Երեկվանից «Ռուսական խոսքի օրերն» է մեկնարկել Հայաստանում ու կտեւի մինչեւ սեպտեմբերի 15-ը: Այդ կապակցությամբ հրավիրված ասուլիսին ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանն ասաց. «Ռուսական խոսքը նախեւառաջ ամփոփում է ռուսական մշակույթը, որը միշտ հետաքրքրական է մեզ համար: Այն մշակել է հզոր հոգեւոր փորձ, որից ավանդաբար սնվում ենք փոխադարձաբար»: Ասվածը գործնականորեն դրսեւորվող իրողություն է. նախորդ տարի «Ռուսական խոսքի օրերին» 3 հրատարակություն էր ներկայացրել ռուսական պատվիրակությունը, դրանք ենՙ «Հայկական պատմվածքներ» ժողովածուն, «Հայկական վիպակը» եւ «Հայկական պոեզիա» հատորյակը: Այս տարի ռուսական պատվիրակությունը ներկայացրել է Եղիշե Չարենցի «Մահն արհամարհողը, ապառաժ արարողը» բանաստեղծությունների ժողովածուն ռուսերեն թարգմանությամբ: «Մեկ, բայց ինչպիսի՜ գիրք ենք նվիրումՙ մեծանուն հայ գրող Եղիշե Չարենցի բանաստեղծությունների ժողովածուն: Վստահ ենք, որ ռուսաց լեզվի միջոցով Չարենցը մուտք կգործի մեր ողջ քաղաքակրթության գրական աշխարհ», ասաց Ռուս-հայկական բարեկամության եւ համագործակցության միության նախագահ, ՌԴ գրողների եւ լրագրողների միության անդամ Վիկտոր Կրիվոպուսկովը: Նա նաեւ հավելեց, որ երկու երկրների հասարակություններն էլ ծանոթ պետք է լինեն միմյանց գրականություններին եւ անկախ դրանից մեծ ուշադրություն են դարձնում տեղեկատվական, մշակութային կապերին. «Կարելի է ասել, որ «Ռուսական խոսքի օրերը» կենսունակ եղան հայկական հողի վրա եւ դարձան ավանդական»:
«Ռուսական խոսքի օրերը» ներառում են ռուսական պատվիրակության անդամների (թատերագետներ, գրողներ, լրատվամիջոցների խմբագիրներ) հանդիպումներ ուսանողների, ռուսաց լեզվի ուսուցիչների հետ, գրական երեկոներ, Չարենցի ժողովածուի ռուսերեն հրատարակության շնորհանդես, Հայաստանում «Լիտերատուրնայա գազետայի» թղթակցական կետի բացում:
Հայ հանդիսատեսը նաեւ հնարավորություն կունենա դիտելու Յուրի Պոլյակովի «Աֆրոդիտեի ձախ կուրծքը» ներկայացումը, որի պրեմիերան է տեղի ունենալու:
Ն. Պ.