«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2008-09-06 | #163, 2008-09-09 | #164, 2008-09-10


ԵՐԵՎԱՆԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ 9 ԱՄԻՍ ՀԵՏՈ

Գերմանական ընկերությունը կներկայացնի իր առաջարկները

Երեւանի աղբահանության խորհրդատվական եւ օժանդակության ծրագիրը երեկ ներկայացվեց էկոնոմիկայի նախարարությունում: Նախարար Ներսես Երիցյանը նշեց, որ այս հարցի լուծումը երկու կարեւոր նշանակություն ունի, առաջինը` մարդու առողջություն եւ բնապահպանական նշանակություն, երկրորդըՙ որպես բիզնես խնդիր, զբոսաշրջությանը նպաստող գործոն: Աղբի խնդիրը Հայաստան այցելող զբոսաշրջիկները հաճախ նշում են որպես զբոսաշրջությանը խանգարող հանգամանք: Ուստի այս խնդիրը լուծում է պահանջում, որի ուղղությամբ նախարարը կարեւորեց մի քանի նպատակների իրականացումը: Դրանք ենՙ Երեւանի կոշտ կենցաղային թափոնների ուսումնասիրությունը, աղբահավաքման իրականացումը միջազգային ստանդարտներին համապատասխան, աղբահավաքման շահավետության բացահայտումը, մասնավորի ներգրավվածությունը եւ նրան ներկայացվող տեխնիկական պահանջները, աղբի հավաքում-տեսակավորում-աղբավայր համակարգի հիմնավոր պլանի մշակումը եւ վերջապես միջազգային բաց մրցույթի անցկացումը:

Ներսես Երիցյանի ելույթից հետո այս նախագծի իրականացումը կարեւորեցին տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը, Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը: Հենց Համաշխարհային բանկին էր դիմել էկոնոմիկայի նախարարությունըՙ խնդրելով օժանդակել Երեւանի աղբահանության խնդրի ուսումնասիրմանը եւ լուծումներ տալուն: ՀԲ-ն այդ կապակցությամբ հայտարարել էր մրցույթ, հաղթող էր ճանաչվել գերմանական հանրաճանաչ «Ֆիխտներ» ընկերությունը: Այս ընկերության ներկայացուցիչներն 9 ամսվա ընթացքում պետք է ներկայացնեն իրենց ուսումնասիրությունների արդյունքները եւ առաջարկներ ներկայացնեն, թե ե՞րբ, ի՞նչ գնով եւ ինչպե՞ս պետք է իրականացվի Երեւանի աղբահանության ծրագիրը: Դրանով իսկ այս հարցին կտրվի վերջնական եւ ամբողջական լուծում:

«Ֆիխտներ» ընկերության ներկայացուցիչները երեկ նաեւ զեկույցներ ներկայացրին աշխարհի տարբեր քաղաքներում իրականացրած համանման ծրագրերի եւ դրանց արդյունավետության մասին:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4