Կարիք չկա, որ Անկարան դառնա թագավորից ավելի թագավորական եւ Ղարաբաղով պայմանավորի Հայաստանի հետ հարաբերությունները»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
Ինչպես գրել էինք նախորդ համարում, թուրքական մամուլը, բնութագրելով իբրեւ պատմական նախագահ Աբդուլլահ Գյուլի Երեւան կատարած այցը, ընդգծել էր, որ նա եւ նրան ուղեկցող արտգործնախարար Ալի Բաբաջանը տպավորված են այցից եւ գոհունակությամբ են արտահայտվում իրենց հայ պաշտոնակիցների հետ ունեցած հանդիպումների մասին: Ըստ երեւույթին, նախագահ Գյուլին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ցուցաբերած ջերմ ընդունելությունը տպավորել է նաեւ այցը լուսաբանող թուրք լրագրողներին, որ նրանք գրեցին երկու երկրների նախագահների, ինչպես նաեւ Բաբաջանի հետ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումների անկեղծ մթնոլորտի մասին, գնահատելով դրանք դրական ու կառուցողական:
Սեպտեմբերի 8-ին թուրքական մամուլը Գյուլի երեւանյան այցը լուսաբանող բազմաթիվ հրապարակումների կողքին հրապարակել էր նաեւ մեկնաբանություններ, որոնցում հաճախ այցի դրական գնահատականները հիմնավորվում էին Երեւանում անձնական շփումներից ստացած ոչ պակաս դրական տպավորություններով:
Թուրքական կենտրոնական թերթերը մեկնաբանություններով Աբդուլլահ Գյուլի պատմական այցը վերլուծել են նաեւ երեկվա համարներում: Սակայն վերլուծականներում շեշտադրությունը ոչ թե տպավորությունների վրա է դրվում, այլ այն հեռանկարների, որոնք բացվել են երկու երկրների նախագահների եւ արտգործնախարարների հանդիպումներով:
Այդ վերլուծականներից կանխատեսումներով ամենահագեցվածը դեռեւս նախկին արտգործնախարար Իլթեր Թուրքմենինն է: «Հյուրիեթի» սեպտեմբերի 9-ի համարում «Շարունակություն կունենա՞ նախագահի երեւանյան այցը» վերնագրով լույս տեսած հոդվածում Թուրքմենը գրում է, որ լավ է այն, ինչ լավ ավարտ է ունենում, լավ է անցել նախագահ Գյուլի երեւանյան այցը, չի եղել որեւէ անախորժություն կամ ծայրահեղության դրսեւորում, բողոքի ակցիաները սահմանափակ էին, մարզադաշտում հայ ֆուտբոլասերները դրսեւորեցին օրինակելի զսպվածություն եւ հասունություն:
Նախկին արտգործնախարարը շարունակում է. «Հավանաբար, արձագանքելով Գյուլի հրավերին, պատասխան խաղի համար Թուրքիա կժամանի Հայաստանի նախագահը: Սակայն չի կարելի բավարարվել պետությունների ղեկավարների ֆուտբոլային հանդիպումներից բխող այցերով: Ինչպես «Ռադիկալի» սեպտեմբերի 7-ի համարում գրել էր Ջենգիզ Չանդարը . «Եթե երկրի նախագահի երեւանյան այցով պայմանավորված մերձեցմանը չհաջորդի երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը, ապա դա պատճառ կդառնա խորը հիասթափության, իսկ դրա առաջացրած անջրպետի հաղթահարումն էլ ավելի բարդ բնույթ կհաղորդի առկա դժվարություններին»:
Վերջում Իլթեր Թուրքմենը նշում է, որ Թուրքիայի նախագահը սոսկ արարողակարգային եւ խորհրդանշական այց չի կատարել Երեւան, ՀՀ արտգործնախարար Նալբանդյանը մամուլի ներկայացուցիչներին հայտարարել է, որ Գյուլին ուղեւորելուց հետո հանդիպել է Ալի Բաբաջանին եւ իրենք սահմանների բացման, երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթաց սկզբնավորելու հարցում եկել են համաձայնության:
Այնուհետեւ Թուրքմենն ավելացնում է. «Այս զարգացումը ենթադրում է էական փոփոխություն Թուրքիայի որդեգրած դիրքորոշման մեջ, որովհետեւ սահմանների բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար առաջարկվում էր ղարաբաղյան հակամարտության կանխավ կարգավորման նախապայմանի կատարումը: Հիմա այս գործընթացը զուգահեռաբար է ծավալվելու, թե՞ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները բոլորովին առանձին ձեւաչափով են քննարկվելու: Հարցի պատասխանը չգիտենք, սակայն ակնհայտ է, որ Ղարաբաղի հարցի արագ լուծումն այդքան հեշտ չէ, իսկ երկու գործընթացների կապակցումը կձգձգի Թուրքիա-Հայաստան հարաբերությունների նորմալացումը: Մինչեւ հիմա սահմանների բացումից եւ դիվանագիտական հարաբերություններից խուսափելու համար առաջ էին քաշվում հակաթեզեր: Դրանցից գլխավորն այն էր, որ Հայաստանը չի հրաժարվում Թուրքիայի նկատմամբ հողային պահանջից: Հատկապես ընդգծվում էր Հայաստանի անկախության հռչակագրում Արեւելյան Անատոլիան ներառող Արեւմտահայաստան արտահայտության առկայությունը եւ դրա արտացոլումը նաեւ սահմանադրության մեջ: Ակամա հարց է ծագում, եթե հռչակագիրն ու սահմանադրությունը ձեւակերպման առումով հստակ հողային պահանջ էին պարունակում, ապա ինչո՞ւ Հայաստանը ճանաչեցինք առաջիններից մեկը: Մեկ այլ տեսակետի համաձայն, խնդիրն այն էր, որ Հայաստանը չի հաստատում 1921-ի Կարսի պայմանագիրը: Այդ դեպքում նորից անհասկանալի է մնում, թե ինչու նախքան նրա անկախության ճանաչումը կանխավ չենք պահանջել, որ ճանաչի այդ պայմանագրով հաստատված առկա սահմանները»:
Իլթեր Թուրքմենին «Բիանեթ» կայքէջին տված հարցազրույցում լրացնում է դոկտ. Ջենգիչ Աքթարը : Թեեւ նա Գյուլի այցը նույնպես բնութագրում է պատմական, սակայն միաժամանակ նշում է այցի կոնկրետ արդյունքների առջեւ կանգնած արգելքների մասին: Ըստ Աքթարի, թուրքական պետությունն ակնկալում է, որ կատարված որեւէ քայլի դիմաց Հայաստանը պետական մակարդակով կհրաժարվի ցեղասպանություն բառից, ապա ավելացնում է. «Դա «տհաս երազանք» է, որովհետեւ Հայաստանն այդ հարցը պետական մակարդակով քննարկելու մտադրություն անգամ չունի: Մեկ այլ արգելքն Ադրբեջանի գործոնն է: Մինչ Թուրքիան կարեւոր նշանակություն է տալիս էներգիայի Ռուսաստանից դուրս այլընտրանքային պաշարներին, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցով կապում է նրա ձեռքն ու ոտքը: Սահմանների բացումը կարող է բախվել Ադրբեջանի գործոնին: Հանդիպման ավարտին Գյուլն ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էին. «Խնդիրները մենք ենք լուծելու եւ չենք թողնելու ապագա սերունդներին»: Սահմանների բացման դեպքում շատ բան կփոխվի: Դրա համար անհրաժեշտ է, որ քայլը Թուրքիան կատարի, որովհետեւ նրա ձեռքում կան ավելի շատ հաղթաթղթեր, ինչ խոսք, նաեւՙ ինքն ունի կատարելու ավելի շատ քայլեր»:
Աքթարի կարծիքով, որքան շատ արծարծվեն 1915-ի իրադարձությունները, այնքան լավ, որովհետեւ հատկապես երիտասարդությունն այլեւս կուլ չի տալիս «նման բան չի եղել» խայծը: «Հյուրիեթի» մեկ այլ հեղինակ Հադի Ուլուենգինն ի տարբերություն Աքթարի, ուշադրությունը գլխավորապես բեւեռում է ոչ թե Հայոց ցեղասպանության վրաՙ պատճառաբանելով, որ դա Թուրքիայի հետ հարաբերություններում իբրեւ նախապայման չի առաջադրվել, այլ Իլթեր Թուրքմենի պես կենտրոնանում է ադրբեջանական գործոնի վրա:
