«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2008-09-06 | #163, 2008-09-09 | #164, 2008-09-10


ՍՏՈՒՐՈՒԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԵՄԱԴՐԻ «ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ» ՕՊԵՐԱՆ

«Եթե քսան տարեկանում մարդուն առաջնորդում են զգացմունքները, քառասունում` գաղափարները, տեսակետներն ու նպատակները, ապա յոթանասունամյակի շեմին ստեղծագործող արվեստագետն առաջնորդվում է միայն ստեղծելու ու մարդկությանը գեղեցիկը մատուցելու ձգտումով: Անվերջանալի կիրք, սեր, նվիրում, հոգու գեղեցկություն ու երազայնություն», երեկ ԹԳՄ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ այսպես ներկայացրեց իր արվեստի գաղտնիքն ու առանձնահատկությունը վրացի հայտնի բեմադրիչ Ռոբերտ Ստուրուան : Նրա ծննդյան 70-ամյակին նվիրված ստեղծագործական երեկոյով ու «Համլետ» ներկայացմամբ (Շ. Ռուսթավելու անվ. ազգային թատրոն) Երեւանում բացվեց շեքսպիրյան միջազգային փառատոնը:

«Երիտասարդ տարիներին ոգեշնչվում էի ռուսական թատրոնի ավանդույթներով: Ներկա էի գտնվում Վախթանգովի անվան թատրոնի գրեթե բոլոր փորձերին: Ու հենց այդ ժամանակ էլ գիտակցեցի, թե որն է իմ առաքելությունը: Թատրոնում ավելի ինքնավստահ եմ, համարձակ եւ այդ զգացողությունն է ինձ օգնում արարել», մի առիթով նշել էր նա:

Ստուրուան նշում է, որ թատերական փառատոները շատ կարեւոր են թատրոնի պահպանման համար: «Եվրոպական առաջադեմ երկրներում կան բազմաթիվ փառատոներ, որտեղ ներկայացվում են բացառապես Շեքսպիրի ստեղծագործությունները: Ողջունելի է, որ Հայաստանում էլ վերջապես կա Շեքսպիրյան փառատոն, որն առանձնահատուկ նշանակություն կունենա թե՛ ուսանողների, թե՛ սկսնակ դերասանների համար», ասաց Ռոբերտ Ստուրուան:

Նոյեմբերին Ստուրուան արդեն երկար ժամանակով կգա Հայաստան` բեմադրելու «Սայաթ-Նովա» օպերան: «Մրցակցություն Փարաջանովի կամ Վարդան Աճեմյանի հետ ընդհանրապես չկա: «Սայաթ-Նովան» Փարաջանովի լավագույն ֆիլմն է, որ աչքի է ընկնում գեղեցկությամբ ու գեղագիտական յուրահատկությամբ: Իհարկե օպերային ժամանակակից տարրեր չենք հաղորդի, սակայն յուրաքանչյուր ստեղծագործություն պետք է հիմնված լինի ազատության գաղափարի վրա: Ստեղծագործությունում ցայտուն կերեւա մտքի թարմություն ու արդիական մոտեցում: Կներկայացնենք Սայաթ-Նովայի կյանքի երեք հատված: Պատկերը կարծես անավարտ լինի: Առաջինում Թբիլիսին է: Աշուղը մասնակցում է մրցույթին եւ հաղթում: Երկրորդում պատկերված է Սայաթ-Նովայի եւ Իրակլի երկրորդի քրոջ` Աննայի գեղեցիկ սիրավեպը: Իսկ երրորդ հատվածում կարտացոլվի աշուղի կերպարը, որպես մեծ մտածողի փիլիսոփայի, որ իրեն նվիրեց աստծուն», ասաց Ստուրուան:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4