«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2008-09-10 | #165, 2008-09-11 | #166, 2008-09-12


ԱԲԽԱԶԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԴԱՌՆԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՍ

Վրաց ընդդիմությունն ավելի հաճախ է խոսում արտահերթ ընտրությունների մասին

Աբխազիան մտադիր է մտնել ԱՊՀ, նաեւ դիմել Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետություն մուտք գործելու համար: Երեկ Սոչիում հայտարարել է Աբխազիայի ղեկավար Սերգեյ Բաղապշը:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, Բաղապշը հայտարարել է, թե Ռուսաստանի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո Աբխազիան կդիմի Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը միանալու խնդրանքով: «Եթե ԱՊՀ ընդլայնում տեղի ունենա, ապա մենք պատրաստ ենք մասնակցելու ե՛ւ այնտեղ, ե՛ւ ՀԱՊԿ-ում, բայց դա կորոշեն ներկայումս այնտեղ գտնվողները», նշել է Աբխազիայի ղեկավարը:

Հարավային Օսիան, իր հերթին, ի դեմս երկրի առաջնորդ Էդուարդ Կոկոյտիի, որոշ լրատվամիջոցների տեղեկացմամբ, նույն օրը Սոչիում հայտարարել էր, թե եւս մտադիր է մտնել Ռուսաստանի կազմի մեջ: Ավելին, ըստ այդմ, Կոկոյտին հայտարարել էր Հյուսիսային Օսիայի հետ միասնության ցանկալիության մասին, ընդ որում, մանրամասնելով, թե անկախ Հարավային Օսիա ունենալու կարիք չկա:

Ավելի ուշ «Ինտերֆաքս» գործակալությունը հայտարարություն տարածեց, որում Կոկոյտին նշում է ինչ-որ թյուրըմբռնման մասին: Ըստ այդմ, Կոկոյտին ոչ թե խոսել է Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին, այլՙ անկախ մնալու ցանկության: «Մենք չենք պատրաստվում հրաժարվել մեր անկախությունից, որ ձեռք է բերվել հսկայական զոհերի գնով, եւ Հարավային Օսիան չի պատրաստվում մտնել Ռուսաստանի կազմի մեջ», նշել է Կոկոյտին:

Այս տիրույթից դուրս, բայց թեմայի առնչությամբ հակասությունների իրենց բաժինն են ներմուծում Միացյալ Նահանգներ-Ռուսաստան հարաբերությունները: Մասնավորապես, ԱՄՆ-ը բացասաբար է արձագանքել Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ռուսական զինվորականների տեղակայման տեղեկություններին, համարելով, որ այդկերպ Ռուսաստանը չի կատարում Մեդվեդեւ-Սարկոզի համաձայնագիրը զինուժի` մինչեւ օգոստոսի 7-ը տեղակայման վայրեր դուրսբերման մասին:

Վրաստանի արտգործնախարարությունն էլ հայտարարել է, թե ռուսական կողմը շարունակում է խախտել հրադադարի պայմանավորվածությունը: Ըստ վրաց արտաքին գերատեսչության, սեպտեմբերի 10-ին, ժամը 10:15-ի սահմաններում Կարալեթի գյուղի մուտքի մոտ վրացական ոստիկանական պահակակետի վրա ռուսական պահակակետից կրակ են բացել, ընդ որում, ըստ նույն աղբյուրի, վրացական կողմը պատասխան կրակ չի բացել:

Ամեն դեպքում, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սեպտեմբերի 10-ին Գորիի շրջանի ղեկավարության հետ հանդիպմանը, թերեւս միայն իրեն հատուկ քարոզչության տրամաբանությունից ելնելով, հայտարարել է, թե անձամբ իր վրա է վերցնում երկիրը ներկա վիճակին հասցնելու ողջ պատասխանատվությունը:

Ու այս պատասխանատվությանն անմիջապես Սաակաշվիլին հավելել է պատասխանատվությունը Վրաստանում խաղաղության հաստատման ու որոշ շրջաններում վերականգնման իրականացման համար:

Խոսելով Գորի քաղաքից վրաց զինուժի հեռանալու մասին` Սաակաշվիլին պարզաբանել է, թե այդ քայլին է գնացել ավելի մեծ թվով ավերածություններից ու զոհերից խուսափելու համար, գնացել է այդ քայլին գիտակցաբար, բայց «ես չգիտեի, որ ռուսների կողմից այդքան արագ հարձակում կլինի եւ մենք չենք հասցնի կազմակերպված էվակուացնել մարդկանց»:

Եվ մինչ երկրի նախագահը պատասխանատվության այսօրինակ հսկայածավալ բեռ կրելու պատրաստակամություն է հայտնում, վրաց ընդդիմությունը, ի դեմս նորանոր ընդդիմադիր առաջնորդների, բարձրաձայնում է երկրում արտահերթ ընտրությունների անցկացման միջոցով ստեղծված իրավիճակից ելք գտնելու նպատակահարմարության մասին:

Ընդ որում, խոսքը վերաբերում է ինչպես արտահերթ նախագահական, այնպես էլ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, միաժամանակ կարեւորելով, որ այդ ընտրությունների անցկացումը երկրում անկայունության աղբյուր չպետք է դառնա:

Սակայն ներկա դրությամբ վրացական ընդդիմությունը չի պատրաստվում արտահերթ ընտրությունների անցկացման պահանջով հանդես գալ, պատճառաբանելով, որ դեռ այդ առնչությամբ խորհրդակցություններ կլինեն Վրաստանի գործընկեր երկրների կառավարությունների հետ:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ. Փարիզի վերաքննիչ դատարանը մերժել է Վրաստանի խնդրանքըՙ հանձնելու Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլուն, որին վրացական դատարանում մեղադրում են կոռուպցիայի մեջ: Ֆրանսիական դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ Օկրուաշվիլուն տեղահանվածների ու փախստականների ֆրանսիական ծառայությունն արդեն իսկ քաղաքական ապաստան էր տրամադրել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4