«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2008-09-06 | #163, 2008-09-09 | #164, 2008-09-10


ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՙ ՆՎԻՐՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՄՈՌԱՆԱԼՈՒՆ

Տորոնտոյից (Կանադա) «Զորյան ինստիտուտի» «Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրության միջազգային ինստիտուտը» սեպտեմբերի 6-ի մամլո հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ ստանձնել է հովանավորությունը Կոմիտաս վարդապետի երաժշտությանը նվիրված «Հիշողության համերգաշարի», որը սկսվելու է «Հերբստ» թատրոնում (Սան Ֆրանցիսկո) հոկտեմբերի 4-ին: Հաջորդ օրը համերգը կայանալու է Օրենջ Քաունտիի «Ռենի եւ Հենրի Սեգերստրոմ» համերգասրահում, որից հետո հոկտեմբերի 7-ին եւ 17-ին համապատասխանաբար Վանկուվերի «Օրֆեում» թատրոնում եւ Տորոնտոյի «Ռոյ Թոմսոն» սրահում: Այնուհետեւ հոկտեմբերի 19-ին Նյու Ինգլենդի կոնսերվատորիայի «Ջորդան» դահլիճում (Բոստոն) եւ ամսի 20-ին Կարնեգի Հոլի «Զանկել» սրահում (Նյու Յորք):

Բոլոր համերգներում իր անզուգական, ազդեցիկ ձայնով հանդես է գալու աշխարհի տարբեր համերգասրահներում երաժշտասեր հասարակության սրտերն ու հոգիները նվաճած, հայազգի սոպրանո Իզաբել Բայրաքդարյանը: «Ծրագրի հիմքում ընկած են Կոմիտասի ժողովրդական երգերի նվագախմբային մշակումները, բայց կան նաեւ այլ գոհարներ, ինչպես Ռավելի «Կադդիշը», Գորեցկիի «3 կտոր հին ոճով» եւ Սկալկոտուսի «Հունական պարերը» ստեղծագործությունները», հաղորդագրությունը պատրաստելու առիթով ասել է երգչուհին:

Ավելացնենք, որ «Օպերա Կանադա» հանդեսի այս տարվա հունիս-հուլիս միացյալ համարի շապիկին եղել է նրա լուսանկարը «Տունդարձի ճշմարտություններ» վերտառությամբ եւ «Իզաբել Բայրաքդարյանը ծրագրում է վերադառնալ իր երաժշտական արմատներին» բացատրությամբ: «Կոմիտասի երգերը հատուկ տեղ են զբաղեցնում իմ սրտում: Դրանք շարունակում են իրենց եզակի երանգներով եւ ելեւէջներով ազդել այն բոլոր ստեղծագործությունների վրա, որոնք ես փորձում եմ մեկնաբանել», խոստովանել է նա:

Բայրաքդարյանը ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Կանադայում եւ այլուր: Բացի 2000 թվին «Օպերալիա» մրցույթում առաջին տեղը գրավելուց, նա չորս անգամ արժանացել է «Գրեմմի»-ին հավասարազոր կանադական «Ջունոս» մրցանակին: Նրա ձայնը լսվում է նաեւ «Մատանիների տիրակալը: Երկու աշտարակ» եւ «Արարատ» ֆիլմերում:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4