«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2008-09-05 | #162, 2008-09-06 | #163, 2008-09-09


ՍՊԱՀԱՆՈՒՄ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀԱՖԵԶԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ ԱԶԱՏ ՄԱԹՅԱՆԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՄԲ

Վաղուց գաղտնիք չէ, թե մարդկության զարգացման համար ինչ հսկայական նշանակություն ունեն տարբեր ազգերի միջեւ մշակութային շփումները, կապերը, երկխոսությունը: Այս առումով հատկապես կարեւոր է, որպեսզի հասարակության ընթերցող շերտերին հնարավորություն ընձեռվի ծանոթանալու համաշխարհային մեծություններ հանդիսացող ստեղծագործողների աշխատանքներին: Այդ վեհ գործի նվիրյալներից է իրանահայ բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Ազատ Մաթյանը, որի շնորհիվ 2007-ին լույս տեսավ «Հաֆեզ. գազելներ» թարգմանությունների ժողովածուն, որտեղ ներառված են Իրանի հռչակավոր բանաստեղծ, Արեւելքի մեծագույն սիրերգակ Հաֆեզի լավագույն գազելների հայերեն թարգմանությունները: Այս ժողովածուի շնորհիվ հայ ընթերցողին հնարավորություն է տրվել ավելի մոտիկից զգալու համաշխարհային ճանաչում գտած քնարերգուի պատկերացրած կյանքի ու սիրո աշխարհը, քնարերգուի, որը ժամանակին գրել է.

«Հաֆեզ, երգով նվաճեցիր դու արեւմուտք ու արեւելք,

Քաղցր խոսքիդ են սպասում հիմա հյուսիս ու հարավում»

տողերը, հիրավի, մարգարեական էին:

Այս աշխատանքը առաջինը չէ Սպահանի համալսարանի հայոց լեզվի եւ գրականության դասախոս Ազատ Մաթյանի համար: Մինչ այդ նրա կողմից հրատարակվել են «Անապատի ծաղիկներ», «Չընդհատվող եղանակ», «Ո՞վ է Չարենցը», Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը» պարսկերեն, ինչպես նաեւ հայերեն է թարգմանել «Օմար Խայամ» քառյակները եւ այլ գործեր:

Հարկ է նշել, որ ներկայացվող գիրքն աչքի է ընկնում թարգմանչական հիանալի վարպետությամբ: Այնտեղ դեմ դիմաց տեղադրված են գազելների հայերեն թարգմանություններն ու պարսկերեն տարբերակները, ինչը հնարավորություն է ընձեռում ընթերցողների լայն շրջանակներին մեկ անգամ եւս վայելելու մեծագույն բանաստեղծի ստեղծագործություններըՙ իսկ պարսից լեզվի գիտակներինՙ նաեւ համոզվելու եւ գնահատելու Ազատ Մաթյանի կատարած բարձրակարգ աշխատանքը: Կարեւորն այն է, որ թարգմանչին հաջողվել է օգտագործել հայոց լեզվի ողջ ճկունությունը եւ թարգմանության ընթացքում պահպանվել են հաֆեզյան շունչն ու ոգին: Ընթերցողին մնում է միայն բացել Սպահանի «Թաղիղաթե Նազար» հրատարակչության գիրքը եւ հիանալ քնարերգակի անկրկնելի տաղանդով:

ԱՐԱՄ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4