Բուդապեշտի քաղաքային դատարանի որոշմամբ ցմահ բանտարկության դատապարտված Ադրբեջանի զինուժի սպա Ռամիլ Սաֆարովը հետաքննչական մեկուսարանից տեղափոխվել է բանտ: Այդ մասին «Trend News»-ին հայտնել են Հունգարիայում Ադրբեջանի դեսպանությունից: Հիշեցնենք, որ Բուդապեշտ քաղաքի դատարանը 2006 թվականի ապրիլի 13-ի դատավճռով Ռամիլ Սաֆարովին, որը 2004 թվականի փետրվարին կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, դատապարտել էր ցմահ բանտարկության: Հաղորդվում է, որ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում տեղափոխվել է բանտ, որը 500 մետր է հեռու այն հետաքննչական մեկուսարանից, որտեղ նա պահվում էր: Դեսպանության աշխատակիցները Սաֆարովի հետ հանդիպել են բանտում: Ադրբեջանի արդարադատության նախարարությունը դիմել է Հունգարիայի արդարադատության նախարարությանը Սաֆարովին հանձնելու խնդրանքով, որպեսզի նա պատիժը կրի հայրենիքում: