«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2008-09-06 | #163, 2008-09-09 | #164, 2008-09-10


ԽԱՂԱՐԿՎԵՑԻՆ ՌՈԲԵՐՏ ԷՄՄԻՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ

Արդեն ավանդական է դարձել Հայաստանում Ռոբերտ Էմմիյանի անվան գավաթի միջազգային մրցաշարի անցկացումը: Այն այս տարի անցկացվեց արդեն 7-րդ անգամ: Երկրորդ տարին է, որ մրցումները տեղի ունեցան մեր լեգենդար հեռացատկորդի հարազատ քաղաքումՙ Գյումրիում: Նրա սահմանած մրցանակները վիճարկեցին Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի 16 ներկայացուցիչներ: Աղջիկների մրցաշարում 6 մարզուհիներից երկուսըՙ Հայկանուշ Բեկլարյանն ու Թամար Բաղդասարյանը ներկայացնում էին Հայաստանը: Տղաների մրցումներին հայտավորված 10 մարզիկների թվում էին Արսեն Սարգսյանը, Արսեն Դերմոյանը, Արտակ Համբարձումյանը եւ Նարեկ Ստեփանյանը:

21 տարի առաջ Ռոբերտ Էմմիյանը Ծաղկաձորում ֆանտաստիկ արդյունք էր ցույց տվելՙ հեռացատկելով 8 մ 86 սմ, որը Եվրոպայի նոր ռեկորդ էր: Այն ընդամենը 4 սմ-ով էր զիջում աշխարհի այն ժամանակվա բարձրագույն նվաճմանը: Հատկանշական է, որ մինչ օրս ոչ մեկին դեռեւս չի հաջողվել գերազանցել Էմմիյանի եվրոպական ռեկորդը: Մի առիթով լեգենդար ամերիկացի արագավազորդ ու հեռացատկորդ Կառլ Լյուիսն Էմմիյանի մասին հետեւյալն է ասել. «Նման հրում եւ ճախրման կորագիծ ունեցող այս ատլետը եթե նաեւ իմ արագությունն ունենար, ապա հնարավոր է մինչեւ 9 մ 40 սմ ցատկեր»:

Էմմիյանը Եվրոպայի եւ ԽՍՀՄ-ի բազմակի չեմպիոն է, Բարի կամքի խաղերի հաղթող: Նա 8 մետր գրոսմայստերական ցուցանիշը հաղթահարել է 50-ից ավելի խոշոր մրցաշարերում: «Ինձ համար մեծ ուրախություն է կրկին հարազատ քաղաքում գտնվելը: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր եկել են մեզ հետ կիսելու այս ուրախությունը եւ օգնել կազմակերպելու միջազգային մրցաշարը: Շատ ուրախալի է, որ քայլեր են կատարվում հանրապետությունում սպորտի հետագա զարգացման համար, որի արդյունքը Պեկինի օլիմպիադայում մեր մարզիկների նվաճած բրոնզե 6 մեդալներն են: Շնորհակալություն եմ հայտնում նաեւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին, թեթեւ ատլետիկայի ֆեդերացիային` նախագահ Սերգեյ Խաչատրյանի գլխավորությամբ, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, բոլոր մարզիկներին ու մարզիչներին: Բոլորին ցանկանում եմ ամենայն բարիք», ողջույնի խոսքում նշեց Ռոբերտ Էմմիյանը: Այնուհետեւ հուշանվերներ փոխանակվեցին: Էմմիյանին հուշանվերներ հանձնվեցին Գյումրու քաղաքապետարանի եւ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կողմից:

Առաջինը մրցասպարեզ դուրս եկան կանայք: Այստեղ մրցակցությունը ծավալվեց հյուրերի միջեւ: Ի վերջո 6 փորձերից լավագույն արդյունքը ցույց տվեց ռուսաստանցի Օլգա Կուչերենկոն (6,64 մ): 2-րդ տեղը գրավեց ուկրաինացի Ալեքսանդր Ստադնյուկը (6,50 մ): Երրորդը ռուսաստանցի Ելենա Իվանովան էր (6,36 մ): Մեր մարզուհիների ցուցանիշները բավական ցածր էին: Հայկանուշ Բեկլարյանը 5,39 մ արդյունքով գրավեց վերջինՙ 6-րդ տեղը, իսկ Թամար Բաղդասարյանը նրան գերազանցեց ընդամենը 3 սմ-ով:

Իսկ ահա տղամարդկանց մրցաշարում իրենց գերազանց դրսեւորեց Արսեն Սարգսյանըՙ 7,72 մ արդյունքով կանգնելով պատվո պատվանդանի վերին աստիճանին: 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրին ռուսաստանցիներ Վիտալի Շկուրլատովը (7,49 մ) եւ Ալեքսանդր Յաշինը (7,45 մ): Նրանց պարգեւատրեց Ռոբերտ Էմմիյանըՙ հանձնելով գավաթները: Բացի մրցանակակիրներից, տարբեր հուշանվերներով պարգեւատրվեցին նաեւ մրցումների մյուս բոլոր մասնակիցները: Իսկ մրցումների ավարտից հետո մասնակիցներին Էմմիյանը հրավիրեց խնջույքի: Իրոք որ այդ օրն անմոռանալի հուշ կդառնա Էմմիյանի գավաթի միջազգային մրցաշարի բոլոր մասնակիցների համար:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4