«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2008-09-06 | #163, 2008-09-09 | #164, 2008-09-10


«ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԻ ՀԱՅԵՐԻՑ»

Հայտարարում է թուրք նախկին դեսպանը

Ըստ «Արմենպրեսի», թուրքական «Թարաֆ» թերթի թղթակցի հետ զրույցում ԽՍՀՄ փլուզման ժամանակաշրջանում Մոսկվայում Թուրքիայի դեսպան Վոլքան Վուրալը հայտարարել է, որ անցյալում տեղի ունեցած ցավալի իրադարձությունների համար Թուրքիան, առանց ժամանակ կորցնելու, պետք է ներողություն խնդրի հայերից: Նշելով, որ Հայաստանի նախագահի հրավերով Թուրքիայի նախագահի այցը Երեւան քաղաքական մեծ ռիսկ է պարունակում երկու երկրների առաջնորդների համար էլ, Վուրալն ասել է, որ Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դարձել է իր նախագահության ժամանակ «Թուրքիայի հետ մերձեցման ձեռնարկումների քաղաքական զոհը»: Վոլքան Վուրալը գտնում է, որ «ոչ մի պատմական հանձնաժողով չի կարող լուծել հայկական հարցը, նա կարող է միայն լուսաբանել որոշ իրադարձություններ եւ լուծումը հեշտացնող դերակատարություն ունենալ»: «Չնայած դժվար թե Թուրքիան ճանաչի ցեղասպանութունը, սակայն պետք է հայտարարի, որ ներողություն է խնդրում հայերից եւ մյուս էթնիկ փոքրամասնություններիցՙ հույներից, ասորիներից եւ քրդերիցՙ տեղահանության եւ կոտորածների համար, եւ թույլ է տալիս նրանց բոլոր հետնորդներին վերադառնալ իրենց նախնիների բնակավայրերն ու Թուրքիայի քաղաքացիություն ստանալ», հորդորել է նա: Այն հարցին, թե ինչպես պետք է լուծվեն հայերի թողած ունեցվածքն ու հարստությունները վերադարձնելու հարցերը, թուրք դիվանագետն ասել է. «Դրանք քննարկելի հարցեր են: Ունեցվածքի վերադարձի եւ նյութական փոխհատուցման գործը դժվար հարց է: Սակայն խորհրդանշական փոխհատուցում կարող է տրվել: Դրա հետ միասին, Թուրքիան պետք է ներողություն խնդրի հայերի գլխավորությամբ բոլոր էթնիկ ժողովուրդներիցՙ նրանց մեծ ցավ պատճառելու համար: Դա անհրաժեշտություն է Թուրքիայի նման երկրի համար»:


Նկարՙ Լուսանկարն արված է 1997 թ., երբ Վոլքան Վուրալը Թուրքիայի դեսպանն էր Բոննում եւ հարցազրույց էր տվել մեր թղթակից Անահիտ Հովսեփյանին


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4