«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2008-09-06 | #163, 2008-09-09 | #164, 2008-09-10


ՆՈՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՀԵՏ ՄՐՑԱՎԵՃՈՒՄ

Սարգիս Հովսեփյանը հավաքականում 100-րդ խաղը կանցկացնի

Այսօր Հայաստանի ազգային հավաքականն իսպանական Ալբասետե քաղաքի «Կառլոս Բելմոնտե» մարզադաշտում ընտրական մրցաշարի երկրորդ հանդիպումը կանցկացնի Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի ընտրանու հետ: Հաշվի առնելով մրցակցի ուժն ու մեր ֆուտբոլիստների համար խաղի անսովոր ժամը (հանդիպումը կսկսվի կեսգիշերին, Երեւանի ժամանակով 1-ին), Հայաստանի հավաքականին լուրջ փորձություն է սպասում:

Ինչ խոսք, թուրքերից կրած պարտությունից հետո մեր ֆուտբոլիստները հայտնվել են հոգեբանական ծանր իրավիճակում, մանավանդ որ «Հրազդանում» նրանց ցուցադրած խաղը պարզապես հիասթափեցրել էր ֆուտբոլասերներին: Այնպես որ այսօրվա խաղում մեր հավաքականը նախեւառաջ սասանված հեղինակությունը վերականգնելու խնդիր ունի: Դժվար է գուշակել, թե արդյոք կհաջողվի՞ հայ ֆուտբոլիստներին գոնե արժանապատիվ խաղ ցուցադրել, դրսեւորել իրենց խաղային ունակությունները:

ՀՀ հավաքականը մրցավայր է մեկնել երկուշաբթի հետեւյալ 20 ֆուտբոլիստներով. դարպասապահՙ Ռոման Բերեզովսկի, Գեւորգ Կասպարով, պաշտպաններՙ Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Կարեն Դոխոյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Աղվան Մկրտչյան, Վահագն Մինասյան, կիսապաշտպաններՙ Արարատ Առաքելյան, Լեւոն Փաչաջյան, Արթուր Ոսկանյան, Ռոմիկ Խաչատրյան, Արտավազդ Քարամյան, Կարեն Ալեքսանյան, հարձակվողներՙ Էդգար Մանուչարյան, Սամվել Մելքոնյան, Արման Քարամյան, Համլետ Մխիթարյան, Արա Հակոբյան, Ռոբերտ Զեբելյան :

Հանդիպումը կսպասարկի Ֆինլանդիայի մրցավարական բրիգադը Տոնի Ասումաայի գլխավորությամբ: Ինչպես հայտնի է, իսպանացիներն ընտրական մրցաշարը սկսել են Բոսնիայի հավաքականի նկատմամբ նվազագույն հաշվով տոնած հաղթանակով: Այսօրվա խաղում բնականաբար հաղթողի գլխավոր հավակնորդը Եվրոպայի չեմպիոններն են: Բուքմեյքերները մեծ առավելություն են տալիս իսպանացիներին: Նրանց հաղթանակը գնահատվել է ընդամենը 1,08 գործակցով, մինչդեռ Հայաստանի հավաքականի հաղթանակի դեպքում խաղադրույքը կբազմապատկվի 17 անգամ: Ոչ-ոքին գնահատվել է 7,5 գործակցով:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը ՀՀ հավաքականի համար 4-րդն է: Դեռ երբեք մեր հավաքականին չի հաջողվել ընտրական մրցաշարը սկսել հաղթանակով: 2-րդ անգամ անընդմեջ ՀՀ հավաքականը մեկնարկում պարտվեց: Ընտրական նախորդ մրցաշարն էլ մեր հավաքականը ֆրանսիացի մարզիչ Բեռնար Կազոնիի գլխավորությամբ պարտությամբ էր սկսելՙ զիջելով Մակեդոնիայի ֆուտբոլիստներին (0-3): Իսկ ահա ընտրական առաջին երկու մրցաշարերը մեր ֆուտբոլիստները սկսել էին գոլային ոչ-ոքի արդյունքով Պորտուգալիայի եւ Նորվեգիայի հավաքականների հետ մեկնարկային հանդիպումներում:

Այսօրվա հանդիպումը Հայաստանի եւ Իսպանիայի հավաքականների 5-րդ մրցավեճն է: Մեր ֆուտբոլիստները շատ անհաջող են խաղացել իսպանացիների հետՙ չորս հանդիպումներում էլ պարտություն կրելով: Մրցակիցների առաջին հանդիպումը կայացել է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում, 1995-ի ապրիլի 26-ին «Հրազդան» մարզադաշտում: Սամվել Դարբինյանի գլխավորությամբ մեր ընտրանին սեփական հարկի տակ զիջեց 0-2 հաշվով: Երկրորդ խաղակեսում Նադալի ու Գոյկոեչեայի խփած գնդակները հաղթանակ պարգեւեցին իսպանացիներին: Հունիսի 7-ին Իսպանիայում կայացած խաղի ելքը վճռեց 64-րդ րոպեին Ֆեռնանդո Հիեռոյի իրացրած 11 մ հարվածը: Ընտրական մրցաշարում իսպանացիները 10 խաղում վաստակելով 26 միավոր, զբաղեցրին առաջին հորիզոնականը: Իսկ ՀՀ հավաքականը 5 միավորով եզրափակեց աղյուսակը:

Մրցակիցների հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել 2004-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: 2003-ի ապրիլի 2-ին Իսպանիայում կայացած խաղում մեր ֆուտբոլիստները Միխայ Ստոյկիցայի գլխավորությամբ համառ դիմադրություն ցույց տվեցինՙ բավական հաջող խաղալով: Եվ միայն խաղի վերջին 25 րոպեներին տեղի տվեցին ու սեփական դարպասը 3 գոլ բաց թողեցին (Տրիստան, Էլգերա, Խոակին): Իսկ ահա սեփական հարկի տակ, հոկտեմբերի 11-ին Երեւանում կայացած խաղում մեր ֆուտբոլիստները պարզապես ջախջախիչ պարտություն կրեցին: Արդեն 7-րդ րոպեին Վալերոնը բացեց հաշիվը: 75-րդ րոպեին Ռաուլը կրկնապատկեց հաշիվը, իսկ խաղավերջում երկու անգամ աչքի ընկավ Ռեյեսը: Ընտրական մրցաշարում Իսպանիայի հավաքականը 8 խաղում վաստակելով 17 միավոր, գրավեց 2-րդ տեղը, իսկ մեր ընտրանին 7 միավորով 4-րդն էր: Այսպիսով, կայացած չորս հանդիպումներում մեր ֆուտբոլիստներին այդպես էլ չի հաջողվել գտնել իսպանացիների դարպասի բանալինՙ սեփական դարպասը բաց թողնելով 10 գնդակ:

Իսպանիայի հավաքականի հետ խաղում մեր ընտրանու ավագ Սարգիս Հովսեփյանը հաճելի հոբելյան կնշի: Նա ազգային հավաքականի մարզաշապիկով հոբելյանականՙ 100-րդ խաղը կանցկացնի: Հովսեփյանը կդառնա գրոսմայստերական այդ սահմանը հատած առաջին հայ ֆուտբոլիստը: Սա իրոք հարգանքի արժանի ցուցանիշ էՙ հաշվի առնելով, որ մեր հավաքականն այսօր ընդամենը 116-րդ խաղն է անցկացնելու իր կազմավորման օրից: Հովսեփյանը հավաքականում է կազմավորման օրիցՙ մեկնարկային կազմում մասնակցելով 1992-ի հոկտեմբերի 14-ին «Հրազդանում» մոլդովացիների հետ կայացած անդրանիկ հանդիպմանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4