Ուլուենգինը գրում է. «Ադրբեջանին «չվիրավորելու» առնչությամբ ասեմ, որ չնայած Ղարաբաղի հիմնահարցի առկայությանը, Բաքվի եւ Երեւանի ղեկավարները բազմաթիվ հանդիպումներ են անցկացնում: Անկախ դրանից չպետք է մոռանալ, որ Ադրբեջանը ղեկավարում են ՊԱԿ-ի եւ խորհրդային բովերով տոգորված Ալիեւն ու նույն ավանդույթներով դաստիարակված գործիչները: Այսինքն, ադրբեջանական դիվանագիտությունը «ճկունությամբ» թուրքականին չի զիջում: Թերեւս դրա համար է սառը վերաբերմունք ցուցաբերում «Նաբուկո»-ի նման Թուրքիայի համար կենսական նշանակություն ունեցող նախագծերին, հանգելով, իհարկե, տարածաշրջանում Ռուսաստանի «վերահաստատման» եզրակացությանը: Հետեւաբար բոլորովին կարիք չկա, որ Անկարան Ադրբեջանին «թեւի տակ առնելու» նկատառումով դառնա թագավորից ավելի թագավորական եւ Ղարաբաղով պայմանավորի Հայաստանի հետ երկրի համար անհրաժեշտ հարաբերությունների կարգավորումը: Այլեւս դրա համար պատճառ էլ չկա, մանավանդ որ Ադրբեջանը քաղաքական այսպիսի կուրս է որդեգրում»:
Հասան Ջեմալը , որ այցի օրերին եղել էր Երեւանում, «Միլլիեթի» սեպտեմբերի 9-ի համարում գրում է. «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ նախագահներ Գյուլի ու Սարգսյանի սկզբնավորած երկխոսության գործընթացն անտեղի թող չկորչի, անհապաղ հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, սահմանները բացվեն եւ մենք հայտնվենք հարաբերությունների նորմալացման ճանապարհին»: «Միլլիեթի» մեկ այլ հեղինակ, Մեհմեդ Ալի Բիրանդը , որ նույնպես Երեւանում դիտել էր ֆուտբոլային հանդիպումը, նշում է. «Վախը սրտումս հետեւում էի խաղին, մտածելով, թե ուր որ է տհաճ միջադեպ կպատահի: Առանց միջադեպի մեր նախագահն ու ազգային հավաքականը մեկնեցին Երեւանից, իսկ մենք խորը շունչ քաշեցինք: Միջադեպի փոխարեն սկզբնավորվեց երկխոսության նոր գործընթաց: Թուրքիայի արտգործնախարարության պատվիրակությունը Երեւանում մնաց եւ սկսեց աշխատել ուղեգծի ժամանակացույցի վրա: Բարձրացվելու է Շվեյցարիայում ամիսներ առաջ սկզբնավորված շփումների մակարդակը: Հանդիպելու են երկու երկրների արտգործնախարարներն ու ղեկավարները: Պատասխան խաղի համար Ստամբուլ է ժամանելու Հայաստանի նախագահը (անկեղծ ասած, հենց դրանից եմ վախենում, որ պատասխան խաղի ընթացքում լինեն ծայրահեղություններ: Հայերը ցույց են տվել, որ դեմ չեն մերձեցմանը, տեսնենք մերոնք ինչ կանեն: Հայաստանյան վարչակարգն ու հայ հասարակության զգալի մասն անկեղծություն դրսեւորեց, նախապատվությունը տալով մերձեցմանը: Հիմա գնդակը մեր դաշտում է: Իսկ մենք մերձեցում ուզո՞ւմ ենք: Դա ցույց կտա պատասխան խաղը): Մինչեւ օրս հայերը պահանջում էին առանց նախապայմանի սահմանների բացումը: Իսկ Թուրքիան առաջարկում էր բանակցությունների սեղանին նստել առկա բոլոր խնդիրները (սահմանային հարցերը, ցեղասպանության պնդումները, Ղարաբաղը եւ այլն) քննարկելու նախապայմանով: Երկու կողմերն էլ գնացին զիջման: Հայերը բոլոր հարցերը քննարկելու պատրաստակամություն դրսեւորեցին, իսկ Անկարան նախապայմաններից հրաժարվելու քայլեր կատարեց»: