2003-ին Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեին, ապա վրաց ներկայիս ընդդիմությունը չկարողացավ երկրի ղեկավարի պաշտոնից հեռացնել Սաակաշվիլուն:

Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը Հարավային Օսիայում սկսված ռազմական գործողությունները կարծես կարող են այդօրինակ քայլն իրագործելու հնարավորություն կամ միջոց դառնալ վրաց ընդդիմության համար, քանի որ ռազմական դրության օրերին լռությամբ իշխանություններին աջակցող ընդդիմադիրները սկսել են բարձրաձայնել այլ ղեկավարություն, կառավարություն ունենալու մասին:

Վրաց ընդդիմությունն այժմ խոսում է առավել բարձր մակարդակով փոփոխությունների, իսկ ավելի կոնկրետ, ինչպես հայտարարել է Վրաստանի լեյբորիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլին, ստեղծված իրավիճակից միակ ելքը իշխանությունից կառավարության հրաժարումն է, եւ որ երկրի ղեկին կանգնի նոր, «վրացամետ» կառավարություն` առնվազն ոչ ռուսամետ եւ ոչ էլ ամերիկամետ կառավարություն ունենալու տարբերակով:

Ու մինչ ընդդիմությունը բարձրաձայնում է այսօրինակ խնդիրների մասին, որ ավելի շուտ հարավօսական հակամարտության գոտում օգոստոսին տեղի ունեցած իրադարձությունների արձագանքով ու վրացական զինուժի ներկա «ձեռքբերումներով» է պայմանավորված, վրաց լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Վրաստանի կառավարությունում փոփոխություններ են սպասվում առանցքային պաշտոններում:

Մասնավորապես, «Կվիրիս պալիտրա» վրացական թերթի տեղեկացմամբ, Վրաստանի ներկայիս վարչապետ Լադո Գուրգենիձեին կփոխարինի իշխող կուսակցության «գորշ կարդինալ», նախկին գլխավոր դատախազ, Սաակաշվիլու ընկեր Զուրաբ Ադեիշվիլին:

Պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլին եւս կդադարի զբաղեցնել այդ պաշտոնը ճիշտ այնպես, ինչպես արտգործնախարար Իկա Տկեշելաշվիլին, ում տեղում կհայտնվի ներկայիս փոխարտգործնախարար, Սաակաշվիլու սիրելիներից Գիգա Բոկերիան: Հրաժարական է սպասում, ըստ թերթի հրապարակման, նաեւ Վրաստանի հետախուզության վարչության ղեկավար, նախկին ԱԳ նախարար Գելա Բեժուաշվիլուն, տնտեսական զարգացման, գիտության ու կրթության նախարարներին:

Այս ամենի ֆոնին երեկ Մոսկվա ու Թբիլիսի այցելության ճանապարհներին էին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Եվրոհանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Եվրոմիության միասնական արտաքին քաղաքականության ու անվտանգության գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան: Երեք բարձրաստիճան պաշտոնյաները երեկ Մոսկվայում արդեն եւս մեկ անգամ հաստատեցին, որ այցելության նպատակը օգոստոսյան ռազմական գործողություններին հետեւած Ռուսաստան-Վրաստան-Ֆրանսիա 6 կետանոց համաձայնագրի կետերի կատարման կարեւորումն է: Եռյակի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, թե համաձայնագրի հաստատումից անցել է շուրջ մեկ ամիս, բացի այդ, տեղի են ունեցել տարբեր իրադարձություններ, որոնք եւս ազդել են այդ համաձայնության բովանդակության վրա:

Դժվար է նախապես որոշել, թե ինչ կտան հիշատակված եռյակի հանդիպումները ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Վրաստանի նախագահների հետ, բայց ակնհայտորեն դրանք վերջակետ չեն դնի ստեղծված իրավիճակում: Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը, Վրաստանի կողմից էլ ընդդեմ Ռուսաստանի Հաագայի դատարանում դատական ընթացք սկսելու նախաձեռնությունը սկիզբ են դնում այլ որակի գործընթացների, որոնց պարագայում անգամ Մեդվեդեւ-Սարկոզի համաձայնությունը կարող է չհասնել իր վերջնագծին:

Ամեն դեպքում, ինչպիսին էլ լինի իրադարձությունների զարգացման հետագա սցենարը, ամենայն հավանականությամբ Վրաստանի պարագայում տեղի կունենան փոփոխություններ, այն էլ ոչ միայն նախարարական պորտֆելների մակարդակով:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4