Պատերազմից Վրաստանի կորուստըՙ 1 մլրդ դոլար
«Բրիթիշ փեթրոլիում» (BP) բրիտանական նավթային ընկերությունը փակել է Բաքու-Սուփսա նավթամուղը, որով ադրբեջանական նավթ էր առաքվում Վրաստան: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն, խոսելով Հվ. Օսիայի պատերազմի տնտեսական վնասների մասին: Ինտերֆաքս գործակալությունը նշում է, որ այդ լուրը երեկ պաշտոնապես դեռ չէին հաստատել ոչ BP-ում, ոչ էլ Վրաստանում:
Բաքու-Սուփսան Վրաստանի տարածքում կառուցված գլխավոր նավթամուղներից մեկն է: Ադրբեջանը Վրաստանի ծովափին միացնող 837 կիլոմետրանոց այդ նավթամուղը կառուցվել է 1990-ականների վերջերին: Նավթամուղը կառավարում է BP-ն, որը նաեւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի բաժնետերերից է:
Հվ. Օսիայի պատերազմի ժամանակ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը փակվեցՙ Վրաստանի տարածքում դրա պայթյունի պատճառով: Իսկ օգոստոսի 12-ին ընդհատվեց նավթի արտամղումը Բաքու-Սուփսա նավթամուղով:
Վրացի պաշտոնյաները Ռուսաստանին մի քանի անգամ ամբաստանել են նավթամուղների ռմբակոծման մեջ, բայց ռուս զինվորականները հերքել են այդ լուրերը:
Պատերազմի տնտեսական վնասների մասին խոսելիս Նեստերենկոն հայտարարել է, որ Վրաստանի տնտեսական կորուստները կազմել են մոտ 1 մլրդ դոլար: Ընդսմին նա վկայակոչել է վրացական կողմի հաշվարկները: Վրաստանում տուժել է նաեւ զբոսաշրջության ճյուղը, նվազել են երկրի արտարժութային պաշարները:
Ավելի վաղ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հվ. Օսիայի հակամարտությունից Ռուսաստանի կրած տնտեսական վնասն աննշան է: