Դրանց աճեցման ջերմատունը պատրաստ կլինի հոկտեմբերին
2008-ի գարնանը Երեւանում կանաչ տարածքներն, ըստ քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանի, ավելացել են մոտ 60 հա-ով: Դրանից 31 հա-ն Շենգավիթի տարածքում է, մնացածըՙ մյուս համայնքներում: Տնկվել են մոտ 56 հազար ծառ եւ 25 հազար թուփ: Քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ բնապահպանության վարչության պետը նորատունկ ծառերի կպչողականությունը բնութագրեց որպես լավ: Մասնավորապես, Շենգավիթում այդ ցուցանիշը կազմել է 80 տոկոս, մյուս համայնքներումՙ 65-70 տոկոս: Դրա պատճառն այն է, որ ծառատունկն իրականացվում է ոռոգման ցանցը կառուցելուց կամ վերականգնելուց հետո:
Աշնանը նախատեսվում է եւս 40 հա-ով ավելացնել կանաչ տարածքները մայրաքաղաքում, այս տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, այդ տարածքների թիվը ավելացած կլինի 100 հա-ով, իսկ նորատունկ ծառերը կկազմեն մոտ 100 հազար:
Ավետ Մարտիրոսյանի հաղորդած մյուս տեղեկությունն այն էր, որ 2009-ից Երեւան քաղաքը տնկիներ չի ներմուծելու: Ավարտին են մոտենում դրանց աճեցման համար կառուցվող ջերմատան, ինչպես նաեւ դեկորատիվ բույսերի աճեցման ձեռնարկության շինարարությունները: Դրանք նախատեսված են շահագործման այս տարվա հոկտեմբերին:
Վերջին երեք ամիսներին քամուց մայրաքաղաքում տապալվել է 74 ծառ: Բոլոր համայնքներում գույքագրվել են հատման կամ կտրման ենթակա չորացած եւ վթարային ծառերը: Բնապահպանության վարչության պետը հայտնեց նաեւ, որ փոխվելու են Խորենացի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցների ծառերը, ինչպես դա արվեց Հանրապետության հրապարակում: Ինչ վերաբերում է ապօրինի ծառահատումներին, ապա վերջին երեք ամիսներին գրանցվել է 4 այդպիսի դեպք, որոնք արձանագրվել եւ ուղարկվել են բնապահպանության նախարարություն:
Ա. Մ.