Ագռավների ակտիվացումը մայրաքաղաքում բնապահպանները կապում են աղբի կուտակումների հետ: Այս թռչունների ակտիվացման դեմ բնապահպանության նախարարությունում հատուկ միջոցառումներ չեն կազմակերպվում: Գործում է միայն բնապահպանության նախարարի ամենամյա որոշումը. արդեն ավանդական դարձած որսաշրջանի բացումը մեկնարկել է, նախորդ տարիների պես, ամռան վերջին ամսվա նախավերջին շաբաթին: Օգոստոսի 23-ից հայտարարված որսաշրջանի ընթացքում որսի համար թույլատրելի կենդանիների ու թռչունների ցանկում ամեն տարի տեղ է գտնում նաեւ ագռավների մոխրագույն տեսակը:
«Հայաստանում կա ագռավների սեւ տեսակ, որը կարմիր գրքում է գրանցված եւ որսի համար անթույլատրելի է», ասում է կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետի տեղակալ Միխայիլ Ոսկանովը:
Ագռավների ակտիվացումը նկատել են հատկապես հենց ագռավներից տուժած երեւանցիները: Տիկին Ռիման ագռավների հարձակումներին հերոսաբար դիմադրած քաղաքացիներից մեկն է. «Աշխատանքից տուն վերադառնալիս հանկարծ գլխիս ուժեղ հարված զգացի, չէի հասցրել ցավից սթափվել, երբ գլխիս զգացի երկրորդ ու հետո երրորդ հարվածը, միայն այն ժամանակ հասկացա, որ ագռավն է հարվածում, երբ սկսեց կռկռալ ու իր կռկռոցից եւս երկու ագռավ եկան ու նստեցին գլխիս», պատմում է տիկին Ռիման ու սարսափով ավելացնում, «Եթե ճանապարհի անցորդներն օգնության չհասնեին, երեւի այդ ագռավները գլուխս կծակեին»:
Ագռավների ակտիվացման նման դրսեւորումները, Թռչնասերների կենտրոնի նախագահ պարոն Ադամյանի համոզմամբ, ունեն մեկ պատճառ. «Անցորդները, հավանաբար անցել են այն ճանապարհով, որտեղ գտնվել են ագռավների ձագերը, եւ նման ագրեսիան լոկ պաշտպանական նպատակ է ունեցել»:
ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