Ռուսաստանը հաստատակամ է Աբխազիան ու Հարավային Օսիան ճանաչելու հարցում, Վրաստանը` տարածքները վերադարձնելու
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ռուս-վրացական հարաբերություններում այնքան հաճախ են փոխադարձ ամենաարտառոց մեղադրանքներ հնչում, այնպիսի բացատրություններ են տրվում իրողություններին, որ դժվար է հասկանալ, թե որտեղ ու առավել եւս ինչպիսին է ճշմարտությունը: Ու ցավալիորեն լրջության անհրաժեշտ չափաբաժնի բացակայություն է նկատվում անգամ այնպիսի իրավիճակներում, ինչպիսին ներկա դրությամբ ստեղծվել է օգոստոսյան ռազմական գործողություններից հետո, այն ժամանակ, երբ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համարբերգը օգոստոսի 8-ի դրությամբ իրավիճակը հումանիտար աղետ է բնութագրել:
Երկուշաբթիՙ սեպտեմբերի 8-ին Մոսկվա եւ Թբիլիսի այցելեցին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Եվրոհանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն եւ Եվրոմիության միասնական արտաքին քաղաքականության ու անվտանգության գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան: Այցերից հետո հերթական անգամ նույն խառնաշփոթն է` իրականությունն ու բանակցությունների ընթացքում ասվածն ու լսվածը ներկայացնելու իմաստով:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն, օրինակ, երեկ հայտարարել է, թե Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ստել է Ֆրանսիայի նախագահին` Ռուսաստանին իր երկրի դեմ ագրեսիան սկսելու մեջ մեղադրելով, մինչդեռ Սաակաշվիլին պնդում է, թե կարող է ապացուցել Ռուսաստանի նախահարձակ լինելը: Ընդ որում, Սաակաշվիլու իսկ խոսքերով, այդ ապացույցներին տեղյակ են պահվել Ֆրանսիայի նախագահը, Եվրոհանձնաժողովի նախագահն ու Եվրոմիության միասնական արտաքին քաղաքականության ու անվտանգության գերագույն հանձնակատարը:
Սարկոզիի հետ երկուշաբթի կեսգիշերն անց տված ասուլիսում Սաակաշվիլին կրկին հայտարարել է, թե Վրաստանը չի հրաժարվում ու երբեք չի հրաժարվի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու մոտեցումից, իսկ նույն ձեւաչափի բարձրամակարդակ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Աբխազիան ու Հարավային Օսիան ճանաչելու Ռուսաստանի որոշման անփոփոխ պահելու մասին էլ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
Հետաքրքրական է, որ Սաակաշվիլու մեկ այլ հայտարարության առնչությամբ Լավրովը կրկին ճիշտ հակառակ իրողության մասին է ներկայացրել: Մասնավորապես, Սաակաշվիլին Սարկոզիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, թե ռուսական զինուժը պետք է հեռանա ոչ միայն բուֆերային գոտիներից, այլեւ այն տարածքներից, որոնք երբեք չեն եղել նրանց վերահսկողության տակ մինչեւ օգոստոսի 7-ը, երբ սկսվեցին ռազմական գործողությունները:
Վրացական կողմը մեծապես շեշտադրում է Սարկոզիի վերջին այցելությամբ ձեռք բերված համաձայնության այն դրույթը, որով ռուսական խաղաղապահները կփոխարինվեն Եվրոմիության դիտորդներովՙ նվազագույնը 200 մարդուց բաղկացած անձնակազմով: Այս անձնակազմը պետք է իր դիտորդական առաքելությունը սկսի ոչ ուշ, քան այս տարվա հոկտեմբերի 1-ից, հաշվի առնելով, որ Սարկոզին ռուսական կողմին է հանձնել Վրաստանի նախագահի ստորագրած մի փաստաթուղթ, որով երաշխավորվում է վրացական կողմի ուժ չկիրառելու մոտեցումը:
Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը Ֆրանսիայի նախագահի հետ 4-ժամյա բանակցություններից հետո իր ասուլիսում տեղեկացրել է, որ ռուսական զինուժի դուրսբերումը Հարավային Օսիային եւ Աբխազիային հարող տարածքներից կտեւի 10 օր եւ կհասցվի մինչեւ օգոստոսի 7-ի վիճակը: Ընդ որում, ռուսական զինուժի դուրսբերումը կսկսվի միայն միջազգային մեխանիզմների իրականացման սկիզբը դնելուց հետո:
Ու այստեղ էլ հակասություն է նկատվում, քանի որ Վրաստանի նախագահն իր հերթին հայտարարել է, թե Եվրոմիության դիտորդական առաքելությունը կամաց-կամաց կընդգրկի «Վրաստանի ողջ տարածքը` ներառյալ Հարավային Օսիան եւ Աբխազիան»: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ի հակադրություն նշվածի, հայտարարել է, որ ձեռք բերված համաձայնությամբ ԵՄ դիտորդները կտեղակայվեն Հարավային Օսիայից դուրս, այլ ոչ այդ տարածաշրջանում: Ընդ որում, ըստ Լավրովի, իրենց դիտարկման առաքելությունը կշարունակեն ԵԱՀԿ դիտորդները, որ մինչեւ օգոստոսյան իրադարձություններն իրենց առաքելությունն էին իրականացնում Հարավային Օսիայի տարածքում: Լավրովի մատուցմամբ, նույնը վերաբերում է նաեւ ՄԱԿ-ի դիտորդներին Աբխազիայում:
Իսկ ինչ ներկայացրել է հանրությանը Ֆրանսիայի նախագահը, միայն հստակեցնում է, որ ռուսական զինուժ չի լինի Վրաստանի այն տարածքներում, որոնք դուրս էին մինչեւ օգոստոսի 7-ը եղած իրավիճակից: Ընդ որում, զինուժի դուրսբերման գործընթացը պետք է ավարտվի մինչեւ հոկտեմբերի 15-ը: Առավել հետաքրքրական է, որ Սարկոզին պայմանները չկատարելու պարագայում տեղեկացրել է, թե «խոսակցությունն այլ կլինի, ոչ այնպիսին, ինչպիսին օգոստոսին էր, երբ կարեւորը հրադադարն էր»:
Ռուս-վրացական հարաբերությունների անլուրջ դիտարկման եւս մեկ գործոն էլ հենց Ֆրանսիայի նախագահի այցելության ֆոնին երկկողմ նույնաբովանդակ հայտարարությունների տարածումն է: Եվ եթե Վրաստանը դարձալ խոսում է տարածքային ամբողջականության աներկբա վերականգնման պատրաստակամության մասին, ապա Ռուսաստանը տեղեկացնում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու փոխադարձ տեղեկացվածության մասին:
Ընդ որում, այս թեմայով քննարկումը երեկ անց են կացրել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Աբխազիան ու Հարավային Օսիան ներկայացնող համապատասխան գերատեսչությունների ղեկավարները: Ավելին, Սերգեյ Լավրովը երեկ արդեն հասցրել է հայտարարել, թե պաշտոնական Մոսկվան ցանկանում է Աբխազիային եւ Հարավային Օսիային արդեն հոկտեմբերի 15-ին Ժնեւում միջազգային բանակցությունների մասնակից տեսնել:
Այս իրադարձություններին զուգահեռ վրացական ընդդիմությունը գնալով ավելի հաճախ ու հաստատակամ է բարձրացնում նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրաժարականի հարցը, ընդ որում, պետք է նշանակվեն ոչ միայն արտահերթ նախագահական, այլեւ խորհրդարանական ընտրություններ: