Մայրաքաղաքի Մոսկովյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում հոկտեմբերին կկանգնեցվի Վիլյամ Սարոյանի արձանը, որը հեղինակել է քանդակագործ Դավիթ Երեւանցին: Այս մասին երեկ «Նովոստի» մամուլի միջազգային կենտրոնում հայտնեց մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության բաժնի ղեկավար Կարո Վարդանյանը : Արձանի բացումը տեղի կունենա գրողի 100-ամյա հոբելյան միջոցառումների շրջանակում, որոնց մեկնարկը եղել է տարեսկզբին, իսկ մշակել է նախորդ տարի ստեղծված կառավարական հանձնաժողովը: Հոբելյանական միջոցառումների առանցքային նպատակը երիտասարդ սերնդին Սարոյանի գրական ժառանգությունը ներկայացնելն է. «Չէ՞ որ Սարոյանը ե՛ւ հայության, ե՛ւ ընդհանրապես համաշխարհային գրական ժառանգության արժեք է», փաստեց Վարդանյանն ու հավելեց, որ հրահանգված է բոլոր հանրակրթական դպրոցներին 2008 թվականի ընթացքում պարտադիր անդրադառնալ Սարոյանի ստեղծագործություններինՙ ամենատարբեր միջոցառումներով, այդ թվում եւ բաց դասեր կազմակերպելով: Բուհերի ուսանողների համար էլ սահմանվելու է Վիլյամ Սարոյանի անվան կրթաթոշակ:
«Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում թատերախմբերը ներկայացնելու են Սարոյանի գործերի մոտիվներով բեմադրություններ: Կազմակերպվելու են նաեւ տարբեր ցուցահանդեսներ ու ֆիլմերի ցուցադրություններՙ Սարոյանի ստեղծագործությունների հիմքով եւ նրա մասին:
Սարոյանի ստեղծագործությունների 10 անուն գիրք է հրատարակվելու, մի քանիսըՙ երկլեզու: Տեղի կունենա նաեւ գիտաժողով, որին միայն 25 սարոյանագետ է մասնակցելու: Հոբելյանական միջոցառումների գագաթնակետն էլ կլինի հոկտեմբերի 10-ին Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում:
Ի դեպ, միջոցառումներ են կազմակերպվել նաեւ գրողի ծննդավայրումՙ Ֆրեզնոյում:
Ն. Պ.