Սեպտեմբերի 7-ին մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, վերընտրվել է Արայիկ Քոթանջյանը (ՀՀԿ), Արաբկիրում ընտրվել է Ալբերտ Երիցյանը (անկուսակցական), Նուբարաշենում` միակ թեկնածու Մհեր Հովհաննիսյանը (ԲՀԿ), Էրեբունիում` Արմեն Հարությունյանը (ՀՀԿ): Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Քանաքեռ-Զեյթուն համայնքում հաղթող թեկնածուի օգտին քվեարկել են 12 հազար 042 ընտրողներ: Մյուս թեկնածուներից Մանուել Գասպարյանն (ԺՈՒԿ) ստացել է 8 հազար 046, Վարուժան Մկրտչյանը (անկուսակցական)` 682 կողմ ձայն: Արաբկիրում Ա. Երիցյանի օգտին քվեարկել է 16 հազար 591, Հովհաննես Շահինյանի (ՀՀԿ) օգտին` 7 հազար 172, Զոյա Թադեւոսյանի («Ժառանգություն») օգտին` 5 հազար 608, Աշոտ Մնացականյանի (ՀԱԿ)` 181 ընտրող:
Նուբարաշենում 3 հազար 386 ընտրողներից Մ. Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 3 հազար 290 քաղաքացի: Էրեբունի համայնքում ընտրություններին մասնակցած 23 հազար 060 քաղաքացիներից 21 հազար 184-ն իրենց ձայնը տվել են միակ թեկնածու Ա. Հարությունյանին: Ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացրել հասարակական ութ կազմակերպություններ` 1313 դիտորդով: