«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2008-09-06 | #163, 2008-09-09 | #164, 2008-09-10


ԹՎԱՅՆԱՑՈՒՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏ ՈՒՆԻ՞

Ներսես Երիցյանը փորձում էր փոխել այս մտայնությունը

Երեկ Ազգային ժողովում քննարկվում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն արդեն մի շարք պատգամավորներ եւ լրագրողներ անվանել են «Ա1+»-ը եւ «Նոյյան տապանը» չբացելու օրինագիծ: Սակայն օրենքը ներկայացնող էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը բոլորովին համաձայն չէր այս մտքին, եւ գտնում էր, որ եթե այժմ եւ այս օրինագծով չլուծվեն Հայաստանի հեռուստառադիոհեռարձակման թվայնացման խնդիրները, ապա 2015-ին բանավեճն ավելի թունդ է լինելու: Հենց թվայնացումը պատճառ նշելով` նախագիծն առաջարկում է մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթներ չհայտարարել, իսկ այն հեռուստաընկերությունները, որոնց լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է մինչեւ 2011 թվականի հունվարի 21-ը, կարող են լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտ ներկայացնել Ազգային հանձնաժողովին: Հիմնավորումների մեջ նշվում են Հայաստանի պայմանավորվածությունները միջազգային համաձայնագրերով, որոնցով թվայնացման վերջնաժամկետ է 2015 թվականը, մինչդեռ եվրոպական երկրներում 2010-2012 թվականներին թվայնացումը կավարտվի, Հայաստանը չպետք է հետ մնա այդ գործընթացներից, այդ պատճառով թվայնացման գործընթացը Հայաստանում կսկսվի 2010 թվականից: Հենց նախագիծը նախապատրաստում է թվայնացման մեկնարկի ապահովումը, ինչը Հայաստանի համար ռազմավարական անհրաժեշտություն է: Այս հիմնավորումները չհամոզեցին օրինագծի ընդդիմախոսներին: Ի դեպ, օրինագիծը համապատասխան գլխադասային հանձնաժողովում չի քննարկվել` ԱԺ ուշ բերվելու պատճառով մերժել են քննարկել, իսկ հանձնաժողովի նոր ընտրված նախագահ Արմեն Աշոտյանը մի շարք հակասությունների վերաբերյալ Ն. Երիցյանին հարցեր էր ուղղում: Մասնավորապես շատերին էր հետաքրքրում, թե ինչու այժմ լիցենզիայի ժամկետը լրացած հեռուստահաճախականության համար մրցույթներ պիտի չհայտարարվեն, թեկուզ դրանք մինչեւ թվայնացման գործընթացը սկսվելը` 2010 թվականը կարող են աշխատել հին համակարգով, եւ, օրինակ, «Ա1+ն» ու «Նոյյան տապանը» շանս կունենան այդ մրցույթներում հաղթելու եւ եթեր ունենալու, մինչդեռ այս օրինագիծն ընդունվելուց հետո եւս 2 տարի նրանք որեւէ մրցույթի մասնակցելու իրավունք չեն ունենա: Իր հարցին հետաքրքրական ձեւակերպում տվեց Արծվիկ Մինասյանը` թե այս նախագծով բիզնես շահ է ներկայացվում թվայնացման հետ կապված, հանրության շահը ո՞րն է: Ըստ Երիցյանի` հանրության շահը հեռուստատեսության մատչելիությունն է բոլոր տարածքներում, բարձր որակը, հարմարավետությունը, երբ համատարած ինտերնետ-հասանելիություն կապահովվի:

Հակադրվելով նախագծի հեղինակներին` Վիկտոր Դալլաքյանը քաղաքական ենթատեքստ նկատեց նախագծում` «Ա1+»-ին եւ «Նոյյան տապանին» եթեր չվերադարձնելու, զգուշացնելով. «Քաղաքական լարվածությունը քնած է եւ կարող է արթնանալ, խութերը ներքեւում են»: Նա հիշեցրեց եվրոպական կառույցների պահանջները` «Ա1+»-ը բացելու մասին: Արմեն Մարտիրոսյանն այս փոփոխությունը համեմատեց «Ժիգուլին» «Մերսեդեսով» փոխելու հետ, մինչդեռ, ըստ նրա եւս, հարցը քաղաքական է, նշելով, որ բազմակարծության կարիք կա, իսկ բազմակարծությունը առկա հեռուստաընկերությունները չեն ապահովում, «ընդդիմադիր տեղեկատվություն էին ապահովում միայն «Ա1+»-ը» եւ «Նոյյան տապանը», պետք է շտկել վիճակը: Իմ բարեկամ, արդեն իսկ «Ժառանգություն» խմբակցությունը ղեկավարող Ա. Մարտիրոսյանին հիշեցնեմ, որ առհասարակ ընդդիմադիր կամ իշխանամետ լրատվություն չի լինում, լինում է ճշմարտացի եւ կեղծ կամ լավ եւ վատ լրատվություն. հասանք այն օրին, եւ ի դեպ, ոչ առանց գործող հեռուստաընկերությունների լրատվական քաղաքականության, որ լրատվությունն անվանում են ընդդիմադիր կամ իշխանամետ: Ընդդիմախոսներին պատասխանելու առաքելությունը վերցրած ԲՀԿ-ական Էռնեստ Սողոմոնյանն էլ նկատեց, թե «Ա1+»-ին ֆինանսավորող քաղաքական տերերը թող բարելավեն այդ հեռուստաընկերության պայմանները, իրենց գրպանը լայն բռնեն (սա երեւի այն բանի համար, որ տվյալ հեռուստաընկերությունը կարողանա այն մեծ ֆինանսները ներդնել, որոնց անհրաժեշտությունը նշում էր Ն. Երիցյանը թվայնացման համար):

Այնուամենայնիվ Ն. Երիցյանը ողջ ուժով փորձում էր բացատրել, որ թվայնացումն անշրջելի եւ անխուսափելի գործընթաց է, որ դրա համար շատ մեծ ֆինանսներ են անհրաժեշտ, որ սխալ մոտեցումներն այս հարցում հետո դժվար կլինի ուղղելը, որ թվայնացման վերաբերյալ կառավարության որոշումները քաջ որոշումներ են, որովհետեւ ժամանակին մասնագետների քննարկումները կոնսենսուսի չեն բերել այդ հարցում: Բացի այդ, ըստ նրա, «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» դեպքում թափանցիկ հաշվետվություն չեն տեսել, բանկային հաշիվներ չեն ունեցել նրանք, չի երեւացել` ինչ փողեր են ծախսում, սակայն եւ` այս օրինագիծը «Ա1+»-ի հետ կապ չունի: Իսկ «Մերսեդես» սարքելու համար էլ ջանք ու գիտելիք է պետք:

Իսկ երբ «Ա1+»-ի լրագրողը ԱԺ միջանցքում Ն. Երիցյանին հարցրեց. «Ի՞նչ պատասխան եք տալու Եվրոդատարանին», «Կտանք, կտեսնեք», եղավ պատասխանը:

Տեսնենք, թե ինչպե՞ս կընթանա այս նախագծի քվեարկությունը, մանավանդ որ Տիգրան Թորոսյանն էլ առաջվա պես արտահերթ ելույթով չհորդորեց իր գործընկերներին կողմ քվեարկելու օրինագծին:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4